Օրերս ավարտվել է Տիկնիկային թատրոնում կայացած էլեկտրոնային կիթառի մրցույթը՝ Synergy Guitar Competition 2021-ը: Այն երկու փուլով է անցկացվել՝ օնլայն եւ կենդանի՝ ժյուրիի առաջ: Օնլայն փուլում մասնակիցները ներկայացրել էին մեկ րոպեն չգերազանցող երկու ձայնագրություն:
Ինչպես Aravot.am-ի տեղեկացրին կազմակերպիչները, առաջին փուլին մասնակցել է 16 հոգի, եզրափակիչ էին անցել 8-ը: Նրանցից 3-ը հաղթող է ճանաչվել: Հատուկ մրցանակ է շնորհվել օնլայն փուլի ընթացքում ամենաշատ դիտումներ ունեցած մասնակցին: Հաղթողներին շնորհվել են «Ակուստիկա» երաժշտական խանութի՝ 30000-500000 դրամարժողությամբ քարտեր:
11 հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին նաեւ Հայկական ռոք ասոցիացիայից Վարդան Գրիգորյանը, երգահան, հեղինակ կատարող Վահան Արծրունին, «Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանը, Արմեն Շահվերդյանը՝ The Beautified Project-ից եւ ուրիշներ: Ամենակրտսեր մասնակիցը եղել է 14 տարեկան, մրցույթը նախատեսված է եղել մինչեւ 25 տարեկան կիթառահարների համար:
Կարդացեք նաև
Հավելենք, որ մրցույթը կազմակերպել էին «InMotion Armenia» հկ-ն, «Ակուստիկա» երաժշտական խանութ-սրահը՝ Հայկական ռոք ասոցիացիայի եւ այլ ընկերությունների ու անհատների աջակցությամբ։
Մրցույթի կազմակերպիչներից Վարսիկ Նիկոյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ