«Ապառաժ». Հոկտեմբերի 28-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ժամանակ միջադեպ է գրանցվել: Նիստի օրակարգի պատգամավորական հայտարարությունների կետում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հայտարարել է, որ խախտվել է հայտարարությունների գրանցման կարգը, որից հետո իշխող խմբակցության պատգամավորները լքել են դահլիճը: Նիստն այդ ժամանակ վարում էր Գագիկ Բաղունցը:
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում ԱԺ նիստի ընդհատումը համարել է իշխանական պատգամավորի քմահաճույք: «Երբ ավարտվել էր հայտարարությունների համար հերթագրումը, ինքը վերջում նոր ձեռք բարձրացրեց գրանցվելու համար: Չգիտես ինչու իրենը ընդունվեց, որովհետև ինքը Արամ Գրիգորյանն էր: Մենք որևէ խնդիր չունենք վերջինը կամ առաջինը խոսելու: Ձեռք բարձրացրինք, որ պահը եղավ, գրանցեց պարոն Բաղունցը, բայց քանի որ պարոն Գալստյանը ստացվեց վերջինը, պարոն Գրիգորյանը դրանից վրդովվեց, ինքը տրամադրվել էր, որ ինքը վերջինը կխոսեր: Սա փոփ աստղերի ելույթ չէ, սա բեմ չէ, որտեղ մենք երգում ենք և վերջին երգիչն ամենապատվավորն է համարվում: Սա ընդամենը պատգամավորական հայտարարություններ են»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:
Նիստի վերսկսումից հետո, երբ նախկին գրանցվածները պիտի ելույթ ունենային, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում պահանջեց: Ընդմիջումից հետո Արամ Գրիգորյանը նիստին չի մասնակցել:
Տվյալ խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանի կարծիքով միջադեպ որպես այդպիսին չի եղել. «Ուղղակի կանոնակարգ-օրենքի ոչ ճիշտ կիրառում էր: Մեր խմբակցության պատգամավորի կողմից պահանջ էր կանոնակարգ-օրենքին համահունչ գործել: Լավ կլիներ, որ այսպիսի իրավիճակներ չլինեին, բայց ամեն անգամ զիջելով ընդդիմությանը, ինձ թվում է, թյուր կարծիք է ձևավորվում հանրության մոտ»:
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ ասել է, որ նիստին այդ պահին ներկա չէր, քանի որ կարևոր զանգի էր պատասխանում: «Քանի որ այդ միջադեպին տեղյակ չէի, չգիտեմ մինչև ընդմիջումն են գրանցվել, թե ընդմիջումից առաջ: Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարներին, տեղակալներին, որ հաջորդ նիստի ժամանակ 10 վայրկյանի ընթացքում գրանցվեն, հետո արդեն ցույց կտա, ով երբ է սեղմել կոճակը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններին, որ իմ հորդորին ընդառաջ են գնացել և հայտարարությունները իրողությանը համահունչ էին»,- նշել է Արթուր Թովմասյանը:
Հավելենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ևս պատրաստվում էր հայտարարությամբ հանդես գալ, բայց կանոնակարգ-օրենքի խախտման պատճառով չի մասնակցել օրակարգի այդ հարցին: