Լրահոս
Օրվա լրահոսը

Էական շեղումներ հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից. ԻՔՄ

Հոկտեմբեր 29,2021 14:20

Հայաստանի կառավարությունը 2019 թվականին հաստատել էր հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարության ու միջոցառումների 2019-2022 թթ․ ծրագիրը:

Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակն է «կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումը, այդ թվում՝ կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության և հանրային ծառայողների անհանդուրժողական վերաբերմունքի սերմանումը և տարածումը, կոռուպցիայի համատարած և շարունակական նվազեցումը»։

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, ապա դրանով նախատեսվում էին նաև մի շարք փոփոխություններ իրավապահ համակարգում, որոնք, սակայն, կամ չեն իրականացվել, կամ էլ նախատեսվածից այլ կերպ են իրականացվել: Մասնավորապես, առկա են որոշակի թերություններ դատախազության հետ կապված և էական շեղումներ ռազմավարությունից՝ որոշ հանցագործությունների քննչական ենթակայության սահմանման հարցերում:

Դատախազություն

Ռազմավարությամբ ու գործողությունների ծրագրով նախատեսված էր ստեղծել դատախազության հակակոռուպցիոն վարչություն, ինչպես նաև ներդնել դատախազների ու դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմ: Ու թեև դա տեխնիկապես իրականացվեց, առկա են որոշակի էական բացեր։

Մասնավորապես՝ թեև օրենքով նախատեսվել է, որ դատախազությունում ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանում, որևէ կերպ չեն նախատեսվել դրա անկախության լրացուցիչ երաշխիքներ։

Այսպիսով, որևէ կերպ նախատեսված չէ, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները չեն կարող ցուցումներ տալ հակակոռուպցիոն այդ ստորաբաժանման դատախազներին, կամ որ այդ ցուցումները տալու լիազորությունը նեղացված կամ սահմանափակված է։ Նման կարգավորումը խիստ անհրաժեշտ է հակակոռուպցիոն գործերի օրինականությունը հսկող դատախազների՝ անկախ և անկաշկանդ գործելու համար։

Ընդ որում, նման կարգավորումը չէր հակասի դատախազության՝ միասնական համակարգ լինելու ու գլխավոր դատախազի կողմից ղեկավարվելու մասին սահմանադրական նորմին, քանի որ այդ նորմը չի ենթադրում, որ դատախազություն ղեկավարելը ներառում է դատախազներին ցուցումներ տալու անսահման լիազորություն։ Հակառակ պարագայում՝ հակասահմանադրական կլիներ քրեադատավարական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը, որով դատախազին իրավունք է վերապահվում որոշակի դեպքերում չկատարելու վերադաս դատախազի ցուցումները։

Ավելին՝ նույնական սահմանադրական կարգավորում կա նաև Ուկրաինայի սահմանադրությունում, որը, սակայն, չի խանգարել այդ երկրի օրենսդրությամբ ամրագրել, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները ընդհանրապես չեն կարող ցուցումներ տալ հակակոռուպցիոն դատախազներին կամ ոլորտը համակարգող տեղակալին։ Ընդ որում, այդ երկրում գլխավոր դատախազը հակակոռուպցիոն դատախազներին նույնիսկ վարչակազմակերպչական բնույթի ցուցումներ կարող է տալ միայն ոլորտը համակարգող տեղակալի համաձայնությամբ, որը նշանակված է հատուկ ընթացակարգով և օժտված է անկախությամբ։

Խնդիր է նաև այն, որ ի տարբերություն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, որոնք նշանակվում են լուրջ մրցույթ անցնելուց հետո, այդ քննիչներին վերահսկող դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանման դատախազները նշանակվելու են առանց մրցույթի՝ գլխավոր դատախազի հայեցողական որոշումներով։

Այնինչ, Հայաստանում արդեն առկա է դատախազությունում հատուկ մրցույթով որոշակի մասնագիտացմամբ դատախազների ու գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի նշանակման փորձ։ Խոսքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ու այդ գծով գլխավոր դատախազի տեղակալի մասին է։

Ու թեև այդ դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալու է բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ, այդ եզրակացությունները տեսնելու է միայն գլխավոր դատախազը։ Այսինքն, այդ ստորաբաժանումում բարեվարք դատախազների նշանակումը միայն մեկ անձի՝ գլխավոր դատախազի կամքից է կախված լինելու։

Այս առումով իր մտահոգություններն է բարձրացրել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD):

Ինչպես նշվեց, դատախազությունում օրենքով ստեղծվելու է հակակոռուպցիոն մասնագիտացված ստորաբաժանում, որի դատախազները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Սակայն օրենքով որևէ կերպ չի սահմանվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի օրինականության հսկողությունը պետք է իրականացնեն հենց այդ ստորաբաժանման դատախազները։

Քրեական դատավարության և դատական օրենսգրքերով սահմանվում է, որ կոռուպցիոն գործերը պետք է քննեն միայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու Հակակոռուպցիոն դատարանի դատավորները, սակայն նույնը, ցավոք, չկա դատախազության մասով։

Այնինչ՝ եթե դատախազությունում ստեղծվում է առավել անկախ ու բարեվարքության ստուգում անցած հակակոռուպցիոն ստորաբաժանում, ապա տրամաբանական է, որ ամրագրվի, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության օրինականության հսկումը կարող են անել միայն այդ ստորաբաժանման դատախազները։

Քննչական ենթակայությունը

Ռազմավարությամբ նաև նախատեսված էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո Հատուկ քննչական ծառայությունը կշարունակի քննել բարձրաստիճան պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ոչ կոռուպցիոն հանցագործությունները, իսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտը կկազմալուծվի, դրա գործառույթներն էլ կբաշխվեն ՔԿ-ի, ՀՔԾ-ի ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև: Սակայն դա ոչ միայն չի արվել, այլ արվել է ճիշտ հակառակը. Լուծարվել է ՀՔԾ-ն, իսկ դրա գործառույթները փոխանցվել են ԱԱԾ-ին, ՔԿ-ին ու Հակակոռուպցիոն կոմիտեին:

Ու թեև ռազմավարությունը պատշաճ քննարկված էր ու դրանով լավ հիմնավորված էր, թե ինչու պետք է լուծարվի ԱԱԾ քննչական դեպարտամենտը, այդ ուղղության փոփոխությունը ոչ միայն չքննարկվեց, այլև արվեց օրենքի փաթեթի՝ 2-րդ ընթերցմամբ ընդունումից 3 օր առաջ: Առ այսօր որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչու կառավարության՝ ամիսներ շարունակ տևած քննարկման արդյունքում ձևավորված մոտեցումն առանց քննարկումների, ՄԻՊ կարծիքի ստացման ու փորձագիտական ուսումնասիրությունների կտրուկ փոխվեց 180 աստիճանով:

Ընդ որում, այդ քայլն արվել է ի հեճուկս այն հանգամանքի, որ ռազմավարությամբ նախատեսված է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է լինի ներառական:

Այդուհանդերձ, նշված փոփոխության արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոռուպցիոն հանցագործությունները, իրավապահների ոչ կոռուպցիոն հանցագործությունները (այդ թվում՝ խոշտանգումները) և որոշ ընտրական հանցագործություններ քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև ընտրական հանցագործությունների քննություն կատարող մարմինը պետք է օժտված լինի թե՜ լրացուցիչ անկախության երաշխիքներով և թե՜ ունենա հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ:

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, հասկանալի պատճառներով, ի տարբերություն ՀՔԾ-ի, չունի գործադիրից անկախության որևէ երաշխիք, պետության ամենացածր թափանցիկությամբ օժտված մարմինն է և, գործնականում, չունի հանրային հաշվետվողականության պարտականություններ: Եվ եթե այս ամենը նորմալ է հետախուզական ու հակահետախուզական գործունեություն ծավալող մարմնի համար, ապա բնավ նորմալ չէ բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոռուպցիոն հանցագործություններ կամ ընտրական հանցագործություններ քննող մարմնի համար:

Եվ այստեղ խնդիրն ունի երկու կոմպոնենտ. նախ՝ դա ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքների կամ ընտրական հանցագործությունների քննության մասով գործադիր իշխանությունից ապօրինի միջամտության ռիսկն է, որը կարող է արտահայտվել թե՜ ուղղակի միջամտությամբ և թե՜ վերադասի կամքին դեմ չգնալով:

Խնդրի երկրորդ կողմը նշված արարքների քննության հանրային ընկալումն է: Թե՜ դատաիրավական համակարգի կայացման և թե՜ ընտրական համակարգի կայացման համար խիստ անհրաժեշտ է, որ հանրությունը վստահի, որ հանրապետությունում չկա անպատժելի մարդ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա) և որ ընտրակեղծիքների դիմողները կանգնելու են դատարանի առաջ, նույնիսկ եթե դա արվել է գործող իշխանության օգտին:

Սակայն եթե բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոռուպցիոն հանցանքները կամ ընտրական հանցագործությունները քննի գործադիրից կախման մեջ գտնվող ու հանրային հաշվետվողականություն չունեցող ԱԱԾ-ն, ապա հանրության մոտ միշտ կասկած կմնա, որ քրեական հետապնդման իրականացումը կամ չիրականացումը պայմանավորված է ենթադրյալ հանցանքը գործած անձանց քաղաքական կողմնորոշմամբ:

Այլ կերպ ասած՝ թե՛ ընտրական հանցագործությունների բնույթը, և թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը քաղաքականացված են, և ուրեմն պետք է քննվեն այնպես, որ գործադիր իշխանությունը չկարողանա ազդել քննության վրա, իսկ հանրությունը վստահ լինի, որ քննությունն անկանխակալ է: ԱԱԾ-ն, օբյեկտիվ պատճառներով, դա չի կարող ապահովել:

Իրավապահների ոչ կոռուպցիոն հանցագործությունների թվին են դասվում խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դեպքերը, որոնք, փոփոխությունների արդյունքում, ևս քննելու է ԱԱԾ-ն:

Նախ՝ հարկ է նկատել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քննվող գործերով առավել գերիշխող հանցագործության տեսակներն են կոռուպցիոն հանցագործությունները, ապօրինի սահմանահատումները, անօրինական միգրացիան, թմրամիջոցների մաքսանենգությունը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է նրան, որ շատ կարևոր է խոշտանգումների քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով։

Իսկ ահա «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը նշել էր, որ անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրություն դարձնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովմանը՝ միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները։

Հավելենք, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ամփոփած չափանիշների համաձայն՝ անհրաժեշտ է, որ բացառվի շահերի բախումը խոշտանգման գործերի քննության ժամանակ, այն է՝ քննություն կատարող անձինք չլինեն այն մարմնից, որի աշխատակիցները ենթադրաբար կատարել են խոշտանգում։ Լավագույն տարբերակն այն է, որ խոշտանգումների քննությամբ զբաղվի որևէ անկախ ծառայություն։ Առաջարկվող մեխանիզմը պետք է լինի անկախ ինստիտուցիոնալ, անձնային և պրակտիկ մակարդակներում, որի մանդատը չի համընկնի դատախազության հետ։ Տվյալ անկախ մարմնի ղեկավարը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և հաշվետու լինի օրենսդիրին։ Այնինչ, Հայաստանում խոշտանգումները քննող՝ օրենսդրական անկախությամբ օժտված մարմինը փոխարինվել է գործադիրին ենթակա մարմնով։

Վաղարշ Աղաբեկյան

Դանիել Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031