«Մի մոռացեք, որ եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում եւ ունեցել միասնական քարտեզներ, որոնց տիրույթում են իրականացվել նաեւ Սովետական միության զինված ուժերին վերաբերող համապատասխան գործընթացները։ Այդ քարտեզներից, բնականաբար, ունի նաեւ ՀՀ-ն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ քարտեզները միայն իրենց գլխավոր շտաբում են պահվում՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Պուտինի նկատառմանը, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ գործընթացը հնարավոր չէ, լրագրողները հարցադրում արեցին՝ ՌԴ-ն փորձում է առանց ԵԱՀԿ ձեւաչափի՞ հարցը լուծել։ Քոչարյանը չհամաձայնեց․ «Այդպես չի կարող լինել։ Մինսկի խումբը կոնկրետ խնդիր ունի, որն առկա է, Մինսկի խումբն էլ գործում է։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի մասնակցությանը մեր անվտանգային խնդիրներին, ապա մի մոռացեք, որ հրադադարի մասին փաստաթուղթը եռակողմ է, դրանում ՌԴ-ն ծանրակշիռ ներկայություն ունի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ