Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառությունից հանել անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին նախագծերը. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը

Հոկտեմբեր 29,2021 13:34

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում e-draft-ում հրապարակվել է ՀՀ ոստիկանության հեղինակած «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ 1) և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ 2) ՀՀ կառավարության որոշումների նախագիծը։

Նշենք, որ Նախագիծ 1-ը վերաբերում է «ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմանը, իսկ Նախագիծ 2-ը` ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին որոշմանը։

Նախագիծ 1-ով նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝
Որոշման հավելվածով հաստատված կարգի 22.2-րդ կետում «10» թիվը փոխարինել «2» թվով:

Նախագծով 2-ով նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։».

2) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի 1-ին պարբերությունը.
3) որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «2» թվով.
3) որոշման և որոշմամբ հաստատված կանոնադրության ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

Նախագիծ 2-ով սահմանված փոփոխության գործող կարգավորումը այսպիսինն է․
Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով նախագիծը և դա հիմնավորումները, գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են և ռիսկային, հակասում են ՀՀ սահմանադրությանը և ՀՀ միջազգային պարտավորություններին, իսկ հիմնավորումները առհասարակ չեն արտացոլում այս փոփոխությունների կատարման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը։

Մասնավորապես, փոփոխությունները փաստացի վտանգի են ենթարկելու ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ մուտք գործելու իրավունքը։ Ընդ որում, ըստ ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի՝ այս իրավունքները կարող են սահմանափակել միայն որոշ բացառությունների դեպքում, դրանք են՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Այս բացառիկ դեպքերից որևէ մեկը առկա չէ այս իրավիճակում, համենայնդեպս նախագծի հիմնավորումները և առաջարկվող փոփոխությունները այդ մասին չեն վկայում։

ՀՀ քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար («ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։

Փաստացի, համադրելով անձնագրի հասկացությունն ու ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, ստացվում է վտանգի տակ է դրվում ՀՀ քաղաքացու ինքնության հաստատման/ճանաչման գործընթացը, հատկապես այն դեպքում, երբ վերջինս գտնվում է օտարերկրյա պետություններում։ Ավելին, սա լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու նաև քաղաքացիների վրա՝ երկու տարին մեկ անգամ անձնագիրը թարմացնելու համար, ինչի հետևանքով էլ ավելի է ծանրաբեռնվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանումները։

Քաղաքացու և միջազգային կազմակերպությունների համար առաջադրվող մեկ այլ բեռ է անձնագրում առկա երկարաժամկետ վիզաների (օրինակ՝ 3 տարի, 10 տարի) փոխադրումը նոր անձնագիր։

Նախագծի բացասական կողմերից է նաև առաջացող ֆինանսական բեռը երկու տարին մեկ անգամ անձնագրի նորացման համար տրվող պետական տուրքերի տեսքով։ Շատ դեպքերում, անձնագրերի ստացումը պետք կլինի կարճ ժամկետներում, ինչի համար քաղաքացին ստիպված վճարում է լրացուցիչ՝ ավելի մեծ գումարներ, և այս նախագծով փաստացի քաղաքացուն ստիպում են այս գործընթացը կատարել երկու տարին մեկ անգամ։

Ոստիկանության կողմից տրված լրացուցիչ պարզաբանումը այն մասին, որ վավերականության ժամկետի կրճատումը վերաբերում է միայն այսպես կոչված «կապույտ անձնագրերին», և ոչ թե՝ կենսաչափականներին, ևս խոսում է այն մասին, որ այս նախագծերով լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվում քաղաքացու վրա, նկատի ունենալով կապույտ և կենսաչափական անձնագրերի ստացման համար պետական տուրքի էական տարբերությունը։

2021 թվականի մարտի ամսին ուժի մեջ մտավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի 15-րդ հոդվածով նախատեսվում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի լիարժեք կատարումը։ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը (վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ է 2014 թվականի հունվարի 1-ին։ Ստացվում է, որ մի կողմից ՀՀ-ը ձեռք է բերում վիզաների դյուրացման պարտավորություն, մյուս կողմից ստեղծում է արհեստական խոչընդոտներ այդ պարտավորության լիարժեք կատարման համար։

Այսպիսով, գտնում ենք, որ նախագծերը խախտում են ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը, իրենից ներկայացնում է անհարկի վարչարարություն և քաղաքացիների համար ավելացնում է լրացուցիչ ֆինանսական բեռ։

Նախագծի վերաբերյալ առկա հանրային մեծ դժգոհության մասին է վկայում նաև e-draft կայքում կողմ և դեմ ձայների քանակը, որոնք սույն հայտարարության պահին ունեն հետևյալ պատկերը․

Նախագիծ 1

Նախագիծ 2

Վերոգրյալի հիման վրա հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել ՀՀ քաղաքացու անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին նախագծերը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031