Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն գտել է լուծումը․ զոհվածների ծնողները, արտախորհրդարանական ուժերը ներկայացուցիչ կունենան քննիչ հանձնաժողովում

Հոկտեմբեր 29,2021 13:12

«Մենք չենք հապաղում։ Սպասում ենք, որպեսզի ընդդիմությունը չմեղադրի, որ շուտ սկսեցինք, որ իրենք չմասնակցեն։ Մենք պատրաստ ենք սկսել։ Մի քիչ էլ կսպասենք, գուցե մեկ շաբաթ, եւ գուցե պարոն Ղազինյանը կողմնորոշվի՝ պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, թե երբ են սկսվելու 2020թ․ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք մեր խոստումը կկատարենք։ Դա անխուսափելիորեն կլինի։ Որեւէ շահարկում հնարավոր չպետք է լինի։ Տիգրան Աբրահամյանն այսօր ասաց, որ այս իշխանության օրոք որեւէ բանի լիարժեք բացահայտում հնարավոր չէ։ Հիասթափեցնեմ պարոն Աբրահամյանին։ Թող կարդա քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, ինչից հետո կդժվարանա նման եզրակացություն անել»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 44-օրյա պատերազմի բոլոր դրվագների բացահայտման գործում ամենաշահագրգիռ կողմն է․ «Անհիմն եմ որակում ընդդիմադիր ուժերի որակումները, թե մեր կողմից ձգձգումներ են լինում»։

ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց, որ առաջինը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ավելի վաղ չէր ստեղծվում, որովհետեւ արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Նոր գումարման ԱԺ-ում ՔՊ-ն ներկայացրել է հանձնաժողովը ստեղծելու հայտը»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությանը, թե պետք է իրավական մեխանիզմ գտնեն՝ հանձնաժողովում արտախորհրդարանական ուժերի ներկայությունը եւս ապահովելու համար, Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց․ «Գտնվել է իրավական այն լուծումը, որն արտախորհրդարանական ուժերին, անհետ կորածների, զոհվածների ծնողներին հնարավորություն կտա ներկայացուցիչ ունենալու՝ որոշակի ձեւաչափի շրջանակում։ Երբ կհայտարարենք քննիչ հանձնաժողովի մեկնարկի մասին, կմանրամասնենք։ Ալեն Սիմոնյանի հայտարարության ժամանակ մենք դեռ չէինք գտել այդ ձեւաչափը։ Հիմա ունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031