«Փաշինյանը խոստովանեց, որ սեպտեմբերի 27-ից առաջ հանրության, փորձագետների, ՊՆ-ի, ԱԱԾ-ի համար տեսանելի գործոններից բացի՝ եղել էր վստահություն առաջացնող ռադիոկլանում։ Այսինքն, ադրբեջանական կողմից կլանվել էր տեղեկատվություն, որը եւս մեկ անգամ հաստատում էր՝ պատերազմ լինելու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ եղել էր պատերազմի մասին հավաստող ռադիոկլանում՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա բնորոշմամբ՝ մի շարք գործոնների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու ռազմական ղեկավարությունը համապատասխան գործողություններ չեն արել, որը հիմք է դրել հայկական կողմի պարտությանը․ «Միջոցառումների այն շարքը, որոնք նախատեսված էին նման իրավիճակի համար, գործի չեն դրվել, ինչի պատճառով պետությունն եւ ԶՈՒ-ն չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը»։
Փաշինյանը նաեւ ասել էր՝ Սանասարը եւ Կովսականը հանձնվել են, որովհետեւ այդպես նախատեսված էր նախորդ իշխանության բանակցածի շրջանակում։ Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ նշեց․ «Սանասարը եւ Կովսականն Ադրբեջանին հանձնելն առնչություն չուներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, որում գրված էր՝ հանձնվում են Քարվաճառի, Աղդամի, Լաչինի շրջանները։ Եթե նա հիմք է ընդունել սովետական շրջանում վարչատարածքային բաժանումը, ապա դրանում կային Կովսականի եւ Սանասարի շրջանները։ Դրանք կամ դրանց այն հատվածները, որոնք նոյեմբերի իննի դրությամբ գտնվել են մեր վերահսկողության ներքո, չեն տեղավորվում նոյեմբերի իննի տրամաբանության մեջ։ Դրանք որեւէ պայմաններում հանձնման ենթակա չեն եղել։ Իսկ հանձնման պարագայում չեն բանակցվել ճանապարհի հետ կապված մանրամասները։ Հաշվի չեն առել, թե այդ շրջանները հանձնելու դեպքում մենք ինչ իրավիճակում ենք հայտնվելու։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ասածին, որ հայկական զորքերը Սանասարից եւ Կովսականից դեպի Սյունիքի սահման են նահանջել այն պատճառով, որ պատերազմ չլինի, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ այդ տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է պահանջել, որ հանձնենք Վարդենիսն ու Կապանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ