Լրահոս
Օրվա լրահոսը

«Տապանաքարի գրությունները վերականգնվել են, սակայն Կոմիտասի առաջին ուսուցչի գերեզմանը պետք է վերցնել պետության հոգածության ներքո»

Հոկտեմբեր 29,2021 13:04

Օշականում գտնվող Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանին տեղադրված տապանաքարի մարմարե միջուկը, որտեղ գրված էր նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը, տասնյակ տարիներ առաջ ջարդվել էր ու չէր վերականգնվել: Անտարբեր վերաբերմունքնի արդյունքում արդեն մոռացության էր մատնվում մեծն Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժ, գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի տեղը:

«Նիդերլանդական օրագիրը» այս հարցի մասին՝ երկու տարի առաջ, ահազանգել էր ամենաառաջին հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Արագածոտնի հոգևոր թեմին, որոնք, որքան էլ տարօրինակ է մինչև այսօր պահպանեցին խորը լռություն: Խնդրին, սակայն անդրադարձան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը, որոնք քայլեր ձեռնարկեցին, բայց հարցը գործնական լուծում չունեցավ:  Ավելի ուշ հարցի մասին տեղյակ էր պահվել սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, նույնիսկ տեղյակ էին պահվել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Արևմտյան Եվրոպայի հոգևոր պատվիրակը, շահագրգիռ այլ կազմակերպություններին:

Ավելի շահագրգիռ ու հետևողական դուրս եկան «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներն ու բարեկամները: Օշականից` Աշոտ Կոշեցյանը մեզ է ուղարկել Սահակ վարդապետ Ամատունու տապանաքարի համապատասխան գրությամբ վերականգնած միջուկի լուսանկարը, որը ամրացվել է տապանաքարին: Նա ևս սպասել է, որ պատկան մարմինները հարցն արագ կլուծեն: Երբ տարիներ են անցել ու տեսել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, խորհրդակցել է Սահակ Ամատունու ազգականների հետ ու համաձայնություն ստանալով պատրաստել է  բազալտե միջուկը` անվան ու տարեթվերի գրություններով, այն ինչ պահանջվում էր անել:

Հարցին գործնական լուծում էր առաջարկել նիդերլանդահայ քանդակագործ Էդուարդ Հարությունյանը (Eduard Broon Arutjnian ) Նա արդեն ընտրել էր միջուկը և պատրաստվում էր փորագրության աշխատանքներին: «Նիդերլանդական օրագրին» իր անհատույց օգնությունն էր առաջարկել իտալացի վարպետ Ջովանի Ֆավորիտոն: Նա առաջարկել էր Էթնայի հրաբխային բնական քարին փորագրել Սահակ Ամատունու տարեթվերը: Մեր երեք մասնակիցներին հավասարապես մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:

Այնուհանդերձ «Նիդերլանդական օրագիրը» հարցն ավարտված չի համարում: Գերեզմանը պետք է վերցնել պետության հոգածության ներքո, տեղադրել ցուցանակ, որտեղ ներկայացվի Սահակ վարդապետ Ամատունու համառոտ կենսագրությունը:

«Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031