Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 28

Հոկտեմբեր 29,2021 14:30

Պատերազմից մեկ տարի է անցել, առանձին հարթակներում որոշ տեղեկություններ են շրջանառվում, եւ տպավորությունն այն է, թե տեղեկատվության պատասխանատուները մոռացել են, թե ինչ է եղել այդ օրը, թե ինչ են ասել իրենք:

Հոկտեմբերի 28-ին  Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցչին հարցրել էին  Կուբաթլիի շրջանում գերեվարվածների մասին: ՊՆ ներկայացուցիչն ասել էր. «Ես ուղղություն չնշեմ, միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերից, բնագծերից: Արդեն ասել եմ, որ հյուսիսային ուղղությամբ որոշակի դիրքային բարելավում  կա, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղիք տար, որովհետեւ պատերազմ է, ընթացքում լինում են նահանջներ եւ առաջխաղացումներ»:

«ՄԵՐԱՆ» ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 28-ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։ Մասնավորապես հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարեւոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց՝ հակառակորդը թողել է մոտ 10 դի։ Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում եւս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։ Նախնական տվյալներով, մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից», ապա ներկայացնելով տեսանյութ՝ գրել էր. «Ահա՝ այդպես թշնամին միշտ փախչելու է Քաշաթաղից»:

Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է. «Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին եւ Ստեփանակերտը, ինչի հետեւանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը,  երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ եւ վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին»: Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 59 նոր անուն:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը եւ բնակելի  թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին: Իսկ Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է. «Ադրբեջանական հրթիռակոծության հետեւանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. «Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»։ Առաջնագծի հոգեւորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստանում։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այդ օրերին նույնպես առաջնագծում էր:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը տարածում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կոչը. «Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ռազմական դրությունից բխող երեք օրինագծեր: «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զեկուցեց, առաջարկներ չեն եղել: Այդ օրինագծով սահմանվում է աշխարհազորի ստեղծումը. այն կազմավորվում է կամավորության սկզբունքով: Իսկ երկրորդ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների» օրինագծով սահմանվում են ռազմական դրության պայմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքն ըստ անհրաժեշտության օգտագործելու առնչությամբ իրավահարաբերությունները, գույքի օգտագործման արդյունքում դրան հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները»:

ՀՀ կառավարությունը օրվա վերջին տեղեկացնում է. «Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից: ՀՀ կառավարություն»:

Տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝  ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին,  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին  հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

ՄԻԵԴ-ում հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն aravot.am-ին տեղեկացնում է, որ նախորդ օրը Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու համար: Դիմումով Ադրբեջանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հայաստանին իր տարածքից, իրենց ձեւակերպմամբ «Ադրբեջանի գրավյալ տարածքների» քրեական ղեկավարությանը, դադարեցնել իր զինված ուժերի ուղարկումը «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», դուրս բերել զորքերն այդ տարածքներից:

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031