«Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների գաղտնիության վերաբերյալ իմ մոտ որեւէ խնդիր չկա։ Ամբողջությամբ տիրապետում եմ՝ առավել եւս, որ ՊՆ-ն ինքն իրեն չի խնայել՝ բացահայտելու իրականությունը։ Ապրիլյան հանձնաժողովի նյութերը գտնվում են ԱԺ-ում, եւ պատգամավորները պետք է գաղտնիության թույլտվություն ունենան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, որ իրեն թույլ չեն տալիս գաղտնիություն պարունակող նյութերին ծանոթանալ՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց․ «Ընդ որում, դա պատգամավորների իրավունքն է՝ ելնելով գործառույթի պարտականություններից։ Առաջինը ես եմ դիմել, որ այդ նյութերի համար ինձ թույլտվություն տան, բայց չեն տվել, մինչդեռ ես այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որոնք պահպանում եմ իմ խղճի շրջանակում։ Կարծում եմ՝ իշխանության մոտեցումը ճիշտ չէ ոչ միայն իմ, այլեւ առհասարակ պատգամավորների հանդեպ։ Բոլոր պատգամավորներին պարտավոր են թույլտվություն տալ ԱԱԾ-ի կողմից, որպեսզի նրանք տիրապետեն իրենց պարտականությունների մեջ մտնող տեղեկություններին»։
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ հարցադրում արեց․ «Ոչ ժողովրդավարական բաստիոն համարվող ժամանակներում քանի՞ պատգամավորի թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի տեղեկություններին։ Ընդդիմադիր որեւէ պատգամավորի հանդեպ նման սահմանափակում չի եղել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ