«Այդ փաստաթուղթը բավականին երկար ժամանակ էր գտնվում ՔՊ խմբակցության մոտ։ Իրենք քննարկել են եւ որոշակի հարցեր են ունեցել։ Անգամ եթե ցանկանային այն ստորագրել եւ ընդունել, կարող էին մեկ օր ավելի խնդրել, ուսումնասիրել, հետո մեր հետ միասին ընդունել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ այս նստաշրջանում ՔՊ-ն չքվեարկեց Արցախի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի օգտին՝ պատճառաբանելով, որ դրանում ներքաղաքական ձեւակերպումներ կան, եւ որ իրենք շատ ժամանակ չեն ունեցել այն ուսումնասիրելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին շեշտեց, որ հենց քաղաքական մեծամասնությունն է հարցը բերել ներքաղաքական տիրույթ․ «Պատահական չէ, որ այս ամենի մասին թշնամական երկրի ԶԼՄ-ները գրեցին ի վնաս մեր բոլորի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ