Լրահոս
Օրվա լրահոսը

«Сам дурак» ոճի ավանդական երկխոսություն

Հոկտեմբեր 29,2021 10:00

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ամեն մի նիստի ընթացքում, նախատեսված է միջոցառում, որը կոչվում է «պատգամավորներ-կառավարություն հարց ու պատասխան»: Իբր պատգամավորները հարց են տալիս, իսկ կառավարության անդամները պատասխանում են: Բայց հարց տալը, ինչպես գրված է ժուռնալիստիկայի ցանկացած դասագրքում, նպատակ ունի ինչ-որ հավելյալ տեղեկություն բացահայտելու, դիմացինի դիրքորոշումը պարզելու: Եթե ես հարցնում եմ՝ «դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք», դա իրականում հարց չէ, դա հարցական նշանով մեղադրանք է, որն ունի միայն մեկ նպատակ՝ հնչեցնել «սրիկա» բառը: Որովհետեւ ենթադրելի է, որ աշխարհում գրեթե չկան մարդիկ եւ բացարձակապես չկան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, որոնք իրենց սրիկա են համարում: Այդպիսով, հարցի պատասխանը նախօրոք հայտնի է:

Եվ ահա, վերջին մի քանի ամիսների «հարցուպատասխաներն» այնքան նման են միմյանց, որ դավադրությունների տեսության կողմնակիցները թերեւս կարող են կասկածել, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ պայմանավորվում են նույն թատրոնը խաղալու: Սխեման մոտավորապես հետեւյալն է. ընդդիմությունն ասում է (ձեւակերպելով դա որպես հարց)՝ «դուք դավաճանել եք, դուք ծախել եք, դուք հանձնել եք», իսկ իշխանությունը հակադարձում է (որպես պատասխան)՝ «այդ դո՛ւք եք ծախել, դավաճանել եւ հանձնել»՝ ղեկավարվելով բանավեճի «сам дурак» պարզունակ տրամաբանությամբ:

Ընդ որում` ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում են իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ա՛յս իշխանության օրոք, ինչպես նաեւ երկրի ներկայիս ողորմելի իրավիճակը: Իսկ իշխանության ճամբարից հնչում են մեղադրանքներ ենթադրյալ հանցագործությունների մասին, որոնք դեռեւս պետք է ապացուցվեն դատարանի կողմից, ինչպես նաեւ ներկայացվում են բանակցային գործընթացի մանրամասներ, որոնց մի մասն ինձ ճշգրիտ չի թվում: Մասնավորապես, ոչ մի բաց փաստաթղթում, որքան ես գիտեմ, գրված չէ, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գային Շուշիից եւ Հադրութից: Եվ, իհարկե, իշխանության գլխավոր փաստարկն է Ռոբերտ Քոչարյանի հարուստ լինելը, եւ դա իսկապես հզոր կռվան է հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից: Արդեն բազմիցս նշվել է, որ Քոչարյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի լիդեր լինելը խոցելի է դարձնում այդ խմբակցության պատգամավորներին:

Այսպիսով, իշխանությունը կոռուպցիայի հարցով ասում է ճշմարտությունը, բայց պարտության միակ կամ անգամ հիմնական պատճառը կոռուպցիան հռչակելու փորձն, իմ կարծիքով, համոզիչ չէ: Գումարած դրան, իշխանությունը, արդարանալու նպատակով, աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը: Ընդդիմությունը, չկարողանալով կամ չցանկանալով խորանալ պարտության իրական պատճառների մեջ, առաջ է բերում «դավաճանելու» եւ «ծախելու» պարզունակ եւ, իմ պատկերացմամբ, սխալ վարկածը: Երկուսն էլ, առավել կամ պակաս հաջող ձեւով, խաղում են մարդկանց զգացմունքների վրա: Երկուսն էլ չեն մոտեցնում մեզ ճշմարտությանը;

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդավարական ընտրությունները վերածվել են մարդկանց ընտրության, որովհետեւ ընտրական համակարգն է այդպիսին: Ժողովրդավարության փոխարեն առաջարկում եմ ազգավարություն: Ո՞րն է ազգավարական ընտրությունը:
    Մեր բոլոր քաղաքական ուժերին հստակ ներկայացնել իրենց ռազմավարական ծրագիրը կետ առ կետ, հետո միասին նստել եւ համաձայնեցնեն ռազմավարական կետերը, որ միակ ռազմավարությունը ընդունվի միաձայն: Այդ միակ ռազմավարությունը դնել հանրաքվեի, եթե ազգը ընդունի այդ ռազմավարությունը, դրանից հետո միայն գնալ մարտավարական կետերի ընտրություններին: Այստեղ գաղտնին ոչ թե ընտրողի ընտրությունը պետք է լինի, այլ կուսակցությունը կամ անհատը կամ հասարակական կազմակերպությունը, որը կներկայացնի միակ ռազմավարությանը հասնելու իր մարտավարության կետերը կամ ճանապարհային քարտեզը՝ հստակ Գանտի դիագրամով, այդ դիագրամն է կամ կետերն են, որ պետք է ընտրվեն ընտրողների կողմից, այլ ոչ թե դրանց ասողները, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ծրագրերում կունենան ընտրողների կողմից ընդունված կետերը, նրանք էլ կդառնան այդ կետերի իրագործողները: Բնական է, նույն ընտրված կետերն ունեցող ուժերի համար այդ կետերը պետք է դառնան ռազմավարական, իսկ նրանք իրար հետ կոլեգաներ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից: Ազգի ընտրությունը, ի տարբերութուն ժողովրդի ընտրության, պետք է լինի բաց: Սա միաժամանակ թույլ կտա բարձրացնել ժողովրդի քաղաքացիական մակարդակը մինչեւ ազգի մակարդակի եւ դրանով ճիշտ եւ կանխատեսելի դարձնել ազգի ճակատագիրը:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “իշխանությունը կոռուպցիայի հարցով ասում է ճշմարտությունը, բայց պարտության միակ կամ անգամ հիմնական պատճառը կոռուպցիան հռչակելու փորձն, իմ կարծիքով, համոզիչ չէ:”

    Ընդհանրապես՝ կոռուպցիան պարտության հետ կարող են կապել միայն կատարյալ ապուշները եւ/կամ լեւոնանիկոլիզմի դուխով կրողները: Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի: Այնպես որ իշխանությունը կոռուպցիայի հարցով էլ է ստում՝ թմբկահարելով նախկինների «սխրանքները» այդ ոլորտում եւ թաքցնելով սեփական՝ ոչ պակաս փառահեղ ու թարմ «նվաճումները»՝ ասֆալտից սկսած, էռատույի հիմնադրամներով, Գյումրու մաքսակետով մինչեւ «ցեմենտի» աննախադեպ ծավալում: Քաղբանտարկյալ Վահագն Վերմիշյանը շատ հետաքրքիր բաներ ունի պատմելու գերագույն գլխավոր կոռուպցիոների ընտանիքի ու մերձավոր շրջապատի կոռուպցիոն ներգրավվածության սխեմաների մասին:

    «Պարո՛ն Վերմիշյան, ինչի՞ց եք ենթադրում, որ ես հողեր եմ հանձնելու»,- ահա այսպես է որկրամոլ հողատուն չեզոքացնում իր պոտենցիալ հակառակորդներին՝ փակելով նրանց շինծու քրեական գործերով…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Ընդդիմությունը, չկարողանալով կամ չցանկանալով խորանալ պարտության իրական պատճառների մեջ, առաջ է բերում «դավաճանելու» եւ «ծախելու» պարզունակ եւ, իմ պատկերացմամբ, սխալ վարկածը:”

    Իսկ իմ կարծիքով՝ այս պատկերացումն է պարզունակ եւ սխալ: Դավաճանելու եւ ծախելու բազմաթիվ ապացուցված դրվագներ կան արդեն, եւ դրանցից մեկի թարմ ապացույցը տվեց հենց ինքը՝ գերագույն գլխավոր հողատուն: Ինքն իր բերնով խոստովանեց, որ հենց ինքն է հրաման տվել մեր զորքերին ետ քաշվել Կովսականում ու Սանասարում իրենց զբաղեցրած դիրքերից: Հրամանը եղել է անօրինական՝ խախտվել են ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներ, խախտվել է անգամ տխրահռչակ եռակողմ հայտարարության 1-ին կետը: «Բանավոր ըմբռնմամբ» կատարվել է պետական դավաճանություն՝ առնվազն այս դրվագի մասով: Ընդդիմությունն արդեն երեք հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ պետական դավաճանության հատկանիշներով, բայց նիկոլական դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն՝ գերագույն գլխավոր դավաճանի անմիջական հրահանգով: Երբ կկայանա այդ դատավարությունը՝ դժվար է ասել, բայց արդեն առկա փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ տեղի է ունեցել ծրագրավորած, միտումնավոր, համակարգված պետական դավաճանություն

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031