Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմությունը փողոցում էլ պարտվեց, այդ պարտությունը կլինի վերջնական

Հոկտեմբեր 29,2021 15:00

Արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի մոտ 3 ամսվա աշխատանքները վկայում են այն մասին, որ ընդդիմության ցանկացած նախաձեռնություն հիմնականում դատապարտված է ձախողման, քանզի «Քաղաքացիական պայմանագիրը» եւ կարողանում է պատնեշել ընդդիմության կողմից բարձրացված բոլոր լուրջ հարցերը, որոնք փաստացի չեն ընդունվում, եւ ընդունում է բոլոր այն որոշումները, որոնք իրեն են ձեռնտու:

Այլ խոսքով, մինչ այժմ ընդդիմությունը միմիայն բարձրացվող եւ քննարկվող հարցերի վերաբերյալ հայտարարությունների, ելույթների եւ հարց ու պատասխանների ձեւով, ժողովրդի համար ընդամենը բարձրաձայնում է դրանք ու ոչինչ ավելին, քանզի որոշումների ընդունման վրա ոչ մի կերպ չի կարողանում ազդել, իսկ իշխող կուսակցության ձայները լիուլի բավարար են իրենց ուզած որոշումները միայնակ կայացնելու համար:

Այսինքն, ընդդիմությունը դեմ է առել պատին եւ ոչ միայն չի կարողանում որոշումներ կայացնել, այլեւ չի կարողանում ազդել նրանց ընդունած որոշումների վրա: Փաստացի, Ազգային ժողովում ընդդիմությունը կարողանում է միմիայն խոսել: Ավելին, անգամ բոլոր հարցերի մասին չէ, որ ընդդիմությունը կարող է բարձրաձայնել, քանզի նա կարող է տվյալ պահին խոսել միմիայն օրակարգին առնչվող հարցերի մասին, իսկ հրատապ կամ իրենց հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ կարող է հարցապնդում կամ հարց ներկայացնել միմիայն կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

Փաստորեն, Ազգային ժողովում ընդդիմությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ բացի հարցեր տալուց եւ պատասխաններ լսելուց, ուրիշ որեւէ այլ բան չի կարողանում իրացնել: Սա մոտավոր հենց այն վիճակն է, երբ ասում են. ընդդիմությունն Ազգային ժողովում եղած, թե չեղած, մի հաշիվ է: Իհարկե, իրավիճակը մի փոքր այլ կլիներ, եթե նրանց միջեւ մի քիչ տանելի գործընկերային հարաբերություններ լինեին: Սակայն, ոչ միայն նրանց միջեւ եղած կամուրջներն են լրիվ այրված, այլեւ նրանց հարաբերությունները լրիվ թշնամական են եւ նրանք լիովին ատում են միմյանց: Մեկի համար սպիտակը՝ մյուսի համար սեւ է եւ հակառակը: Խոստովանենք, որ սա շատ տխուր վիճակ է եւ հույս չկա, որ այն երբեւէ կփոխվի:

Հավանաբար հենց սա է այն հիմնական պատճառը, որն ընդդիմությանը մղում է դուրս գալ նաեւ փողոցային պայքարի: Այլ կերպ ասած, սա ընդդիմության համար պարտադրված քայլ է:

Իհարկե, արտահերթ ընտրություններից ամիսներ առաջ «Հայրենիքի փրկության կոմիտե» ընդդիմադիր դաշինքն ամիսներ շարունակ փորձեց իշխանափոխություն իրականացնել, սակայն այն հաջողություն չգրանցեց եւ իշխանափոխություն չիրականացվեց, չնայած այդ ճանապարհին նրանք որոշակի փոքրիկ հպանցիկ հաջողություններ այնուամենայնիվ գրանցեցին: Բնական է, որ նման արդյունքի պարագայում եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը պետք է խորը վերլուծություններ անեին, թե որոնք էին այն սխալներն ու բացթողումները, որոնք հանգեցրին նման արդյունքի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ որպես ժամանակի ֆակտոր, պայքարի ժամանակը բավականին ճիշտ էր ընտրված, քանի որ պատերազմն իր բոլոր հետեւանքներով դեռ թարմ էր, ընդդիմությունն իր ձեռքին շատ խաղաքարտեր ուներ, որոնք խոսում էին ի վնաս իշխանությունների: Չհաշված մեր մեծաթիվ տարածքների եւ մեծաթիվ զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների կորուստները, միայն նոյեմբերի 9-ի ոչ ձեռնտու համաձայնագիրը հզոր խաղաքարտ էր ընդդիմության ձեռքին ու այն բավական էր, որպեսզի ճիշտ եւ ժամանակին իրականացվեին համապատասխան քայլեր, որից հետո չափազանց դժվար կլիներ պահել իշխանությունը, որը տեղի չունեցավ ժողովրդի մի ստվար մասի՝ ընդդիմությանը չհավատալու ու նրա կողքին չկանգնելու եւ ռազմավարական ու մարտավարական մի շարք այլ սխալների պատճառով: Ունեցանք այն, որ իշխանությունը պարտադրված գնաց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման, որը փաստացի իշխանության հաշվարկների արդյունքում իրենց համար ճիշտ դուրս եկավ, իսկ ընդդիմության հաշվարկները՝ լիովին սխալ եւ այդ հզոր քայլով իշխանությունը եւ հոգեբանական հաղթանակ տարավ, եւ չափազանց մեծ ձայներ ստացավ ու եւս 5 տարով օրինականորեն երկարաձգեց իր իշխանությունը: Փաստացի, ընդդիմությունն այս ընտրությունների արդյունքում բազմակի պարտություն կրեց:

Փորձենք վերլուծել եւ տեսնել, թե ընդդիմությունն այս՝ համարյա նույնատիպ քայլով ի՞նչ կարող է անել եւ ինչի՞ կարող է հասնել: Իհարկե, կարող ենք միանգամից ասել, որ այս երկու հարցերն էլ այս պահին կոնկրետ պատասխան չունեն, քանզի դրանք ոչ միայն հարցեր են, այլ նաեւ գործընթացներ են, որոնց պատասխանները կտրվեն միայն դրանց ավարտից հետո: Տեսնենք, թե ընդդիմության նախորդ պայքարից մինչ այժմ իրավիճակի ինչ փոփոխություն է տեղի ունեցել եւ արդյոք բավարա՞ր է այն իշխանափոխություն իրականացնելու առումով: Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, դա այն է, որ ընդդիմադիր խորհրդարանական երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Լուսավոր Հայաստան»-ն այլեւս խորհրդարանական ուժեր չեն եւ ըստ իրենց բարձրաձայնումների, հավանաբար չեն մասնակցի այդ պայքարին եւ նրանց փոխարեն պայքարի հեգեմոն դերում հանդես կգան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքները, որոնց անդամների մի մասն այսպես, թե այնպես, իհարկե այլ կարգավիճակով մասնակցում էին նաեւ նախորդ շարժման պայքարին:

Մի քանի բառով ներկայացնենք նաեւ, թե այս ժամանակահատվածում իրավիճակային ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Նշեմ երկու շատ կարեւոր իրադարձության մասին, որոնք տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ. 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրի կնքումը եւ նույն թվականի մայիսի 12-ից սկսած, ադրբեջանցիների կողմից Հայաստանի մի շարք տարածքների գրավումը, մինչ այսօր իրենց վերահսկողության տակ պահելը, օր օրի դրանց ավելի ընդլայնումը, եւ այդ տարածքներում բազմապիսի շինությունների՝ ընդհուպ մաքսակետի կառուցումը եւ գործարկումը, որն ինքնին խոսում է Հայաստանի վրա հարձակման եւ որոշակի տարածքների գրավման մասին: Սրանք չափազանց կարեւոր հանգամանքներ են, որոնք առկա էին նաեւ «Հայրենիքի փրկության կոմիտե»-ի պայքարի ժամանակ, որոնց վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ ու բարձրաձայնումներ եղան, որոնք էական արդյունք չտվեցին եւ ընդամենը մնացին ձայն բարբառո հանապատի: Ասեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր սա ընդդիմության ամենաուժեղ խաղաքարտն է, որը ոչ մի կերպ չեն կարողանում ճիշտ խաղարկել: Տարատեսակ վարկածներ են նաեւ շրջանառվում, որ սահմանագծման եւ սահմանազատման ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ իբր գաղտնի բանակցություններ են ընթանում, որոնք հիմնականում հօգուտ Ադրբեջանի են, եւ մենք լավ սպասելիքներ չպետք է ունենանք: Ասվածից բացի, իրավիճակի մեջ արտառոց փոփոխություններ տեղի չեն ունեցել, չհաշված, որ որոշակի խավերի մոտ առաջացել են սոցիալական մի շարք հարցերի հետ կապված դժգոհություններ՝ գների աճ, խաղողի մթերման եւ առօրեական մի շարք այլ հարցերի հետ կապված դժվարություններ, որոնք բացասաբար են անդրադառնում իշխանությունների վարկանիշի վրա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031