Հեղինակավոր La Nazione-ն անդրադարձել է Ֆիլհարմոնիկի ելույթին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եզրափակեց իր աշնանային եվրոպական շրջագայությունը հոկտեմբերի 21-ին՝ մեծ հաջողությամբ հանդես գալով Ֆլորենցիայի հայտնի Teatro Verdi-ում:
Համերգին, որը ղեկավարում էր ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հնչեցին Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, Սիմֆոնիա թիվ 2-ը եւ Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան: Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես եկավ իտալաբնակ, 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը: Ֆիլհարմոնիկի հանդիսատեսը կմտաբերի նրան այս տարվա ամռանը կայացած «Ի նվիրում եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի եւ «Ռավեննա» փառատոնի» խորագրով համերգից, որտեղ դաշնակահարուհին փայլուն կատարեց Բեթհովենի դարձյալ թիվ 3 կոնցերտը: Որպես համերգի ունկնդիր, հանդիսատեսի շարքերում էր ինքը՝ լեգենդար մաեստրո Ռիկարդո Մուտին:
Կարդացեք նաև
Ֆլորենցիայի համերգից հետո հեղինակավոր La Nazione կայքում երաժշտագետ Միկելե Մանձոտտին, բարձր գնահատելով նվագախմբի կատարողական արվեստը, նշում է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, իրենից բարձր երաժշտական արժեք ներկայացնող նվագախումբ է: Երաժշտագետը հավելում է, որ Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան հնչեց ի նվիրում Դանթեի տարվա (այս տարի վերջինիս մահվան հիշատակի 700-ամյա տարելիցը նշվում է ողջ աշխարհում-Ս.Դ.). «Անսահման քնարական եւ հզոր դրամատիզմ պարունակող այս ստեղծագործությունը հաճախ չի հնչում համերգային ծրագրերում:
Թոփչյանն ու նվագախումբը պեղել են ստեղծագործության յուրաքանչյուր շերտը՝ ընդգծելու դժոխքում պատմված այս պատմության զգայականությունն ու ողբերգականությունը: Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիան աչքի ընկավ եռանդուն ընթերցմամբ եւ արագ տեմպերով»:
Անդրադառնալով դաշնակահարուհի Մայա Օհանյանի կատարմանը՝ Մանձոտտին նշում է, որ դաշնակահարուհին ամբողջովին ապավինել է իր փայլուն կատարողական վարպետությանը՝ հանձն առնելով կատարել այնպիսի բարդ ու նշանակալից ստեղծագործություն, ինչպիսին բեթհովենյան կոնցերտն է:
Համերգի ավարտին, Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակից, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի կատարմամբ էլ հնչեց Դվորժակի Ջրահարսի արիան համանուն օպերայից։
Համերգն անցավ Վենետիկում Հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի աջակցությամբ:
Նախօրեին «Առավոտի» հետ զրույցում մաեստրո Թոփչյանն ասաց. «Հրաշալի համերգներ ունեցանք ե՛ւ Բռնոյում, ե՛ւ Ֆլորենցիայում, ոգեւորիչ էր ոչ միայն հանդիսատեսի դրական արձագանքը, այլ նաեւ հեղինակավոր պարբերականներում երաժշտական քննադատների բարձր գնահատականը: Ուրախ եմ, որ Իտալիայում մեր ելույթները շարունակական են լինելու: Հունվարին ամանորյա եւ Սուրբ Ծննդյան համերգներ կունենաք, կլինեն նաեւ բավականին լուրջ ծրագրով ելույթներ Սիենա քաղաքում: Շատ չբացելով փակագծերը՝ այժմ կարող եմ ասել նաեւ, որ ամռանը Սիենայում մեր նվագախումբը ելույթ կունենա աշխարհի ամենամեծ դիրիժորներից մեկի ղեկավարությամբ՝ մասնակցելով չափազանց կարեւոր երեկոյի»:
Հետաքրքրությանը, թե համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում ինչպե՞ս են կարողանում հաղթահարել մեծ կոլեկտիվի շրջագայության դժվարությունները, մաեստրոն պատասխանեց. «Կորոնավիրուսի պատճառով ստեղծված եւ շարունակվող սահմանափակումները գրեթե անհնար են դարձնում մեծ կոլեկտիվներով շրջագայությունները: Այնտեղ երկու օրը մեկ թեստ էինք հանձնում, պատկերացրեք՝ մոտ հարյուր հոգու համար որքան ժամանակ է ծախսվում այդ պրոցեդուրայի եւ թղթաբանության վրա: Խստորեն պահպանում էինք բոլոր հակահամաճարակային կանոնները»:
Ֆիլհարմոնիկի՝ Ֆլորենցիայում տեղի ունեցած համերգը Իտալիայում երկրորդն էր: Առաջինին մենք անդրադարձել ենք («Առավոտ»՝ 21.10.2021): Հիշեցնենք, որ այն կայացել է հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Հանրապետությունում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցելության կապակցությամբ, Հռոմում՝ Իտալիայի նախագահի նստավայր «Palazzo Del Quirinale»-ում։ Իսկ Ֆլորենցիա նվագախումբը ժամանել էր հոկտեմբերի 17-ին՝ Չեխիայի Բռնո քաղաքում կայացած «Մորավյան աշուն» (Moravskֆ podzim) 51-րդ միջազգային փառատոնի մասնակցությունից հետո, որտեղ մեծ հաջողությամբ հանդես էր եկել փառատոնի եզրափակիչ համերգով:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2021