Լրահոս
Օրվա լրահոսը

Գրական-երիտասարդական հավաք Ծաղկաձորում

Հոկտեմբեր 29,2021 12:30

Ծաղկաձորում կայացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կողմից անցկացվող ամենամյա երիտասարդական եռօրյա հավաքը, որին մասնակցում էին ստեղծագործող երիտասարդներ եւ գրական ավագ սերնդի ներկայացուցիչները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով երիտասարդներին, խոսել է գրողի, գրականության մասին, ապա պատվոգրերով եւ գրքերով խրախուսել մի խումբ երիտասարդ ստեղծագործողների, որոնցից շատերն արդեն ունեն հրատարակած գիրք:

«Ձեզ հետ խոսելիս, քննարկելիս որոշակի թրթիռներ, գաղափարներ են ի հայտ գալիս եւ ընդունվում են մարդու կողմից, անկախ իրենից, ենթագիտակցական շերտերում դրանք նստում են եւ շատ կարեւոր են,-ասել է Էդվարդ Միլիտոնյանը՝ ավելացնելով,- իմացեք, որեւէ գրողի, եթե ինքը ծնվել է այդ տաղանդով, ոչ մեկը չի կարող ասել կամ սովորեցնել` ինչպես գրել»։

Անվանի արձակագիր ու դրամատուրգ Գուրգեն Խանջյանը նշում է, որ երիտասարդների գրական գործերի ծանոթացավ, որոնք տարբերվում էին եւ թեմատիկայով, եւ տրամադրությամբ, եւ ոճով: «Պետք է ասեմ, որ իմ սերնդի արձակագիրների թիկունքը գնալով ամրանում է: Այս սերունդն ինձ մեծ հույսեր է տալիս»,-ասել է Գուրգեն Խանջյանը: Երիտասարդներին իր խորհուրդներով դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանն է նեցուկ եղել: «Ներքին ինքնագիտակցումը, որ գրելու եք, թող ձեզ ուղեկցի բոլոր հանգամանքներում: Դա ձեզ շատ կօգնի ամեն ինչում»,-իր խոսքն այսպես է եզրափակել Կարինե Խոդիկյանը:

Գրական-երիտասարդական հավաքին ավագ սերնդի ներկայացուցիչ, պոետ Արտեմ Հարությունյանն իր մտքերով եւ արվեստի հանդեպ յուրօրինակ վերաբերմունքով ոգեւորեց մասնակիցներին: Իսկ Նաթելլա Լալաբեկյանը, որը նույնպես իր ստեղծագործական փորձով կիսվել է մասնակիցների հետ, հազվադեպ է լինում Հայաստանում, եւ շատ է կարեւորում նման հանդիպումները, որոնք ուսուցողական, ճանաչողական բնույթ են կրում: «Ամեն մեկն ունի իր ձայնը, եւ դեռ ստեղծագործողներն իրենց էներգետիկ լիցքի շնորհիվ բարձունքների կհասնեն»,-ասել է Նաթելլա Լալաբեկյանը:

Արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանն իր հետաքրքիր մոտեցումներով զրույցներ ունեցավ երիտասարդ արձակագիրների հետ, քննարկվեցին հայ արձակին բնորոշ մի շարք նրբություններ: «Հավաքվածները բոլորն էլ շատ հետաքրքիր երիտասարդներ էին եւ հասկացա, որ շատ չենք հեռացել իրարից՝ սերունդներով»,-ասել է Ալիս Հովհաննիսյանը:

Գրականագետ Արմեն Ավանեսյանն էլ ասում է, որ երիտասարդների ոգեւորությունը պետք է ուղեկցվի գրագիտությամբ եւ պատրաստակամությամբ, որովհետեւ ի վերջո գրիչ վերցնելը պատասխանատվություն է:

«Ծիծեռնակ» ամսագրի եւ հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանի խոսքով՝ այսօրվա երիտասարդները բավականին տեղեկացված եւ զարգացած են եւ նրանց հետ զրույցներն ուղեկցվում էին ոչ միայն գրողների ու գրականության լայն շրջանակների քննարկմամբ եւ ուսումնասիրմամբ, այլ նաեւ նկարչական աշխարհի ընկալումներով եւ մոտեցումներով: Իսկ արցախցի գրող Սոնա Համբարձումյանը, որը տարիներ շարունակ մասնակցում է ծաղկաձորյան հավաքին, նույնպես կարեւոր է համարում նման հավաքները եւ ասում, որ սա գրական ընտանիքի ամրապնդման, շփման եւ տարակարծության միտում ունի: «Գրական սերնդափոխությունը կա եւ գրականությունը կշարունակվի»,-վստահեցնում է Սոնա Համբարձումյանը:

Գրական-երիտասարդական հավաքի ընթացքում նաեւ կայացավ երիտասարդ ստեղծագործողների գրքերի շնորհանդեսներ, որի կապակցությամբ ՀԳՄ նախագահը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել հեղինակներին:

Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել ինքնաճանաչողությանը` այն համարելով կարեւոր եւ առանցքային երեւույթ։ «Ապրենք, իրար սիրելու պայմանով»,-եզրափակել է Էդվարդ Միլիտոնյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031