Լրահոս
Օրվա լրահոսը

Նենգ խաղ՝ ընդդեմ Հայաստան պետության

Հոկտեմբեր 29,2021 12:00

Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունը սերմանում եւ ամենօրյա ռեժիմով ամրապնդում է Կրեմլը՝ իր իսկ վարած քաղաքականությամբ

Ռուսաստանում ընդդեմ Հայաստանի նսեմացման գիծը քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակներից հարթ անցում է կատարել արդեն Ռուս ուղղափառ եկեղեցի, որի սպասավորներից մեկն, օրինակ, վերջերս հրապարկված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Արցախի փոքր մասը այժմ «ժամանակավոր է գտնվում հայերի վերահսկողության տակ», իսկ մեկ ուրիշն էլ՝ իր հիմնական առաքելությունը, պարզվեց, տեսնում է՝ «Ադրբեջանի տարածքում ալբանական եկեղեցիների հարցով զբաղվելն» ու «դրանց շունչ հաղորդելը»:

Որեւէ կասկած չկա, որ սա ռուսական հստակ գիծ է, որը հմտորեն բոլոր ոլորտներում իր դրսեւորումն է ստանում: Ռուսական քարոզչական գծի իրականացումը արդեն կարեւոր էլ չէ, թե Կրեմլն ինչի արդյունքում է իրագործում: Բոլորի համար «կոմֆորտ զոնա» է ձեւավորվել. ռուս փորձագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ, տելեգրամյան մեկնաբաններ ակնհայտ ադրբեջանանպաստ դիրքորոշմամբ են հանդես գալիս, բնականաբար՝ ֆինանսավորվելով Բաքվից, նրանց հրապարակումները հայտնվում են ռուսական հեղինակավոր պարբերականների էջերում: Ի դեպ, տարիներ առաջ ռուսական մեդիայի մի կարկառուն ներկայացուցիչ փոխանցեց Ալիեւի դժգոհությունը, թե՝ ինչո՞ւ ռուսական հեռուստաալիքներում հայկական ազգանուններով քաղաքական գործիչներ, փորձագետներ, մշակույթի գործիչներ հրավիրվում են, իսկ ադրբեջանցիներ՝ ոչ: Ինչպես երեւում է, վերջին մեկ տարվա ընթացքում Ալիեւի հրահանգը կատարվում է. այդ բացը լրացնում են ռուսական ազգանուններով բազմաթիվ գործիչներ, նույնիսկ՝ Պետդումայի պատգամավորներ:

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի՝ МГИМО-ի, տխրահռչակ շրջանավարտ, Ադրբեջանի գործող նախագահի գովքով զբաղվող ռուսները 44-օրյա պատերազմի օրերից մինչ օրս ռուսական պետական հեռուստաալիքների «աստղերն» են, ու նրանց հնչեցրած մեղադրանքներն, իրականում, ավելի խորքային են: Նրանք Հայաստանի անկախացման, առհասարակ ղարաբաղյան շարժման պատմությունն են համարում հայերի կողմից իրականացրած սխալ հաշվարկ:

Այսինքն, պատմությունը կրկնվում է. Խորհրդային միության փլուզման վերջերին, 90-ականների սկզբներին Երեւանի Օպերայի հրապարակում, կամ Մատենադարանի հարեւանությամբ հավաքված, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար ոտքի ելած հայությանը «Վրեմյա»-ի հաղորդավարները «ծայրահեղականներ» էին անվանում՝ արժանանալով հայ ժողովրդի անեծքին: Մենք պետք է պատրաստ լինենք, որ քիչ անց Ռուսաստանից կրկին լսելու ենք նույն մեղադրանքները, որոնց հիմքում կրկին մեկ ուղերձ է լինելու՝ հաշտվեք Լեռնային Ղարաբաղի կորստի հետ: Սա է Մոսկվայի գիծը, եւ նրանք, ովքեր Հայաստանի ներսում գիտակցելով այս ամենը, տեսնելով Կրեմլի գիծը, համարում են, որ ՌԴ-ի ներկայի իշխանությունների վարած քաղաքականությունը չի կարելի քննադատել, նրանք հաշտվել են Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կորստի հետ, ավելին՝ նրանք ընդդեմ Հայաստանի հանցագործություն են գործում:

Մինչեւ 2018թ. Հայաստանում իրականացված իշխանափոխությունը Ռուսաստանը կարող էր Մոսկվայի համար ընդունելի ՀՀ նախկին առաջնորդներին դրդել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը ու ինքն էլ ճանաչեր: Բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը դա չեն արել, որովհետեւ գիտակցել են, որ չունեն դաշնակիցներ այդ հարցում, ավելին, նրանք շատ լավ գիտեին, որ առաջինը հենց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դա թույլ չի տալու: Թե՛ նախկինում, թե հիմա՛ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մշտապես տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ համանախագահների մակարդակով հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նույնիսկ այդ պայմաններում, սակայն, Ալիեւը տարիներ առաջ դժգոհեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հիմա պատեհ պահ է, որպեսզի հարց բարձրացնենք՝ Ռուսաստանն այդ պահանջողների թվում եղե՞լ է առհասարակ: Իրականում, հենց այս դրվագից է սկսվել՝ ամեն ինչ «ուղղելու» գիծը, եւ արդյունքում ունեցանք ապրիլյան պատերազմ, հետո՝ 44-օրյա պատերազմ:

Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետք է հարց բարձրացնենք, իսկ Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Որքան էլ ցավոտ լինի արձանագրել, մենք դրա պատասխանը չունենք, քանի որ մենք չենք տեսել ՌԴ արտաքին գործերի նախարարի, կամ նրա տեղակալի, կամ՝ մամլո խոսնակի կողմից դիրքորոշում պաշտոնական Երեւանի արձանագրումը պաշտպանելիս, երբ ասվում է, որ Հայաստանը «միջանցքային տրամաբանությամբ» բանակցություններ չի վարել ու չի վարելու:

Ինչպե՞ս ստացվեց, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Պուտինը հանկարծ խոսեց նոր հակամարտության մասին ու դրանում Ռուսաստանի դերի մասին: Անցյալ շաբաթ ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. «Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերեւս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջեւ խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել… երկու կողմերից… Կան բաներ, որոնք պահանջում են նաեւ փոխզիջումներ… ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն եւ հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաեւ բազմակողմ ձեւաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը եւ հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջեւ նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ Պետք է նաեւ ապագային նայենք: Բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածը նախատեսում էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավոր երկարաձգում… Մի՞թե հարցը դրանում է։ Հարցը երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումն է. սա է ամենակարեւորը»:

«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում», իսկ ԼՂ-ի ինքնորոշման իրավո՞ւնքը, իսկ ինքնիշխան Հայաստանի տարա՞ծքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությո՞ւնը, որի նկատմամբ մայիսի 12-ից ոտնձգություններ են իրականացրել ադրբեջանական ստորաբաժանումները… Դրանց մասին տեղեկություններ ՌԴ գլխավոր շտաբում չկա՞ն:

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար երախտագիտության պարտադրանքով՝ մենք հայտնվել ենք նոր հակամարտության մեջ, արդեն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրներով, որոնց հիմքում Պուտինի բերանով ի լուր աշխարհի արձանագրվեց, որ վերջին խոսք ասողն ու հարց լուծողը՝ Մոսկվան է, հետեւաբար՝ բոլորը պետք է բանակցեն Պուտինի հետ:

Ուշագրավ է, որ նույն ելույթում Պուտինը Փաշինյանին ու Ալիեւին իմաստուն համարեց (բնական է, իր հովանու ներքո փաստաթուղթ ստորագրածները եւ ապագայում ստորագրողները չեն կարող իմաստուն չլինել), բայց տարօրինակն այն է, որ ռուսաստանցի պալատական փորձագետները, մեկնաբանները Հայաստանը ստորացնում են, պատերազմի պարտության մեջ մեղադրում են Հայաստանին, ՀՀ իշխանությանն ու ՀՀ հասարակությանն ու Փաշինյանին, միայն թե Ռուսաստանի մեղքը, որպես ՀՀ ռազմավարական դաշնակցի, ոչ ոք մատնացույց չանի:

Ի դեպ, 1990-ականներին, երբ հայկական կողմն էր Ադրբեջանին խաղաղություն պարտադրել՝ զինադադար կնքելով, իսկ հայր եւ որդի Ալիեւները երկու տասնամյակ «լաց էին լինում» աշխարհի տարբեր կազմակերպությունների ամբիոններից, որ Հայաստանը՝ «գրավել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները», ու «ադրբեջանցի 1 միլիոն փախստական քշվել են տներից», ռուսական նույն կոնտինգենտը ալիեւներին ինչո՞ւ չէր մեղադրում, որ Ադրբեջանի իշխանությունն է մեղավոր, որ պարտվել է հայերին: Հարցը հռետորական է, պարզ է ինչու. Հայաստանի իշխանությունները չէին ֆինանսավորում ռուսական այսօրվա նույն շրջանակներին՝ ճշմարտությունները տեսնելու, արձանագրելու համար, բայց այսօր ադրբեջանական նավթալոլիկա-դոլարային ֆինանսավորմամբ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներին նսեմացնելու համար կեղծիքներ տարածելը լիովին տեղավորվում է ռուսական գծի մեջ:

Ու այս համատեքստում միայն մեկ հարց է ծագում՝ Ռուսաստանում դեռ կարո՞ղ են գտնվել մարդիկ, որոնք կդժգոհեն, թե Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ քննադատությունը դրսի՞ց է ուղղորդվում, «հայ-ռուսական բարեկամության, եղբայրության» մեջ արտաքին ուժե՞րն են «սեպ խրում»… Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունը սերմանում ու ամենօրյա ռեժիմով ամրապնդում է Կրեմլը՝ իր իսկ վարած քաղաքականությամբ, որի հիմքում ո՛չ հայ-ռուսական բարեկամություն է մնացել, ո՛չ եղբայրություն, ո՛չ էլ առավելեւս՝ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հոդվածը նման է ծնողի բողոքի, ով իր երեսառած, սադրիչ լակոտին քոթակելու, նրա ունեցած-չունեցածը ձեռքից առնելու մեղքը միակողմանիորեն բարդում է նախկին «հովանավորի» վրա, առանց դույզն իսկ անդրադարձ անելու լակոտի մեղքերին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031