ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, զինվորական բժիշկ, վիրաբույժ Տարոն Տոնոյանը այսօր խոսել է 44-օրյա պատերազմում պարտության, այսօր առկա վտանգների եւ վաղվա օրվա մասին:
«Երեկ ինչ հայտարարվեց ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, չզարմանաք երբեք, եթե այսօր կամ վաղը հայտարարի, թե ինքը այդ իմաստով չի ասել: Դա բազմաթիվ անգամ տեսել ենք: Ես հիմա Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում տեսնում եմ ծանր հուսալքություն, Արցախում ապրողների մեջ՝ խիստ անորոշություն, մեր ամբողջ ազգի տրամադրությունների կատարյալ անկում: Բայց ուզում եմ անդրադառնանք մեր վաղվան: Ես ավելի ծանր վիճակների ականատեսն եմ եղել, եւ մենք այդ վիճակները հաղթահարել ենք: 1991 թվականին, երբ 366-րդ գունդը դուրս եկավ Ղարաբաղից, Ղարաբաղն առանց սահմանի, առանց պատրաստ լինելու, անկլավի տարբերակով մեն-մենակ մնաց յոթ միլիոնանոց Ադրբեջանի դեմ: Բայց ժողովուրդը կազմակերպվեց, ձեւավորվեց մտավորական տղերքի էլիտան, հրամանատարական կազմը: Ու մենք կարողացանք պատերազմը հաղթել, որովհետեւ ունեինք այդ կամքը, ունեինք կազմակերպիչների այն խումբը, որը հույս, հավատ ներշնչեց, եւ ժողովուրդը պատրաստ էր գնալ դրան: Մենք նույն ժողովուրդն ենք, բայց հրամանատարությունն է տարբեր: Մենք հրամանատարի խնդիր ունենք: Չեմ ուզում ցիտել հանրաճանաչ թեզը, թե ինչպես ոչխարների բանակը հաղթեց առյուծների բանակին, որովհետեւ ոչխարների հրամանատարը առյուծ էր, իսկ առյուծներինը՝ ոչխար:
Հասարակությունն էլ օրգանիզմ է, որը կարող է հիվանդանալ եւ առողջանալ: Հիմա խնդիրը հետեւյալն է. արդյո՞ք այսօրվա կառավարությունը մեր հասարակությանը առողջացման ճիշտ ճանապարհով է տանում: Ես վստահ եմ, որ՝ ոչ: Հիվանդությունը գնալով խորացնում են մեր մեջ: Հարատեւ խաղաղության գաղափար բերելը խաբկանք է ժողովրդի համար եւ ժողովրդի մեծ մասը հավատում է դրան: Բայց մի շերտ պետք է լինի, որ բացատրի, հասկացնի մեր ժողովրդին, որ այսօրվա խաղաղությունը դանդաղ մահ է, դանդաղ սպանություն է անդամահատումներով, ինչպես մեր երկիրն են անդամահատում: Մենք արթուն հետեւում ենք, թե ինչպես են մեզ անդամահատում, մենք նման ենք էֆթանազիայի մեջ գտնվող մի օրգանիզմի:
Բայց մենք անհամեմատ վատ իրավիճակներում էլ ենք եղել: 1918 թվական՝ սով, համաճարակ, գաղթականների հսկայական բանակ, չորս կողմից մահ, ավեր; Ոչինչ չկար: Սակայն կարողացանք պետություն հիմնել, անկախություն հիմնել Սարդարապատի ճակատամարտ կազմակերպել: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս ժամանակավոր խաղաղությունը, որ մեզ ասվում է, վաղվա մեր մահն է: Դանդաղ մահ է լինելու, եւ մենք իրավունք չունենք այս բեռը թողնել մեր զավակների վրա»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ