Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դռնբաց նիստ:
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել ու նշել. «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»:
ԲԴԽ-ում անցկացվող դատական նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը հայտարարեց՝ Զարուհի Նախշքարյանի կողմից՝ քաղաքացիական գործով 2020-ի մայիսի 21-ի որոշմամբ թույլ են տրվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների պահանջների խախտումներ, դատավորի վարքագծային խախտումներ: Մասնավորապես, դատավորը վերադարձրել է սույն գործով հայցադիմումը: Այս առիթով Դավիթ Գասպարյանը հայտարարեց. «Դատավորի դրսևորած վարքագծի պատճառով խոչընդոտվել է հայցվորի՝ հայցվորության իրավունքի իրականացումը, սահմանափակվել է հայցվորի համար դատարանի մատչելիությունը: Դատավորը, նման վարքագիծ դրսևորելով, դատարանի անաչառության նկատմամբ ևս կասկածներ է առաջացրել: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարությունը որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ներկայացնել ԲԴԽ քննարկմանը»:
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հարցրեց՝ եթե հայցվորը պարտավորագիր է ներկայացնում, և դատավորի ձեռքում հայտնվում է հայցվորի՝ բնակության նշված հասցեն հերքող ապացույց, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պիտի անի դատարանը: Ի պատասխան Դավիթ Գասպարյանն ասաց՝ պետք է հասկանալ՝ այդ ապացույցը դատավարական ո՞ր լիազորությունների շրջանակներում է ձեռք բերվել: Սիրանույշ Սահակյանը նաև հետաքրքրվեց՝ քանի որ հայցադիմումում օգտագործվում է դատավորը զերծ չի մնացել խտրականություն դրսևորումից արտահայտությունը, հետևաբար՝ ո՞ւմ նկատմամբ խտրականություն նկատի ունեն, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Իր գործողություններով դատավորն անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծել է աչառու լինելու տպավորություն»:
Կարդացեք նաև
Սիրանույշ Սահակյանը խնդրեց Զարուհի Նախշքարյանի արարքը բացատրել, որի համար կարգապահական վարույթ են հարուցել, սակայն այդպես էլ իր հարցի պատասխանը չստացավ:
Դատավոր Զարուհի Նախշքարյանը, դիմելով Դավիթ Գասպարյանին ասաց. «Կասկածի տակ չդնելով Ձեր՝ փաստաբանի որակները, վստահ լինելով, որ ծանոթ եք Եվրոպական դատարանի որոշումներին և դիրքորոշումների կապված օրինական ակնկալիքի և դատարանի մատչելիության հետ, նշեց, որ հայցն, ըստ էության, հարուցվել է 2020-ի մայիսի 7-ին, և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այդ բոլոր դատավարական գործողությունների արդյունքում վարույթ է ընդունել սույն գործը 16.07 2021-ին: Այդ մեկ տարի երկու ամիս հիշյալ դատավարական տաբեր գործողությունների արդյունքում հայցվորի հայցը քննության առակա չի դարձել: Չե՞ք համարում արդյոք, որ դատարանի կողմից հայցվորի հայցը վերադարձնելը ուղղված էր հենց հայցվորի՝ արդար դատաքննության իրավունքի մատչելիությանը և իր իրավունքին՝ գործի քննության ողջամիտ ժամկետի իրավունքին»:
Դավիթ Գասպարյանն այս առիթով ասաց. «Իմ գնահատականը համապատասխանում է միջնորդության բերված գնահատականին: Այն է, որ օրենքի պահանջներով ներկայացված հայցադիմումը ենթակա է վարույթի ընդունման: Այս հարցի ենթատեքստը ենթադրություն է պարունակում: Իսկ ի՞նչ կլիներ, եթե, իսկ միգուցե վերաքննիչ բողոք ներկայացնելու փուլը չունենայինք: Պատահական չէ, որ հիշատակում եմ՝ ԲԴԽ-ն առնվազն մեկ գործով քննել է մի իրավիճակ, որ կողմն այստեղից այնտեղ է գնացել, ինչպես այս պարագայում»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ