Այսօր թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում պաշտոնապես հանձնեցին Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ միավորներ հավաքած 5 քաղաքական ուժերի ավագանու նորընտիր անդամների մանդատները՝ հրապարակելով նրանց անվանական ցանկը։
Նորընտիր անդամները, որոնք թվով 33-ն են, բնականաբար չէին մասնակցում իրադարձությանը, մանդատները վերցրեցին քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները, որոնք և կբաժանեն դրանք։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հերթով ընթերցեց ավագանու կազմը համալրած բոլոր անդամների անուն-ազգանունները, շնորհավորեց, մանդատները հանձնելիս էլ առաջարկեց․ «Վերցրեք, կբաժանեք, կարող է խնջույք էլ անեք»։
Նա նաև նշեց, որ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, որի ժամանակ էլ ավագանու անդամները կընտրեն քաղաքապետ։
Տիգրան Ղազարյանը նաև նշեց, որ ինքը կմասնակցի ավագանու անդրանիկ նիստին։
Aravot.am-ը «Բալասանյան դաշինք»-ի լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանին հարցրեց՝ ունե՞ն արդեն որոշում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու։
Մենք նաև նշեցինք՝ Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ «Բալասանյան դաշինք»-ը կհամագործակցի կամ կոալիցիա կկազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսպիսով` իշխող ուժին տրամադրելով փոխքաղաքապետերից մեկի պաշտոնը և մի քանի բաժնի պետերի պաշտոններ։
Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ փոխքաղաքապետ կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ ՔՊ-ի ավագանու կազմի 3-րդ համարը՝ Արթուր Պապիկյանը։
Նշենք, որ այս պաշտոնին, ըստ տարածված լուրերի, հավակնում են նաև ՔՊ-ի ավագանու կազմի 1-ին և 2-րդ համարները՝ Արման Բաղդասարյանը՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի համակարգող Աստղիկ Բեյբությանը։
Աստղիկ Բեյբությանի նշանակման հարցում, ըստ շրջանառվող լուրերի, շահագրգիռ է Շիրակի բժիշկ մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Այդուհանդերձ, մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փոխքաղաքապետ կնշանակվի Արթուր Պապիկյանը, գործող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ևս կմնա իր պաշտոնում։
ՔՊ-ն, ըստ էության, համակերպվել է Գյումրիում իր կրած պարտության հետ․ ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկ է հայտնել՝ այսպիսով` քաղաքապետի պաշտոնը զիջելով «Բալասանյան դաշինք»-ի առաջին համարին՝ 40-ամյա Վարդգես Սամսոնյանին։
«Բալասանյան դաշինք»-ի լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանն ասաց, որ ՔՊ-ի հետ համագործակցության կամ կոալիցիա կազմելու մասին դեռ պայմանավորվածություն չկա, սակայն այսօրվանից կսկսվեն բանակցությունները։
«Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք կայացրած, երևի վաղվա մեջ հստակ կունենանք։ Ներթիմային քննարկումներն ավարտել ենք, այսօրվանից սկսում ենք մյուս ուժերի հետ բանակցությունները, որոշում կայացնելուց հետո մամուլի հաղորդագրություն կտարածենք», -ասաց Արման Շաբոյանը։
Վերջինս նաև հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածուն միանշանակ «Բալասանյան դաշինքից» է՝ Վարդգես Սամսոնյանն է։
Մեր դիտարկմանը, թե փաստորեն Գյումրիում իշխանափոխություն չի կատարվո՞ւմ, Արման Շաբոյանը ժպտալով պատասխանեց․ «Սերնդափոխություն է կատարվում»։
67-ամյա Սամվել Բալասանյանը հրաժարվել էր երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ այսպիսով ճանապարհ բացելով երիտասարդների համար։
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացավ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11 մանդատ, «Զարթոնք»-ը՝ 4 մանդատ, երկուական մանդատներ էլ ՀՀԿ-նն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Թե ովքեր համալրեցին Գյումրու նորընտիր ավագանու կազմում, ի՞նչ մասնագիտություն ու համբավ ունեն քաղաքում, այս թեմային կանդրադառնաք ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ