Ամերիկյան ձեռնարկչատիրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը ծավալուն հոդված է հրապարկել հեղինակավոր The National Interest պարբերականում՝ վերլուծելով, թե արևմտյան աշխարհն ինչ հետևանքների առջև կարող է կանգնել, եթե շարունակեն անտեսել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից այդ երկրում ստեղծված իրողությունները: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Իլհամ Ալիևը, որն Ադրբեջանի նախագահ է մոտ տասնութ տարի, նստած է միրաժի ամենագագաթին: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հարուստ է. շքեղ խանութները՝ Bulgari-ն, Christian Dior-ը, Gucci-ն և Trussardi-ն, ձգվում են Նեֆթչիլեր պողոտայով Պրիմորսկի այգու միջով դեպի Բաքվի ծովածոց: Իսկ վերևում շքեղ հյուրանոցներն են, ինչպիսիք են Four Seasons-ը, Marriott Absheron-ը և Hilton Baku-ն: Ավտոմեքենաների դիլերները ցուցադրում են վերջին Rolls Royce-երը, Lamborghini-ները և Ferrari-ները: Ադրբեջանը թերևս միակ երկիրն է, որտեղ ներկայացվում է նման դեմոնստրատիվ ցուցադրություն: Իհարկե, այդպիսի բան Պարսից ծոցի էմիրություններն էլ են անում, բայց Ադրբեջանի հարուստների և աղքատների միջև ծայրահեղությունն առավել մեծ է, և դա կարող է պնդել ցանկացած մեկը, որը Բաքվում է եղել ոչ պաշտոնական այցով և տեսել է մայրաքաղաքից դուրս գտնվող ցեխաշեն տներն ու տնակային ավանները: Մինչ Ալիևների ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի հետ առնչվողները կարող են իրենց թույլ տալ Բաքվում շքեղություններ, քաղաքի բնակիչների մեծ մասը, այդ թվում՝ կրթված և պրոֆեսիոնալ խավը, հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Բավական է միայն մայրաքաղաքից մեկ-երկու ժամ հեռու գնալ, և իրավիճակն էլ ավելի վատ է։
Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում է. Transparency International-ը Ադրբեջանը դասում է Ռուսաստանի, Մալիի և Մալավիի հետ նույն շարքում: Համեմատության համար, հարևան Հայաստանը վարկանիշային աղյուսակում գտնվում է Հունաստանի և Սլովակիայի կողքին, իսկ Վրաստանն էլ ավելի լավ ցուցանիշ ունի: Պանդորայի փաստաթղթերի վերջին բացահայտումը ցույց տվեց, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամները գնել կամ վաճառել են տասնյակ միլիոնավոր դոլարների շքեղ անշարժ գույք:
Քաղաքական առումով Ադրբեջանը շարունակում է մնալ ավտորիտար բռնապետություն։ Ըստ Freedom House-ի գնահատականի՝ Ալիևի բռնապետության տակ ապրող ադրբեջանցիներն ավելի քիչ ազատություն ունեն, քան Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի տիրապետության տակ գտնվող պաղեստինցիները, և հութիների բռնաճնշումների տակ գտնվողները Եմենում: Ադրբեջանցիներն ավելի քիչ քաղաքացիական ազատություններ են վայելում, քան չինացիները նախագահ Սի Ցզինպինի ռեպրեսիվ կառավարման ներքո:
Կարդացեք նաև
Ինչու է Արևմուտքն աչք փակում Ադրբեջանի իրողության վրա
Արևմտյան երկրներն անտեսել են Ալիևի կոռուպցիան և բռնաճնշումները մի շարք պատճառներով. Միացյալ Թագավորությունը պաշտպանում է Ադրբեջանին միջազգային ֆորումներում, քանի որ British Petroleum-ը շահեր ունի երկրի էներգետիկ շուկայում: Թեև Չինաստանի առևտուրն Ադրբեջանի հետ պատմականորեն շատ ավելի փոքր է Մեծ Բրիտանիայի հետ համեմատությամբ, Պեկինի հավակնություններն Ադրբեջանում արագորեն աճում են, ինչը ճակատագրի հեգնանքով Չինաստանին և Միացյալ Թագավորությանը դաշնակիցներ է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ստիպում առաջարկել կույր աջակցություն Ադրբեջանին, այն դեպքում, երբ ՄԱԿ-ը քննարկում է Հարավային Կովկասին վերաբերող հարցեր:
Մյուս կողմից, Իսրայելը, երկարամյա կապեր ունի Ադրբեջանի հետ, որոնք ամրապնդվել են զենքի և էներգետիկայի առևտրով: Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ադրբեջանը պատերազմի ընթացքը շրջելու համար իսրայելական անօդաչու թռչող սարքեր օգտագործեց ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական թիրախների դեմ՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական ուժերը հետ մղեցին ադրբեջանական սկզբնական ներխուժումը:
Ավանդաբար, և՛ Իսրայելը, և՛ նաև Միացյալ Նահանգները արժևորում են Ադրբեջանը իր ռազմավարական դիրքի և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լրտեսության համար իր տարածքը տրամադրելու պատրաստակամության, եթե ոչ Իրանի դեմ լիարժեք գործողություններ թույլ տալու համար: Թեև հիմնականում շիայական Ադրբեջանը ժամանակին փորձում էր իրեն հեռու պահել իր հարավում աստվածապետական Իրանից, վերջին տարիներին Ալիևը հենվում էր Ադրբեջանի անցյալի հեղինակության վրա և ամրապնդում կապերը Իրանի (և Ռուսաստանի) հետ, չնայած Թեհրանի հետ վերջին տարաձայնություններին:
Ադրբեջանի հեղինակությունը որպես կրոնական հանդուրժող և աշխարհիկ երկիր, նույնպես կողմնակիցներ է գրավում Արևմուտքում: Իհարկե, Ադրբեջանն այս առումով արժանի է գովասանքի, թեև առասպելը չի համապատասխանում իրականությանը։ Մինչ Ադրբեջանն, ընդհանուր առմամբ պաշտպանել է իր հրեական համայնքը, Ալիևի կառավարությունը երկար ժամանակ թիրախավորել է Ադրբեջանի քրիստոնյաներին՝ որոշ դեպքերում ջնջելով դարավոր մշակութային արժեքները, ինչպիսին է Ջուղայի գերեզմանոցը, որը ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար ոչնչացրել են: Վերջին շրջանում էլ Ալիևի համագործակցությունը և հանդուրժողականությունը սիրիական ջիհադիստ վարձկանների նկատմամբ, որոնց նա օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր պայքարում, հարցեր են առաջացնում նրա հայացքների վերաբերյալ: Մի շարք առումներով Ալիևը, ըստ երևույթին, հետևում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինակին. շեղել Արևմուտքի ուշադրությունը աշխարհիկ անցյալի մասին փառավոր երգերով, մյուս կողմից հանդարտորեն գործակցելով (եթե ոչ խրախուսելով) կրոնական ծայրահեղականների հետ: Երբ երկրները որդեգրեցին նման մարտավարություն, արդյունքը դարձավ հակահարված, որը վնասեց կրոնական փոքրամասնությունների դիրքերին: Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքականության ստորադասումը Էրդողանին, նույնիսկ թույլ տալով թուրք դիվանագետներին վետո դնել ադրբեջանական գործողությունների վրա, պետք է որ հարցեր առաջացնի Բաքվի հանդուրժողականության և Իսրայելի և ԱՄՆ-ի՝ մոտ ապագայում ադրբեջանական տարածքը այլ ռազմավարական հետապնդումների համար լծակ օգտագործելու ունակության վերաբերյալ:
Ադրբեջանի իրականությունն անտեսելու ռազմավարական պատճառներից բացի՝ կա նաև խավիարային դիվանագիտության և ոսկե պարաշյուտների իրողությունը։ Ադրբեջանը լավ է վճարում. ռեժիմը շռայլորեն ծախսում է նվերների, շքեղ հյուրանոցային համարների և ընթրիքների վրա և մուտքի թույլտվություն է տալիս նրանց, ովքեր թութակի պես կրկնում են պաշտոնական դիրքորոշումները, և որ ավելի կարևոր է, հրաժարվում են ուսումնասիրել կամ քննարկել հակափաստարկները: Իսրայելի որոշ պաշտոնյաներ բացահայտ խոսում են այն մասին, թե ինչպես հույս ունեն թոշակի անցնելուց հետո մտնել ադրբեջանական բիզնեսի ասպարեզ: Ամերիկացի նախկին պաշտոնյաները գուցե ավելի զուսպ են իրենց խոսքում, բայց նրանց գործողությունները էապես չեն տարբերվում:
Ալիևի կողմնորոշումը պետք է հարցեր առաջացնի ցանկացած ազնիվ վերլուծաբանի համար, բայց Ադրբեջանին ավելի շուտ ռազմավարական խոչընդոտ է դարձնում այն, որ նա գնալով ավելի շատ, չի ցանկանում մնալ Ադրբեջանի սահմաններում։ Այս խնդիրը դուրս է գալիս Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճերից, և վերածվում է բուն Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջների, որոնք վերջին տասնամյակում Ադրբեջանի բռնապետն ավելի ու ավելի է բարձրաձայնում:
Օրինակ՝ 2012թ. նոյեմբերի 20-ին Ալիևն ասել է. «Հայաստանը որպես երկիր արժեք չունի։ Դա իրականում գաղութ է, դրսից ղեկավարվող ֆորպոստ, հնագույն ադրբեջանական հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք»։ Հաջորդ տարի Ալիևը ելույթ ունեցավ, որում խոստացավ ոչ միայն վերագրավել Լեռնային Ղարաբաղը, այլև ողջ Հայաստանը։ «Ադրբեջանցիներն ապագայում ապրելու են իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի և Զանգեզուրի շրջանները»,- ասել է նա։ Այս թեմային Ալիևը վերադարձել է նաև 2014թ. հունվարի 22-ին՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Գյանջա կատարած այցի ժամանակ, երբ նա Հայաստանը նկարագրեց որպես «պատմական ադրբեջանական հողեր», որոնք իր հայրենակիցներն ի վերջո կվերադարձնեն: Մինչ Մինսկի խմբի դիվանագետներն առաջ էին քաշում «հող խաղաղության և անվտանգության դիմաց» բանաձևը, Ալիևը ադրբեջանցիներին խոստանում էր, որ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից հայերի հեռանալը կլինի միայն վերջնական լուծման առաջին փուլը:
Հաջորդ տարի Նովրուզի տոնակատարությունների ժամանակ Ալիևը հերթական անգամ անդրադարձավ այդ թեմային: «Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակում,- ասաց նա, ապա ավելացրեց.- դրանից հետո մենք կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գեյչա, Զանգեզուր»:
Թեև իրար հաջորդող մի քանի պետքարտուղարներ Ալիևի խոսքերն իր դեմ էին օգտագործում, երբ նա խոստանում էր դիվանագիտական ճանապարհով լուծել իր վեճերը, Ալիևը չէր փորձում խաբել իր հայրենակիցների լսարանին: 2016թ. դեկտեմբերին ելույթ ունենալով Ադրբեջանի կենտրոնական Տերտեր շրջանում՝ նա բացատրեց. «Այսօր մենք ժամանակակից Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևէ հավակնություն չունենք: Մենք մտադիր չենք ռազմական ուժով վերադարձնել Երևանը, Մեղրին, Գորիսը, բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր բոլոր պատմական հողերը»: Հետո նաև խոստացավ. «Միակ գործոնը [հաջողության համար-խմբ.] ուժն է։ Սա է ճշմարտությունը։ Մենք ապրում ենք իրական աշխարհում: Այնպես որ, մենք պետք է էլ ավելի հզորանանք, ավելի հզոր բանակ ստեղծենք»։
Վերջին տարիներին, հատկապես, երբ Ադրբեջանի տնտեսությունը լճացել կամ անկում էր ապրում նավթի գների անկման ֆոնին, Ալիևն ավելի ու ավելի էր հակված ռևանշիստական պնդումների՝ հասարակության ուշադրությունը սեփական սխալ կառավարումից շեղելու համար: Իր «Նոր Ադրբեջան» կուսակցության առջև ելույթի ժամանակ, օրինակ, Ալիևը պնդեց, որ Երևանը, Սևանա լճի տարածքները և Սյունիքի մարզը, որը հայտնի է նաև Զանգեզուր անունով, պատմական ադրբեջանական հողեր են, և որ դրանց վերադարձը «ռազմավարական և քաղաքական նպատակ է»։ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Բաքվի զորահանդեսի ժամանակ Ալիևը Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի և Սևանի շրջաններն անվանեց Ադրբեջանի «պատմական հողեր»: Նման հռետորաբանությունը խաթարում է խաղաղության հույսերը։
Ընդամենը անցյալ ամիս Ալիևը սառը ջուր լցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Հայաստանի խնդրանքի վրա՝ զգուշացնելով հայերին, որ նրանք պետք է զերծ մնան այդ թեմայի բարձրաձայնումից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ պատմական հիմքեր ունի հավակնելու Հայաստանի այնպիսի տարածքների, ինչպիսիք են Զանգեզուրը և Գեյչա լիճը:
Մի բան է, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ինչը կարելի է շտկել, բայց բոլորովին այլ բան է մերժել Հայաստանի գոյության իրավունքը։
Կատարյալ փոթորիկ
Ընտանիքապետական ֆեոդալները հազվադեպ են հաջողության հասնում այն երկրներում, որտեղ պաշտոնական, ինստիտուցիոնալացված միապետություններ չկան: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը գահընկեց արվեց, երբ փորձեց իշխանության բերել իր որդուն։ Նմանապես, Մուամար Կադաֆին գահընկեց արվեց, երբ փորձեց իրեն ժառանգորդ նշանակել որդուն՝ Սեյֆին: Հաֆեզ ալ-Ասադի որդին՝ Բաշարը, եկավ իշխանության, բայց Սիրիան վերջին հաշվով, շատ ավելի բարձր գին վճարեց՝ հասնելով քաղաքացիական պատերազմի:
Բռնապետերի համար բազում տասնամյակների կառավարման խնդիրն այն է, որ քաղաքական քավության նոխազները պակասում են: Օրինակ, Էրդողանը չի կարող իր նախորդներին մեղադրել կոռուպցիայի և տնտեսական վատ կառավարման մեջ, որոնք սպառել է Թուրքիայի արտաքին պահուստները և փլուզել արժույթը։ Հաշվի առնելով Ադրբեջանի ողջ ածխաջրածնային հարստությունը՝ ադրբեջանցիների մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն իրականում ավելի քիչ է, քան վրացիների և հայերի եկամուտը, ընդ որում, հայերը գոյատևում են թուրք-ադրբեջանական տնտեսական շրջափակման պայմաններում: Եթե Պարսից ծոցի էմիրությունների քաղաքացիները, անկասկած, ընդունում են այն պայմանները, որոնցով նրանք զոհաբերում են ազատությունները հանուն հարստության, Պարսից ծոցի երկրների և Ադրբեջանի համեմատությունը այնքան էլ տեղին չի դառնում՝ հաշվի առնելով, որ շարքային ադրբեջանցիները քիչ բան են ստանում քաղաքական կեցվածքի դիմաց:
Ադրբեջանն այժմ կանգնած է կատարյալ փոթորկի առջև. մինչև Ալիևը ձգտում է իր կնոջն ու որդուն առաջ մղել որպես իրեն փոխարինող, շարքային ադրբեջանցիները գնալով ավելի են հիասթափվում իրենց ծանր վիճակից: Նրանք նաև տեսնում են Ալիևի Լեռնային Ղարաբաղի հաղթանակի գինը, այն է՝ ռուսական և թուրքական զորքերի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում: Ալիևը հովանավորում է օտարերկրյա պաշտոնյաների և որոշ ադրբեջանցիների ուղևորությունները դեպի Լեռնային Ղարաբաղի վերագրավված շրջաններ, սակայն ծագումով այդ տարածքներից քիչ ադրբեջանցիներ են, որ պատրաստ են մշտապես վերադառնալ՝ հաշվի առնելով այդ շրջաններում աշխատատեղերի բացակայությունը և նրանց նոր արմատները Բաքվում և շրջակայքում: Փաստորեն, Ալիևը ցանկանում է միլիարդավոր դոլարներ ծախսել ենթակառուցվածքների և «Պոտյոմկին» ուրվական քաղաքների վրա, որտեղ ադրբեջանցիներից քչերն են ցանկանում մշտապես բնակվել Ադրբեջանի տնտեսության անկայուն ժամանակաշրջանում, չնայած նավթի գների աճին:
Այս իրավիճակում Ալիևի միակ միջոցը կլինի այն, ինչ արեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը 1990թ.՝ ուշադրություն շեղելը և խաղալ ազգայնական խաղաքարտով: Ալիևը կարող է համարել, որ Հայաստանը թույլ է, բայց ոչ մի ներխուժում Հայաստան չի սահմանափակվի երկու պետություններով: Հայաստանի վրա ցանկացած հարձակում կռվի մեջ կներքաշի Թուրքիային, Ռուսաստանին և, հավանաբար, նույնիսկ Իրանին՝ ճգնաժամ ստեղծելով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) համար: Անգամ եթե ագրեսիան չբերի արտաքին միջամտության, ադրբեջանական կողմից հայկական տարածքի գրավումը ոչ թե կլուծի, այլ կհետաձգի Ադրբեջանի ներքին խնդիրների լուծումը, կթուլացնի նրա տնտեսությունը և նրան փակ շրջանի մեջ կգցի:
Մյուս կողմից, եթե ադրբեջանական ճնշումը ստիպի Հայաստանին զոհաբերել ինքնիշխանության որոշ հատված՝ հանուն անվտանգության և մտնել Ռուսաստանի հետ անվտանգության ավելի լայն դաշինքի մեջ, ապա Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շուտով այլ հետևանքների առջև կկանգնեն: Ռուսաստանն այդ դեպքում Հայաստանի դեպքը կօգտագործի որպես օրինակ՝ մյուս նախկին խորհրդային պետություններին (ոչ միայն Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այլ նաև Բալթյան երկրներում) դեպի իր գերիշխանությամբ նոր միություն ներքաշելու համար:
Ալիևը կարող է լինել բռնապետ լինել, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանի նոր իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչության անտեսումը խոստանում են տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար ավելի արյունալի ապագա, քան նա ինքն է: Խոսքը ոչ միայն երկու փոքր պետությունների միջև ինչ-որ տեսական վեճի մասին է, այլև Արևմուտքի ռազմավարական դիրքորոշման մասին՝ ընդդեմ այնպիսի հետադիմական ուժերի, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և ջիհադիզմը, որոնք ցանկանում են վերաիմաստավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազատական կարգը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ