Լրահոս
Օրվա լրահոսը

«Սննդամթերքի անվտանգության բոլոր բնագավառներում, այդ թվում՝ բուսասանիտարիայի ոլորտում, պետք է առաջնորդվել ռիսկերի գնահատման գիտական սկզբունքներով». ՀՀ-ում մեկնարկել է ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 10-րդ նիստը

Հոկտեմբեր 28,2021 16:31

Արդեն երկրորդ անգամ ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը՝ 10-րդը, անցկացվում է Հայաստանում:

Ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։

Վերջին տարիներին, պարենային անվտանգության ապահովման նպատակով, աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում, գյուղատնտեսությունը հատուկ ուշադրության թիրախում է, իսկ բուսասանիտարական վերահսկողությունը՝ բույսերի անվտանգությունն ու գյուղատնտեսության զարգացումն ապահովելու կարևորագույն գործիքն է: Այս տրամաբանությամբ էլ խորհրդի անդամ երկրների պատասխանատուները ներկայացրել են իրենց երկրների կողմից տարվող քաղաքականությունը բուսասանիտարիայի ոլորտում, կարանտին-բուսասանիտարական վիճակը, վարակված տարածքները, առկա վնասակար օրգանիզմները, տարածվածությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումները։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է այն խնդիրները, որ դրված են կառույցի առջև՝ կապված բուսասանիտարական վերահսկողության հետ:

«Բուսասանիտարիան հանդիսանում է բույսերի կարանտին օրգանիզմների մուտքը երկիր կանխելու, սրանց հայտնաբերման, մեկուսացման ու ոչնչացման և, իհարկե, առողջ և հարուստ բերք ստանալու հիմնական երաշխիքը: Ամեն տարի աշխարհում, ավելանում են բույսերի վնասատուները, առաջանում են նոր տեսակներ: Մեր երկիրը բացառություն չէ, ուստի կարծում եմ, որ սննդամթերքի անվտանգության բոլոր բնագավառներում, այդ թվում և բուսասանիտարիայի ոլորտում, պետք է առաջնորդվել ռիսկերի գնահատման գիտական սկզբունքներով»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:

Բուսասանիտարիայի ոլորտում միջազգային փորձն ու բույսերի վնասատուների դեմ պայքարի միջոցառումներն է ներկայացրել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գյուղատնտեսության հարցերով մասնագետ Պետեր Վլոդարչիկը:

Համակարգող խորհրդի երկօրյա նիստի ընթացքում քննարկվելու են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման գործընթացների պարզեցման հնարավորությունները, դրա հետ կապված խնդիրներն ու լուծման ուղիները, ինչպես նաև համագործակցության լավագույն փորձը։

Նիստի աշխատանքների կազմակերպման հարցում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին աջակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031