Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունում դիմում է ստացվել Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանից առ այն, որ ՖԲ սոցիալական ցանցի օգտատեր ոմն Վահե Դ.-ն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հրապարակել մեկնաբանություններ բաժնում եւ, որ այդ առիթով նախապատրաստվում են նյութեր:
Քանի որ դիմումատուի անուն ազգանունը համընկնում էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, փորձեցինք ճշտել, թե ի՞նքն է դիմում ներկայացնողը: «Այո, ես եմ,-պատասխանեց նա: -Հայաստանում կա օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիներին պաշտպանվել տարբեր մարդկանց կողմից ցուցաբերած անհիմն ոտնձգություններից, որոնք դաստիարակություն չեն ստացել ծնող չունենալու կամ չընդունելու, կամ գաղջ մթնոլորտում մեծանալու հետ կապված: Այդ մարդկանցից պետք է պաշտպանվել»:
Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես միշտ իմ էջում իմ մտքերը գրառում եմ եւ դա որոշ մարդկանց դուր չի գալիս: Աշխարհում քիչ մարդ կա, որ սիրում է ճշմարտություն լսել: Ես որեւէ մեկի հասցեին երբեք որեւէ բան չեմ գրում, ոչ ոքի չեմ դիպչում: Գիտեմ միայն, որ իմ փաստաբանը իմ թույլտվությամբ պիտի դիմեր համապատասխան մարմիններին: Այնպես որ, ես եմ նախաձեռնողը, որ բավական է՝ ով ինչ ուզի անի մարդկանց գլխին, որ հայհոյանքի աստիճանը պակասեցվի: Անդաստիարակներին, որոնք արգելակներ չունեն իրենց ախոռը փակելու, պիտի փակել: Եվ ես այդ փակման աշխատանքով եմ զբաղված: Այդպիսիք պիտի անպայման պատասխան տան: Եվ ընդհանրապես, ամեն մարդ պետք է իր որեւէ արարքի համար պատասխան տա»:
Արմեն Մարտիրոսյանը ենթադրում է, որ իր հասցեին արված հայհոյախոսական գրառումն արվել է սեպտեմբերին արած իր մի հրապարակման առիթով, որտեղ ինքը միտք էր արտահայտել մտավորականների անկաշկանդ լինելու անհրաժեշտության մասին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ