Ընդդիմադիրներից ոմանք մերժեցին Փաշինյանի հետ հանդիպումը: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանն ասել է, որ որեւէ ձեւաչափով չունեն Փաշինյանի հետ քննարկելու որեւէ բան, «իր հետ քննարկելու թեմա չկա», իսկ Արծվիկ Մինասյանն ասել է, որ պատրաստ են քննարկման, բայց՝ բաց ձեւաչափով: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց. «Երկու տարբերակ ունեմ ընդդիմությանը՝ նման հայտարարությունների վերաբերյալ: Առաջին՝ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ինքը ուզում, երկրորդը տարբերակը՝ «Հայաստան» խմբակցության ներսում գտնվող ուժերի միջեւ գուցե տարաձայնություններ կան, որովհետեւ տարօրինակ բաներ են լինում: Մե՛կ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է հրավիրում անվտանգության թեմայով, որին գալիս են ԳՇ պետի առաջին տեղակալն ու Սահմանապահ զորքերի հրամանատարը, քննարկման արդյունքներով ասում են՝ կակնկալեինք, որ քաղաքական ներկայացուցիչներ գային: Երբ քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ վարչապետը առաջարկում է փակ ֆորմատով հանդիպում, առաջին հայացքից դեմ չէին, հիմա ասում են՝ չէ, չենք գա փակ հանդիպման: Եթե բաց քննարկում են ուզում, բաց քննարկումը երեկ է եղել, մյուս բաց քննարկումը կլինի կառավարության մյուս հարցուպատասխանի ժամանակ: Թող «Հայաստան» խմբակցությունը կողմնորոշվի՝ ինքը ինչ է ուզում: Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատով քննարկումներ ունենալ, իհարկե, ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը հնարավոր է քննարկել միայն փակ»:
Հարցին՝ ձեզ մեղադրում են, որ դուք անլրջացրեցիք այդ հանդիպումը, երբ ասացիք՝ «խաշ է հասունանում», չե՞ք կարծում, որ դա կաշկանդեց ընդդիմությանը՝ գնալ այդ հանդիպման՝ Ռուբինյանը պատասխանեց. «Դե եթե խաշը պիտի կաշկանդի ընդդիմությանը, ուրեմն՝ լավ չեն այդ ընդդիմության գործերը»: Հարցին՝ պատրա՞ստ եք, այսինքն` ընդդիմության հետ գնալ խաշի՝ նա պատասխանեց, որ եթե հրավեր լինի՝ կքննարկի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ