Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման և զարգացման գործում. Փաշինյան

Հոկտեմբեր 28,2021 16:23

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է  Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. նոյեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, գումարը կազմում է 13 մլրդ 575 մլն դրամ. «Սա թվով 5-րդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է»:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի բյուջեով նախատեսվել է Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ: «Վերջին 1 տարվա ընթացքում արդեն մոտավորապես 120 մլրդ դրամ ենք հատկացրել Արցախին: Նաև կարևոր է քայլ-քայլ, հնարավորինս սահուն ձևով զուտ աջակցության ծրագրերից զարգացման ծրագրերի անցում կատարելը, որպեսզի Արցախում նույնպես հարկերի ձևավորման գեներացման հավաքագրման մեխանիզմն աշխատի: Եվ պետք է արձանագրել, որ աշխատում է. 2020 թվականի պլանավորվածի համեմատ Արցախի կառավարությունը շատ ավելի մեծ հարկային մուտքեր է ունեցել, և սա շատ կարևոր փաստ է: Մենք շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման և զարգացման գործում»,-ասել է կառավարության ղեկավարը:

Երևանում կներդրվի  հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրերի  ստորագրման առաջարկություններին:

Ըստ հիմնավորումների՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը  մշակել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն ԱՄՆ եվրո: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից)  և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը  սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն բավականին երկար է քննարկվել: «Ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։ Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի: Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա, որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որը  նաև որոշակի եկամուտներ կգեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այս խնդրի լուծման համար առաջարկվել է Երևանի քաղաքապետարանին ներդնել գործուն համակարգ. «Եվ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Հակառակ դեպքում 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ էլ «գազելների» տրամաբանությանը վերադառնալու: «Գազելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ: Կարծում եմ՝ առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակում մենք պետք է հոգ տանենք, որ էլեկտրաավտոբուսների մուտք տեղի ունենա մայրաքաղաք և հետագայում՝ մեր այլ քաղաքներ: Այս ուղղությամբ մենք պետք է շարժվենք. այս որոշումը շատ կարևոր է, բավական քննարկված է, բայց չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք»::

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս գործարքն ամփոփել են Եվրամիության հետ 2.6 միլիարդի համագործակցության շրջանակում:«Թե դրամաշնորհային բաղադրիչը, որը ես համարում եմ էական այս գործարքի համար, թե վարկային պայմանները՝ հենց այդ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակում են»,-ասել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով  գործընթացի մեկնարկի կարևորությունը:

Կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային տնօրինումը։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընդունված որոշման արդյունքում 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս որոշումը միայն գումարի խնայողության մասին չէ: Սա շատ կարևոր սկիզբ է նաև քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկ, որոշման ընդունման արդյունքում կմնա 10-ը»,-ասել է նախարարը: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ առկա 5346 լրակազմից, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, համալրված է 2113-ը. «Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ այդ տեղերը դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին ոլորտում արված մի շարք բարեփոխումների և աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում ունեցել ենք այսպիսի բեռնաթափում: Միայն համեմատության համար ասեմ, որ օրինակ՝ տարիներ առաջ մենք ունեինք 4530 կալավոր և դատապարտյալ»:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշման արդյունքում նախատեսվում է 280 հաստիքի կրճատում: «Մենք խնդիր ունենք նաև քրեակատարողական հիմնարկներում վեթինգ իրականացնելու:  280 աշխատակցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկներ,  50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, մնացածը՝ կադրերի ռեզերվ: Մենք այստեղ էլ ունենք խնդիր ՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ պրոֆեսիոնալ աշխատակիցների համար»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներ պայմանների բարելավման առումով: «Շենքային ընդհանուր համակարգը բարեփոխելու և առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ կառուցելու խնդիր պետք է լուծենք առաջիկայում։ Այդտեղ էլ պետք է ստանդարտ սահմանել, որովհետև պետությունը չի կարող ուղղակի խաչ քաշել դատապարտված անձի վրա, այդպիսի բան չի կարող լինել։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկներում նաև սննդի հարցն ենք լուծել: Առիթ եմ ունեցել ասելու, որ բացառիկ է իրավիճակը նրանով, որ  կալանավորված և դատապարտված անձը պետության տված հացը ուտում է, որովհետև դա արժանապատիվ սնունդ է, իսկ նախկինում այդպես չի եղել։ Այս որոշման հետևում էլ կոնկրետ ընտանիքներ են, և հիմա նրանք ստիպված չեն քրեակատարողական հիմնարկում իրենց կալանավորված հարազատին պահել և ապահովել, բառիս բուն իմաստով, ամեն ինչով։ Այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է շարունակենք», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Լայնածավալ փոփոխություններ սոցփաթեթում. բարելավվել և պարզեցվել են շահառու դառնալու պայմանները, ընդլայնվել է  ծառայությունների շրջանակը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականության ապահովման, սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով: Որոշմամբ  նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով, մասնավորապես,   առաջարկվում է       սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացնել նոր ուղղություններով, որոնցով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարների մարմանը, պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարների մարմանը:

Մեկ այլ փոփոխությամբ շահառուին հնարավորություն կտրվի սոցփաթեթի միջոցների հաշվին օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարման ծառայություններից: Նախատեսվում է նաև հանել սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը։ Արդյունքում՝ սոցփաթեթի շահառուները կամ նրանց ընտանիքի անդամները կարող են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն ներկայացնել նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Բարելավվել և պարզեցվել են սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթի շահառու դառնալու պայմանները, և հանվել է սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ վեց ամսվանից պակաս՝ առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) աշխատանքային ստաժ ունենալու միաժամանակյա պայմանը։ Առաջարկվել է ընտանիքի անմիջական անդամ համարել նաև շահառուի ծնողին, որդեգրողին, որդեգրվածին, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձին, տատին, պապին, թոռանը, համատեղ բնակվող` եղբորը, քրոջը։

Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է, որ եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի (տեղափոխվի) մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան։ Նախատեսվել են նաև մանրամասն ընթացակարգային կարգավորումներ, որով հնարավոր կլինի շարունակականորեն ապահովել սոցփաթեթի շահառուների սոցփաթեթից օգտվելու իրավունքը: Հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուները չունեն, և նշված դեպքում՝ կարողանում են օգտվել սոցփաթեթի իրավունքից միայն տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից:

Կընդլայնվի ուսման վճարի մարման ծառայությունը՝ նախատեսելով, որպեսզի սոցփաթեթի միջոցներից հնարավոր լինի փոխանցումներ կատարել նաև այն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական ծրագրեր։ Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի միջոցները փոխանցել նաև, օրինակ, իրենց զավակների նախակրթարանների կամ մանկապարտեզների ծառայությունների վճարմանը։

Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում  զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման,  համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ գերեզմանների հատվածի կառուցապատում, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրում,  հուշահամալիրի տարածքի բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազ. դրամ: Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում  կկառուցվի խմելու ջրագիծ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով:  Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83832,5 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16,0 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Արգիճի և Աստղաձոր գետավազանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը:  Մասնավորապես՝ 6.5 մլն խմ Արգիճիի ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարումից և 1206 հա հողերի ոռոգումը փոխադրել ինքնահոս եղանակի, բարձրացնել ներկայում ինքնահոս եղանակով ոռոգվող 2806 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը՝ ապահովելով կայուն ջրամատակարարում ոռոգման ողջ շրջանում, լրացուցիչ ոռոգելի դարձնել /ինքնահոս եղանակով/ ևս շուրջ 1000 հա մշակովի հողատարածքներ, ջրամբարից ներքև ընկած գետահունային հատվածներում ապահովել կայուն ջրահոսքեր` վերացնելով գարնան ու աշնան վարարումների ամենամյա բացասական հետևանքները, առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ջրամբարից ներքև գետահունի էկոհամակարգի կենսատևման համար:

Փոփոխություններ՝ մանկատան շրջանավարտներին ԲԳՎ-ի գործընթացում. ծրագրի շահառու դառնալու հնարավորություն կտրվի նաև սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվողներին

Մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրների լուծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝  միջոցառման շրջանակում  բնակարանի գնման 300 վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 210-ը։ Կան շուրջ 20 ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ, որոնք չեն հասցնի սահմանված ժամկետում իրացնել իրենց իրավունքը։ Ըստ այդմ, մասնավորապես նախատեսվում է երկարացնել ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների բնակարան ձեռք բերելու ժամկետը: Մեկ այլ փոփոխությամբ  ծրագրի շահառու դառնալու հնարավորություն կտրվի սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվող մանկատան շրջանավարտներին  (շուրջ 25 շահառու):

Հաջորդ հարցը կապված է հաշմանդամություն ունեցող ու միաժամանակ ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտներին ԲԳՎ իրավունքի տրամադրման հետ: Նախարարությունը ստացել է շուրջ 15 դիմում Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք չնայած իրենց չափահասությանը մինչ օրս բնակվում են Խարբերդի մանկատանը՝ ինքնուրույն բնակվելու սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով։ Ըստ այդմ՝ կապահովվի անհրաժեշտ հիմք հաշմանդամություն ունեցող պետական մանկատան շրջանավարտների ինքնասպասարկման ունակությունների փորձաքննության մեխանիզմ ստեղծելու և այդ մեխանիզմի միջոցով ինքնասպասարկման ունակություններ ունեցողներին ԲԳՎ իրավունք տրամադրելու, իսկ չունեցողներին ԲԳՎ իրավունքի տրամադրումը մերժելու համար: Նախարարությունը գտնում է, որ վերջիններիս բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե ԲԳՎ-ի, այլ փոքր տների և որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով։

Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով

Կառավարությունն ընդունել է  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4  հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր ներդնելու վերաբերյալ որոշում՝ արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով: Կայանների կառուցումը նախատեսվում է  Դաշտադեմ համայնքի տարածքում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանը։

Այլ որոշումներ. Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ

Կառավարության որոշմամբ Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝  Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի բացառիկ ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել COVID-19 վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակում  վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնները վերազինել անհրաժեշտ սարքավորումներով: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել թվով 3 բժշկական կազմակերպություններում հրատապ կատարել շինարարություն: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունը 1,500,000.0 հազ դրամ կհատկացնի Առողջապահության նախարարությանը:

Գործադիրի որոշմամբ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող սարքավորումներն ընկերությունն օգտագործելու է Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել նաև 53 մլն դրամի ներդրում՝ նոր ջերմոցի կառուցման համար։ Արդյունքում 2022 թ. ավարտը կստեղծվի 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 50 տոկոսն ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կառուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.7 մլն դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031