Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ են ժամանել թուրք գործակալներ», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը»․ պատգամավորները զավեշտալի վերնագրեր մեջբերեցին

Հոկտեմբեր 28,2021 16:11

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում այսօր քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։ Պատգամավորները գնահատականներ հնչեցրին նախագծի վերաբերյալ․

Արամ Վարդեւանյան, «Հայաստան» դաշինք․ «Սկզբից «ֆեյքերի» դեմ պետք է պայքարել, հետո ԶԼՄ-ին ասել, թե ինչ անել։ Ինչո՞ւ պետք է ԶԼՄ-ն փորձի պարզել, թե որն է չնույնականացված աղբյուրը։ Դա պետության պարտականության խնդիրն է»:

Սարգիս Խանդանյան, ՔՊ, օրենքի համահեղինակներից․ «Լավ օրից չէ, որ առաջարկել ենք այս նախագիծը։ Եթե ունենայինք ավելի պրոֆեսիոնալ լրատվադաշտ, տարօրինակ կլիներ, որ որեւէ լրագրող կամ ԶԼՄ հղում աներ աղբյուրի, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների համար այս նախագիծը ոչ մի բան չի փոխի, որովհետեւ այդպիսիք հղում են անում իրենց ճանաչած աղբյուրներին։ Նախագիծը միտված է առողջացնելու լրատվադաշտը»:

Վահագն Ալեքսանյան, ՔՊ․ «Ոստիկանապետը հրաժարական տվեց», «ՔՊ-ն հրատապ նիստ է արել եւ պահանջել վարչապետի հրաժարականը», «Վարչապետը Կանադայում տուն է գնել ու երկրից փախցրել իր երեխաներին», «ՀՀ են ժամանել թուրք գործակալներ, որ սպանեն ընդդիմության առաջնորդին»․․․սրանք «լուրեր» են, որոնք տպվել են չնույնականացվող աղբյուրներում՝ տելեգրամյան ալիքներում եւ հետո արտատպվել քաղաքական խմբի սպասարկող ԶԼՄ-ներում։ Այստեղ մամուլին ճնշելու խոսք չկա, որովհետեւ քանի տարի է՝ մամուլը կեղտոտ զենք է դարձել, որովհետեւ վերոնշյալը տխմարություն է, որը հրապարակում են ու բեյջերը կախած ասում, թե իրենց ճնշում են, իրենք լրագրող են։ Ոչ, դուք լրագրող չեք»:

 

Արեգնազ Մանուկյան, «Հայաստան դաշինք․ «Երկու օրից հայերի երկիրը հինգ անգամ կմեծանա», «Հազար ազերու գերի են վերցրել Շուշիում», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը․ Պուտինը հրաման տվեց», «Վայրկյաններ առաջ բռնեցին Նիկոլի սարսափելի թշնամուն»․․․սա էլ ձեր սիրելի (իշխանական խմբակցությանն է դիմում) «Փերֆեկտ․թիվի»-ի վերնագրերն են։ Նման ապուշությունների համար պատասխանատվություն չկա, իսկ դուք պայքարում եք գրանցված ԶԼՄ-ների դեմ, որոնք ձեզ հաճելի չեն»:

 

Ագնեսա Խամոյան, «Հայաստան» դաշինք․ «Պարոն Ալեքսանյան, կներեք, որ այս հատվածում չհասցրի «Հայկական ժամանակից» հանել աշխարհացունց վերնագրեր։ Այն թերթից, որը տարիներ շարունակ խմբագրել է Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ նա պնդի, թե մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, փաստ է, որ հենց ձեր իշխանության օրոք են սահմանափակվում ԶԼՄ-ների աշխատանքները, այդ թվում՝ ԱԺ շենքում։ Ձեր իշխանության օրոք են ամենաշատ դատական հայցեր հայտնվել ԶԼՄ-ների դեմ, սահմանվել ահռելի տուգանքներ։ Այս ամենը քաղաքական շահի սպասարկման դասական դրսեւորում է»:

Ռուբեն Ռուբինյան, ԱԺ փոխնախագահ․ «ՀԺ, հա ՀԺ․․․որեւէ մեկը թաքցրե՞լ է, որ այն հիմնադրել է Նիկոլ Փաշինյանը՝ մի քսան տարի առաջ․․․ՀՀ-ում մամուլը, այո, ավելի ազատ է, քան երբեւէ։ Որոշ պաշտոնյաների ընտանիքի անդամներ ու բարեկամներ ընդդիմադիր ԶԼՄ-ներում են աշխատում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031