Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Սամվել Մարտիրոսյանը կարողանա նման գնահատական տալ»․ ԱԺ-ում ԶԼՄ-ների վերաբերյալ աղմկոտ նախագիծն են քննարկում

Հոկտեմբեր 28,2021 15:33

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին օրենքում» ՔՊ-ի հեղինակած փոփոխությունների նախագիծը։ Համահեղինակներից ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զեկուցեց, որ 2003թ․-ին գրված օրենքը չի համապատասխանում ժամանակակից խնդիրների դաշտին, որում տեղեկատվություն են տարածում նաեւ այնպիսի աղբյուրներ, որոնց հնարավոր չէ նույնականացնել։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ԶԼՄ-ներն ինչ-ինչ տեղեկություններ տարածելիս հղում են անում հենց այդպիսի աղբյուրների եւ, ըստ օրենքի, պատասխանատվության չեն ենթարկվում՝ տարածած տեղեկատվության համար։ «Սահմանել ենք հասկացություն՝ «չնույնականացված աղբյուրներ», որոնք տնօրինողին հնարավոր չէ պարզել։ Առաջարկում ենք ԶԼՄ-ների համար պատասխանատվություն սահմանել՝ նշյալ աղբյուրներին հղում կատարելու դեպքում։ Գործող օրենքն ասում է, որ ԶԼՄ-ներն ազատված են պատասխանատվությունից, երբ հղում են անում աղբյուրներին։ Սակայն այսօր այդ աղբյուրները կարող են ստեղծված լինել, օրինակ, արտաքին քաղաքականություն սպասարկող ուժերի կողմից։ Փորձը ցույց է տալիս, որ մեր ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ են օգտագործվում՝ կեղծ տեղեկություն տարածելու, մարդկանց պախարակելու համար»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ ԶԼՄ-ի հավատարմագրման դրույթում ավելացված կարգավորմամբ՝ այն ԶԼՄ-ները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ եւ տարեկան ֆինանսական հաշվետվություն, պետական կառույցներում ԶԼՄ-ի հավատարմագրման դիմումը կմերժվի։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ այսինքն, ստացվում է, որ չի կարելի հղում անել տելեգրամյան ալիքներին, փոխարենը՝ կարելի է գրել, որ «մեր աղբյուրներով»՝ այսինչ բանն է եղել։ Արթուր Հովհաննիսյանը հստակեցրեց, որ վերջին օրինակին նախագիծը չի վերաբերում, այսինքն, ԶԼՄ-ն կարող է «իր տեղեկություններով» նյութ հրապարակել եւ հենց ԶԼՄ-ն էլ կրում է դրա պատասխանատվությունը․ «Այս օրենքով ԶԼՄ-ները կարող են հղում անել տելեգրամյան ալիքներին, բայց պատասխանատվությունից ազատվել չեն կարող։ Նախկինում կարող էին։ Եթե պարզվի, որ բովանդակության հետ խնդիր կա, պատասխանատվությունը կրում է ԶԼՄ-ն, եթե պարզվի, որ տեղեկությունն, օրինակ, սուտ է։ Այդ չնույնականացված ալիքի տերը կարող է նստած է Բաքվի սրճարաններից մեկում եւ վտանգավոր տեղեկություն է ուզում տարածել»։

Ապա «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը նշեց, որ ըստ հայաստանյան լավագույն մեդիափորձագետներից մեկի՝ Սամվել Մարտիրոսյանի, հարց է առաջանում, թե այդ որ փորձագետների հետ է քննարկվել այս տարօրինակ նախագիծը։

«Այսպես «Հայկական ժամանակը» հանգիստ կարող է համարվել անանուն հղում, քանի որ դոմեյնի գրանցման տվյալները փակ են»,-Մարտիրոսյանի գրառումը մեջբերեց Գեղամ Մանուկյանը եւ հարցրեց՝ մեդիա-կազմակերպությունների հետ այս ամենը քննարկե՞լ են։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ մի քանի կազմակերպությունների հետ քննարկել են, մի քանիսի հետ՝ ոչ․ «Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ գործընկերների եզրակացությունն ունենք։ Քննարկումները շատ ներառական են եղել։ Իսկ Սամվել Մարտիրոսյանը, կարծում եմ, արտահայտվել է ոչ լրամշակված տարբերակի մասին եւ չեմ կարծում, որ նա կարողանա այս նախագծի վերաբերյալ նման գնահատականներ հնչեցնել»։

Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ իրականության հետ կապ ունեցող եւ տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեղեկություններից ԶԼՄ-ներն այսուհետեւ կխուսափեն օգտվել։ Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց․ «Մենք չենք արգելում հղում անել տելեգրամյան ալիքին, այլ ասում ենք, որ չնույնականացված աղբյուրի վրա հղում անելիս ԶԼՄ-ն պատասխանատվության է ենթարկվելու, եթե հետագայում բովանդակության հետ խնդիր լինի»։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ հարյուրավոր յութուբյան ալիքներ տարածում են կեղծ տեղեկատվություն, եւ այս ֆոնին տպավորություն է, որ իշխանությունն այս նախագծով ուզում է լուրջ, կայացած ԶԼՄ-ներին ճնշել։ Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց․ «Երբ, օրինակ, ձեր դաշինքը չբացի ԶԼՄ եւ այն չսարքի քարոզչական գործիք, շատ խնդիրներ լուծված կլինեն։ Ձեր ասածը մեդիագրագիտության խնդիր է»։

Այնուհետեւ ՔՊ-ից Բաբկեն Թունյանը համոզմունք հայտնեց, որ այս նախագծով իրական ԶԼՄ-ները կեղծ աղբյուրների հետ անհավասար պայմաններում են հայտնվում։ Հովհաննիսյանը համաձայնեց, որ նման խնդիր կա․ «Այս կարգավորմամբ՝ ԶԼՄ-ն չի կարող «ֆեյքերին» հղում անել ու պատասխանատվության չենթարկվել․ «Մենք կտրում ենք «ֆեյքերից» սնվելու ԶԼՄ-ների հնարավորությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031