Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ճիշտ եմ». Ռուբինյանի պատասխանը, թե ինչու էր ՀՀԿ-ն թողնում Փաշինյանին ԱԺ-ում սուր ելույթ ունենա, իսկ իրենք ընդդիմության խոսափողն անջատում են

Հոկտեմբեր 28,2021 15:09

Այսօր ԱԺ փոխխոսնակ, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգություն չունե՞ք, որ ձեր որդեգրած մոտեցումը, երբ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների թույլ չեք տալիս ԱԺ ամբիոնի մոտ որոշակի բառեր օգտագործել, անմիջապես անջատում եք խոսափողը, դա կարող է ՀՀ-ին վնաս հասցնել՝ ժողովրդավարական գործընթացներից հետընթաց արձանագրելու համար: Նա պատասխանեց. «Ես ճիշտ եմ, որ թույլ չեմ տալիս որոշակի բառեր օգտագործել ԱԺ նիստերի դահլիճում, որովհետեւ կան բառեր եւ արտահայտություններ, որոնք չի կարելի օգտագործել ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաեւ ցանկացած խորհրդարանում: Այլ հարց, որ չի կարող սահմանափակվել պատգամավորի կարծիքը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ, եթե այդ կարծիքն արտահայտվում է էթիկայի նորմերին համապատասխան: Բայց համաձայնեք, որ եթե օրինակ X պատգամավորն ամբիոնի մոտից վիրավորական արտահայտություններ օգտագործի Y պատգամավորի կամ ցանկացած այլ անձի վերաբերյալ, նիստը վարողը պարտավոր է թույլ չտալ, որ այդպիսի բան տեղի ունենա»:

Հարցրեցինք՝ այդ բառերի ցանկն ո՞վ է որոշում, ո՞ր բառերն են վիրավորական ու համարվում օգտագործել՝ Ռուբինյանը պատասխանեց. «Բառերի պաշտոնական ցանկ չկա, բայց կա ընդհանուր տրամաբանություն եւ ողջախոհություն: Եվ նիստը վարողը՝ լինի դա ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, իրենց հայեցողությամբ պետք է որոշեն»:

Հարցրեցինք՝ Հայաստանում այլեւս խոսքի ազատություն չէ՞՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց ենթադրեցիք»: Բացատրեցինք՝ մարդը ունի խոսքի ազատություն, եթե այդտեղ տեսնում եք վիրավորանք, Հայաստանում գործում է «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքը, կարող եք դատի տալ՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք լավ պատկերացում չունեք խորհրդարանական գործունեության մասին: Ցանկացած երկրի խորհրդարանում նիստը վարողը պարտավոր է ապահովել նիստի բնականոն ընթացքը եւ ցանկացած երկրի խորհրդարանում նիստը վարողը թույլ չի տալիս վիրավորական արտահայտությունների օգտագործում: Օրինակ, բրիտանական պառլամենտում կան բառեր, որոնց համար նիստը վարողը նախ կարող է պահանջել հետ վերցնել բառը եւ եթե հրաժարվում է պատգամավորը դա անել, ապա դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Այդպիսի բան մեր մոտ չկա, բայց հետաքրքիր է: Ինձ համար տարօրինակ է, որ մենք ընդհանրապես սա քննարկում ենք՝ պատգամավորը պիտի՞ հնարավորություն ունենա վիրավորական բառ օգտագործել ամբիոնից, թե՞ չէ: Իհարկե, չպիտի՛»:

Հարցին՝ Գեղամ Մանուկյանի արտահայտության մեջ՝ «Արցախն ուրացողը դավաճան է», վիրավորանք կամ հայհոյա՞նք կա՝ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ վիրավորանք կամ հայհոյանք չկա ու եթե Գեղամ Մանուկյանը միայն դա ասեր, դա խնդիր չէր. «Նա ասաց, ըստ էության, բառացիորեն ու ուղիղ Վիգեն Խաչատրյանին մեղադրեց դավաճանության եւ սրիկայության համար: Իսկ ես ասում եմ՝ որեւէ պատգամավոր՝ իշխանական, թե անկախ, չեմ կարող թույլ տալ, որ վիրավորի մեկը մյուսին, ցանկացածին: Ոչ ոքի չի կարելի ԱԺ նիստերի դահլիճում օգտագործել վիրավորական արտահայտություններ»:

Երբ ասացինք, որ որպես մի քանի գումարման ԱԺ լուսաբանած լրագրող՝ հետընթաց ենք տեսնում այս հարցում՝ համեմատելով խոսքի ազատությունը ՀՀԿ-ի օրոք եւ հիմա, օրինակ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բավականին կոշտ եւ սուր ելույթներ էր ունենում, իրեն ձայնի իրավունքից չէին զրկում ու այդ առումով մենք տարբերություն ենք տեսնում, դուք տեսնո՞ւմ եք այդ տարբերությունը՝ Ռուբինյանն ի պատասխան ասաց. «Ես էլ որպես «Առավոտ» օրաթերթի ընթերցող, հստակ հետընթաց եմ տեսնում «Առավոտ» թերթի որակի մեջ ՀՀԿ-ի ժամանակվա եւ հիմիկվա միջեւ: Նաեւ պետք է ասեմ, որ ո՛չ, հետընթաց չկա: Խնդիրը հետեւյալն է՝ հետընթաց կա ընդդիմության՝ էթիկայի նորմերը պահպանելու գործում: Դրանից էլ բխում են մնացած իրողությունները: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ցանկացած ոք, ցանկացած պատգամավոր ազատ է արտահայտել իր դիրքորոշումերը ցանկացած հարցի վերաբերյալ՝ մեկ պայմանով. այդ դիրքորոշումները չեն կարող արտահայտվել վիրավորական բառերի ուղեկցությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031