Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձեռքբերումներ հայկական չրարտադրության ոլորտում «EU4Business. առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում

Հոկտեմբեր 28,2021 14:51

2021 թ․-ի առաջին կիսամյակում 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի և բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է մոտ 77%-ով: Մի շարք ընկերություններ գրանցել են նաև արտահանման ծավալի աճ։ Օրինակ, «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիան՝ անցած տարվա համեմատ այս տարի արդեն 20-30% արտահանման ծավալի աճ է գրանցել։ Հատկապես աճել է հայկական ծիրանաչրի պահանջարկը։ 2020 թ․-ին ասոցիացիան Միացյալ Թագավորություն է արտահանել 500 կգ ծիրանաչիր, իսկ 2021թ․-ին արդեն ստացել է մինչև 2 տոննայի պատվեր։ Պահանջարկն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ արտահանվող «Երևանի» տեսակից պատրաստված ծիրանաչիրը մրցակցային առավելություն ունի Եվրոպական միության շուկաներում։ Այն ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի առողջարար է։

Միացյալ Թագավորություն «Երևանի» տեսակի ծիրանաչրի արտահանման սկիզբը դրվել է «BIOFACH 2019» օրգանական սննդամթերքի առաջատար ցուցահանդեսի ժամանակ, որի շրջանակում «Լուկաշին» ասոցիացիան կապեր է հաստատել իր գործընկերոջ հետ։ Ասոցիացիան ցուցահանդեսին մի շարք այլ հայաստանյան արտադրողների հետ մասնակցում էր «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար»  (EU4Business) նախաձեռնության շրջանակում։

Ծրագրի շրջանակում արդեն մի շարք չրարտադրողներ բարելավել են արտադրության որակը՝ ներդնելով միջազգային տեխնոլոգիաներ և ստանդարտներ։ Օրինակ, նրանցից մի քանիսը ներդրել են մրգի կեղևազատման ավտոմատացված համակարգ, ինչը նվազեցնում է որոշ տեսակի չրերի ինքնարժեքը։ Որոշակիորեն փոփոխվել է նաև մրգի և բանջարեղենի չորացման եղանակը, ինչը թույլ է տալիս ապահովել տարբեր շուկաների համար նախընտրելի խոնավության և փափկության մակարդակ։ Ավելին, բացի բուն չրից հայաստանյան ընկերություններն այժմ արտադրում են նաև բազմատեսակ չրային արտադրանքներ՝ օրինակ չրային կոնֆետներ, ընկուզեղենով պատրաստված չրային նախուտեստներ և նոր տեխնոլոգիայով պատրաստված մրգային լավաշներ։ Տեղական արտադրության մեջ այս մեթոդների ներդրմանը մեծապես նպաստել են «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, ուսումնական այցը դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն, որը չրարտադրության ոլորտում առաջատարներից է, և միջազգային փորձագետների շարունակական խորհրդատվությունները։

«Հիմնական ձեռքբերումը, որ նկատեցի վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, կեղևազատման ավտոմատացված համակարգի ներդրումն էր որոշ արտադրողների կողմից»,-նշում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից  չրարտադրության ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Անտոն Էրվեն, որը երեք տարի շարունակ խորհրդատվություն է տրամադրել ծրագրի շահառու ընկերություններին։

«Հայաստանում սա նախկինում արվում էր ձեռքով, ինչը բավականին ծախսատար գործընթաց է, քանի որ ավելի շատ միրգ է օգտագործվում։ Ավտոմատացված համակարգի ներդրումը էականորեն կրճատում է հատկապես որոշ տեսակի չրերի ինքնարժեքը»,- ավելացնում է փորձագետը։

Անտոն Էրվեի խոսքով՝ հայկական չիրը մրցունակ է Եվրոպական միության անդամ-պետություններ, ինչպես նաև ցանկացած այլ երկիր արտահանման համար։ Հաջողության հասնելու համար նա խորհուրդ է տալիս հետևել այս շուկաներում պահանջված ստանդարտներին՝ հատկապես չրի խոնավության ապահովման առումով։

«Աշխարհում չրի սպառումը պանդեմիայի սկսելուց հետո զգալիորեն ավելացել է, և ես ակնկալում եմ, որ այս միտումը կշարունակվի։ Տվյալ արտահանման շուկայում գործընկերներ գտնելը և նրանց հետ կապեր հաստատելը չափազանց կարևոր է։ Քիչ հավանական է, որ հաջողության կհասնես մի շուկայում, որտեղ արտադրանքդ ճանաչելի չէ», – նշում է Անտոն Էրվեն։

«Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ութ ընկերություններ հոկտեմբերին ներկայացրել են Հայաստանը Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները և ձեռք բերել նոր գործընկերային կապեր։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ ծրագիր. EU4Business-ի նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031