Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին ձերբակալելու փաստի վերաբերյալ։
ԱԱԾ-ն սկզբում բերման է ենթարկել քաղաքապետարանի 6 աշխատակիցների, որոնցից մեկը քաղաքաշինության և ճարտարապետության բաժնից, մնացած 5-ը՝ անշարժ գույքի կառավարման բաժնից։
ԱԱԾ-ի գործողությունները սկսվել են ամսի 26-ին, ժամը 13․00-ի սահմաններում, սկզբում բերման են ենթարկել անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովիկ Գևորգյանին ու վարորդին։
Հովիկ Գևորգյանը ծառայողական մեքենայով շարժվել է Նորավան թաղամասից, ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, բացել դռները ու ականատեսների պատմելով՝ բառի իսկական իմաստով նրան ու վարորդին ծեփել ասֆալտին։
Կարդացեք նաև
Այդ նույն օրն ավելի ուշ՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17․30-ի սահմաններում, ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարանից բերման է ենթարկել քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին, անշարժ գույքի կառավարման բաժնի ևս երեք աշխատակիցների։ Հետաքրքիրն այն է, որ այդ երեք աշխատակիցներն էլ նախկին ոստիկաններ են։
Բերման ենթարկվածների շարքում եղել է նաև անշարժ գույքի կառավարման բաժնի պետ՝ Աղաս Ղազարյանը՝ նախկին «գայիշնիկ»։
Անշարժ գույքի կառավարման բաժնի պետին ու մյուս բոլոր աշխատակիցներին՝ բացառությամբ պետի տեղակալ Հովիկ Գևորգյանից, գիշերն ազատ են արձակել։
Իսկ Հովիկ Գևորգյանին տեղափոխել են Երևան, կան խոսակցություններ, որ ազատ են արձակել նաև քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին։
ԱԱԾ-ն հաղորդագրություն ու տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործից։ Հավելենք, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին կաշառք տալու մեջ կասկածվողը կին է, նա ևս ձերբակալված է։ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է հետևյալը.
․«ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն է՝ համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը նրան նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, վերջինից պահանջել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1000 ԱՄՆ դոլարը ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մնացած գումարը ստանալ նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջև:
Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը և կաշառք տված քաղաքացին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ