Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորան» 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է նվիրաբերել Մխիթարյան միաբանության գրադարանին

Հոկտեմբեր 28,2021 13:42

Հոկտեմբերի 28, 2021 թ., Երեւան, Հայաստան․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որը կյանքից հեռացավ 2021 թվականին:

Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ եւ մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն ծավալեց՝ հատելով գիտական եւ բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, եւ այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը:

«Մենք ուրախ ենք Վարդան Գրեգորյանի հիշատակը նման իմաստալից կերպով հարգելու հնարավորության համար: Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում եւ կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը եւ առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150.000 հատոր է պահվում, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ: Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը եւ նրա գործընկերները միշտ իրենց առաքելությունն են համարել գրքերի հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը՝ հատկապես հայկական: Այսօր Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը:

«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Միաբանության համար պատիվ է ընդունել այս առատաձեռն նվերն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, որն իր ջանքերն է ուղղում մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը եւ երկրորդ հնարավորություն տալիս ամենակարիքավորներին: Վարդան Գրեգորյանն իսկապես բացառիկ ուսյալ էր, եւ նրա ժառանգությունը հավերժ կհիշվի: Մենք շատ երախտապարտ ենք այս դրամաշնորհի համար եւ անհամբեր ենք այն լավագույնս օգտագործելու մեր գրադարանի բազմաթիվ կարիքների համար՝ հանուն Վարդանի»,- ասաց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի ունեցան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Այդ օրերին հյուրերն ու մասնակիցները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը: Սա առաջին անգամ էր, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում էր Եվրոպայում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությունը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

Լուսանկարում՝ Սուրբ Ղազարի մատենադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031