Ինչպես հայտնել էինք, ԱԺ լիագումար նիստում այսօր իշխանական եւ ընդդիմադիր թեւերի պատգամավորները, օրակարգից շեղվելով, կարելի է ասել՝ սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քարոզչություն իրականացրին։
Նախ, «Հայաստան» դաշինքից Արմենուհի Կյուրեղյանը քաղաքացիներին կոչ արեց իշխանությանը չընտրել, ապա ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընտրելով «Հայաստան» դաշինքին՝ քաղաքացիներն ընտրում են Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմին, ինչին ի պատասխան «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հորդորեց իրենց մասին այդքան չմտահոգվել։
Ապա ՔՊ-ից Ծովինար Վարդանյանը շարունակեց բանավեճը՝ խորհուրդ տալով «միմիկաներով» ելույթներ չունենալ։ Ի պատասխան ընդդիմադիրների շարքերից ինչ-որ խոսքեր լսվեցին․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանին նախազգուշացնում է՝ Ծովինար Վարդանյանին վիրավորելու համար։
Կարդացեք նաև
Ապա նա խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին խնդրեց ապահովել, որ դաշինքի պատգամավորների կողմից վիրավորական արտահայտություններ չհնչեն։
Հետո Ծովինար Վարդանյանը եւս պնդեց, որ «Հայաստան» դաշինքը խուսափում է ՏԻՄ ընտրություններում իր անունով հանդես գալուց։
Այնուհետեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը պատասխանեց Աննա Գրիգորյանին․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում ծեծել է ամեն դուռ ու ասել, որ սա քաղաքականության հետ կապ չունի, որ ընտրեն Առուշին, որ նա ազատ արձակվի: Այս մարդու նկարը (ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը) եթե անգամ «Մադրիդի» շապիկին դնենք, այդ թիմը չի հաղթի, ուր մնաց դուք ընտրություններ հաղթեք։ Տիկին Գրիգորյան, ասում եք, թե Կապանի մասին մենք իրավունք չունենք խոսելու։ Երեւի ձեր ամուսինն ունի, որը լինելով կապանցի՝ ծառայել է հենց Կապանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ