«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով մասնակցել առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին ու չընտրել իշխող քաղաքական ուժին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ԱԺ ամբիոնից նախընտրական քարոզչությամբ չզբաղվել։
Ապա «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի բարձր վարձատրվող PR մասնագետները խորհուրդ են տվել ՏԻՄ ընտրություններում «չերեւալ», որպեսզի քաղաքացիների մոտ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցիացիա չառաջանա։ «Դա տեղի ունեցավ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի դեպքում, որտեղ դաշինքն ամեն կերպ զերծ մնաց քարոզարշավին մասնակցելուց եւ զերծ պահեց Առուշանյանի անունը Ռոբերտ Քոչարյանի անունից։ Հետո, երբ ընտրությունները կայացան, ասացին՝ այ տեսաք, մենք հաղթեցինք։ Կապանցիներին ասեմ, որ նույն մարդիկ ու Քոչարյանի թիմը փորձում են իրենց հեռու պահել Գեւորգ Փարսյանից։ Ընտրելով Գեւորգ Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմին»,-նշեց Վահագն Ալեքսանյանը։
«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հեգնեց, որ Ալեքսանյանը բավականին հաճախ է մտահոգվում իրենց դաշինքի համար․ «Այնքան հաճախ, որ վախենամ՝ ընտրությունների ժամանակ մեր օգտին է քվեարկել։ Այդքան դարդ մի արեք, էլի, դուք ձեր դարդը լացեք։ Գորիսում չհաղթեցիք, որովհետեւ գորիսեցին գիտի, թե ում է ընտրել, իսկ դուք շքախմբով գնացիք ու չհաղթեցիք։ Հաղթողը գործ է արել, պատերազմի մասնակցել, ոչ թե սելֆիներ արել։ Իսկ կապանցուն իրավունք չունեք ասելու, թե ում ընտրի, դուք դրա իրավունքը չեք վաստակել»։
Կարդացեք նաև
ՔՊ-ի կողմից դահլիճից արձագանքներ եղան, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել եւ ամբիոնը չվերածել քարոզարշավի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ