Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է երկրներում, որոնք պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցում ապահովել. ՅՈՒՆԻՍԵՖ

Հոկտեմբեր 28,2021 13:34

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28  հոկտեմբերի, 2021 թվական – Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցում: Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն կեսի ընթացքում:

Հեռավար ուսուցման պատրաստվածության ինդեքսը չափում է երկրների՝ հեռավար ուսուցման անցնելու պատրաստվածությունը առկա կրթության խափանումների դեպքում՝ ընդգրկելով ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրների սովորողների գրեթե 90 տոկոսը: Վերլուծությունը հիմնվում է երեք չափորոշիչների վրա՝ տանը առկա միջոցների և ծնողների կրթության մակարդակի, ռազմավարության մշակման և ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կրթական ոլորտի պատրաստվածության:

«Նույնիսկ շարունակվող արտակարգ իրավիճակի ժամանակ մենք գիտենք, որ լինելու են մյուսները, սակայն բավարար առաջընթաց չենք գրանցել, որպեսզի երբ հաջորդ անգամ սովորողներին հարկադրաբար դուրս բերեն դասարանից, նրանք ավելի լավ տարբերակներ ունենան», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Անցած 19 ամիսները, թեև կործանարար էին, մեզ հնարավորություն տվեցին պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է հնարավոր համավարակի ընթացքում և դրանից հետո: Գործընկերների հետ միասին մենք ջանասիրաբար աշխատել ենք տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելու և երեխաներին ու երիտասարդներին ամենուրեք սովորելու հնարավորություններ ապահովելու համար»:

Զեկույցն անդրադարձ է կատարում հեռավար ուսուցման սահմանափակումներին և հասանելիության անհավասարություններին՝ զգուշացնելով, որ իրավիճակը, հավանաբար, շատ ավելի վատ է, քան ցույց են տալիս առկա տվյալները: Ուսումնասիրված երկրներից զատ՝ հասանելի ցանկացած տվյալ, այդ թվում որակական հետազոտությունները, ցույց են տալիս, որ սովորողները հեռավար ուսուցման խնդիրների բախվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Զեկույցի մյուս էական բացահայտումներից են՝

* Ուսումնասիրված 67 երկրներից 31-ը պատրաստ չէ հեռավար ուսուցում ապահովել կրթության որևէ մակարդակում, ընդ որում ամենաշատը տուժել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի դպրոցականները: 17 երկիր ունի միջին պատրաստվածություն, 19 երկիր՝ միջինից բարձր պատրաստվածություն։

* Նախադպրոցական կրթությունը ամենաանտեսված կրթական մակարդակն է. բազմաթիվ երկրներ կորոնավիրուսային արգելափակումների օրերին չեն կիրառում համապատասխան ռազմավարություն ՝ անտեսելով ամենափոքրիկ սովորողներին իրենց զարգացման համար ամենակարևոր տարիներին:

* Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս կարող են էապես ազդել կրթության հասանելիության վրա: Ուսումնասիրված 31 երկրներից 23-ը ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների մեծ կամ չափազանց մեծ ազդեցության՝ արտակարգ իրավիճակներում կրթական խափանումների ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ դնելով 196 միլիոն դպրոցականի:

* Արգենտինան, Բարբադոսը, Ջամայկան և Ֆիլիպիններն ունեն պատրաստվածության ամենաբարձր մակարդակը: Այնուամենայնիվ, նույնիսկ ինդեքսով առաջին հորիզոնականները զբաղեցրածների շրջանում երկրի ներսում առկա անհավասարությունների պատճառով ավելի աղքատ տնային տնտեսություններում կամ գյուղական վայրերում ապրող երեխաները դպրոցների փակման ժամանակ շատ հավանական է, որ չստանան համապատասխան կրթություն:

* Հուսադրող է հանգամանքը, որ համեմատաբար ցածր համախառն ազգային եկամուտ ունեցող շատ երկրներ միջինից բարձր միավորներ են հավաքել ինդեքսով, ինչը վկայում է միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման մասին:

Առկա ուսուցմանը ոչինչ չի փոխարինի, ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ, հեռավար ուսուցման կայուն համակարգերով դիմակայուն դպրոցները, հատկապես՝ թվային ուսուցումը, արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների փակման դեպքում կարող են կրթության որոշակի աստիճան ապահովել: Ավելին, երբ դպրոցները վերաբացվեն, այս համակարգերը կարող են օգնել սովորողներին լրացնելու բաց թողածը:

Reimagine Education (Վերստեղծենք կրթությունը) նախաձեռնության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է պետական և մասնավոր հատվածի հետ՝ երեխաներին և երիտասարդներին որակյալ թվային ուսուցման հավասար հասանելիություն ապահովելու համար՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը հասնել մոտ 3,5 միլիարդ երեխայի թվային ուսուցման համաշխարհային մակարդակի լուծումներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որդեգրած ուղիներից մեկը Կրթական անձնագիրն է՝ ուսումնական գլոբալ հարթակ, որ ստեղծվել է Microsoft-ի հետ համագործակցությամբ (այն սատարում է  1,6 միլիոն աշակերտների դպրոցների փակման ժամանակ): Բացի այդ՝ Reimagine Education-ին օժանդակում է Giga-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ITU-ի գլոբալ նախաձեռնությունը, որի նպատակն է յուրաքանչյուր դպրոց և նրա շրջակա համայնքը համացանցին միացնել: Անցյալ շաբաթվա դրությամբ Giga-ն 41 երկրներում 1 միլիոն դպրոց է քարտեզագրել և չորս մայրցամաքներում համացանցին միացրել ավելի քան 3000 դպրոց՝ հնարավորություններ ընձեռելով 700,000 սովորողների:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031