«Ավագանու նիստերը կարող են հրավիրվել նաեւ հեռավար ձեւաչափով։ Համայնքի ավագանին կհաստատի նաեւ տարեկան աշխատանքային պլանը։ Երկար ժամանակ է, սա արդեն կիրառվում է մի շարք համայնքներում։ Այդ պլանները տարեկան ուղեցույց են։ Հաշվետվությունը կտեղադրվի համայնքի կայքում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» եւ կից օրենքներում փոփոխությունների մասին օրինագծի զեկուցման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով՝ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթության անհրաժեշտության դրույթը հանվել է։
Ըստ օրենսդրական փաթեթի՝ մեկ ամսից ավելի իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարի պարտականությունները դրվում են համայնքի ղեկավարի առաջին տեղակալի վրա, իսկ տեղակալ չլինելու դեպքում` մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
«Հայաստան» դաշինքից Արմենուհի Կյուրեղյանը քննադատեց այս դրույթը՝ մատնանշելով, որ վարչապետը կամ մարզպետն իրենց համար ցանկալի անձանց են նշանակում պաշտոնակատարներ, եւ համայնքի բնակիչների մասնակցությունը կառավարման գործում զրոյանում է։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթում նշեց, որ ՏԻՄ մարմինների առնչությամբ փոփոխություններն առհասարակ դրական չեն, որովհետեւ ռիսկերը չեն նվազում․ «Այս փաթեթով վարչական ղեկավարի համար չկա պահանջ, որ ինքը պետք է լինի տվյալ բնակավայրից։ Սա եւ այն փաստը, որ բարձրագույն կրթության պահանջը հանվել է, տանելու են համայնքների օտարացմանը, ինքնակառավարումից զրկվելուն։ Չի կարելի մտածել, որ մեկին կնշանակեն՝ թող յոլա գնան։ Սա կկործանի բնակավայրերը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ