Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը հանդես եկավ «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով նախագծի շրջանակներում։ Քառյակի երաժիշտները՝ Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Անի Ադիկյանը (2-րդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ), Դավիթ Պիչիկյանը (թավջութակ), և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը հայ-ֆրանսիական մշակութային երկխոսությանը նվիրված ծրագրի ընթացքում ներկայացրին ստեղծագործություններ ֆրանսիական թեմաներով։
Ֆրանսահայ նկարիչներ Ժանսեմի և Գառզուի նկարների ցուցահանդեսն ամփոփվեց դասական երաժշտության կամերային համերգով. ծրագրում հնչեցին ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսի դաշնամուրային կվինտետը և Ստեփան Շաքարյանի ֆրանսիական կվինտետը։
Ջութակահար Էրիկ Մանուկյանը նշում է, որ քառյակի երկացանկում մեծ տեղ ունի եվրոպական երաժշտական ժառանգությունը. «Քառյակի ստեղծման օրից մենք ներկայացրել ենք ինչպես եվրոպական դասականների, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մեր նվագացանկում ընդգրկված են և՛ ժամանակակից, և՛ անցած դարերի հեղինակների գործեր»։ Ջութակահարը տեղեկացրեց, որ քառյակն առաջին անգամ էր համագործակցում դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի հետ, նա նաև հույս հայտնեց, որ այդ գործակցությունը կլինի շարունակական։
Նշենք, որ «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականին։ Քառյակն իր գործունեությամբ հանրության շրջանում տարածում է դասական արվեստը։ Երաժիշտները ելույթներ են ունեցել ՀՀ մարզերում, Արցախում։ Սարյանի անվան քառյակի համար կան գրված ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ