ՌԴ պատվիրակների քվեարկությունները ԵԽԽՎ հայամետ ու ադրբեջանամետ բանաձևերին․ ինչ են խոսում թվերը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված են եվրոպական և եվրասիական տարածաշրջանների ավելի քան 45 երկրների խորհրդարանների կողմից նշանակված պատվիրակություններ:
Վեհաժողովում քննարկվող բանաձևերին ու նիստերի օրակարգերին պատվիրակությունների անդամների քվեարկությունների միջոցով ուրվագծվում են նրանց ներկայացրած երկրների դիրքորոշումները միջազգային, տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև այդ երկրների վերաբերմունքն այլ երկրների հանդեպ:
Հայաստանը և Ադրբեջանը միջազգային այս կառույցին միացել են 2001 թվականին, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը կառույցին անդամակցում է դեռևս 1996 թվականից:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է 2001 թվականից ի վեր Ռուսաստանի՝ տարբեր տարիների պատվիրակությունների քվեարկությունները Հայաստանին, Ադրբեջանին և Արցախյան հիմնախնդրին առնչվող բոլոր բանաձևերի վերաբերյալ:
Նշենք, որ 2014 թվականին ԵԽԽՎ-ն, պայմանավորված Ղրիմի՝ ՌԴ-ին միացմամբ, զրկեց վերջինիս ձայնի, ինչպես նաև կառույցի ղեկավար մարմինների աշխատանքին ու դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից, և միայն 2019 թվականի հունիսին Վեհաժողովը քվեարկությամբ վերադարձրեց ռուսական պատվիրակության լիազորությունները: Ուստի, ստորև ներկայացված տվյալներում և ինֆոգրաֆիկայում շրջանցել ենք այդ ժամանակահատվածում ԼՂ խնդրին, ՀՀ-ին ու Ադրբեջանին առնչվող բանաձևերն ու դրանց քվեարկությունները:
ԵԽԽՎ-ում ՌԴ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման ու ռազմագերիների հարցերը
2008 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել էր «Ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը Ադրբեջանում» թիվ 1614 բանաձևը, որի 25-րդ կետում, նախ, արձանագրվում է Ադրբեջանի՝ Արցախյան հակամարտությունը «բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը», ապա նշվում․ «Վեհաժողովն արձանագրում է, որ Ադրբեջանի կայուն ժողովրդավարական զարգացումը ծայրահեղ բարդ կլինի, քանի դեռ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ»:
Բանաձևում Վեհաժողովն ի գիտություն է ընդունում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2008 թվականի մարտի 14-ի՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը և «վերահաստատում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը, աջակցում միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնումը և միանում հայկական զինված ուժերի՝ գրավյալ տարածքներից անհապաղ դուրսբերման պահանջին»: Բանաձևում ազգերի ինքնորոշման սկզբունքի որևէ հիշատակում չկա:
Հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում այդ ժամանակ ընդգրկված էին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից», Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ից, դեմ է քվեարկել բանաձևին: ԵԽԽՎ ռուսական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել է 8 պատգամավոր, որոնցից դեմ և ձեռնպահ քվեարկել են մեկական պատգամավոր: Պատվիրակության մեծամասնությունը աջակցել է հակահայկական ձևակերպումներով բանաձևը:
Արցախյան հիմնահարցին առնչվող հաջորդ բանաձևը, որի քվեարկությանը մասնակցել է ռուսաստանյան պատվիրակությունը, «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը (հունվար-դեկտեմբեր, 2020)» զեկույցն է: Հակամարտությանը վերաբերող 5-րդ, 8․11 և 11-րդ կետերում հավասարության նշաններ են դրվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ առաջինում նշվում է, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը հետևել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմին և հակամարտության խաղաղ կարգավորման կոչեր արել:
Բանաձևը ներառում է նաև կոշտ ձևակերպումներ՝ ՌԴ-ում մարդու իրավունքների, քաղաքական հետապնդումների, արդարադատության և այլ ոլորտների վերաբերյալ, և հենց սա է պատճառը, որ ռուսական ամբողջ պատվիրակությունը դեմ է քվեարկել դրան:
2021 թվականի սեպտեմբերին ընդունվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, որը, ի թիվս այլի, վկայակոչում էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օժանդակությամբ վարձկանների ներգրավումը, այդ երկրի՝ պետական մակարդակում հայերի նկատմամբ անհանդուրժողականության քարոզը («Ռազմավարի պուրակը»), ռազմագերիների իրավունքների խախտումները, խոշտանգման փաստերը, անհիմն ազատազրկումները, ռազմագերիների անհետացման, հնարավոր սպանության, նրանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցերը:
Ադրբեջանական ամբողջ պատվիրակությունը դեմ է քվեարկել բանաձևին, իսկ ռուսաստանյանը չի մասնակցել քվեարկությանը:
Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում, նշել է, թե «հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև»:
Այսպիսով, ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը ԼՂ հարցին վերաբերող բանաձևերից մեկին իր քվեարկությամբ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխարենը խուսափել է աջակցել հայկական կողմին՝ 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներն արձանագրող և ՌԴ միջնորդությամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի հայտարարության (8-րդ կետ) ոգուց բխող ձևակերպումներով բանաձևի հարցում:
Մարդու իրավունքների ոտնահարում, ազատ խոսքի ճնշում, քաղբանտարկյալներ․ ՌԴ-ն ու Ադրբեջանը նույն «արժեքների» ծիրում
Ռուսական պատվիրակությունն աջակցել է Ադրբեջանին՝ այդ երկրի ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքում առաջխաղացում արձանագրող եզակի բանաձևերին կողմ քվեարկելով: ՌԴ-ն 6 անգամ աջակցել է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին՝ հակաադրբեջանական ձևակերպումներ պարունակող բանաձևերին դեմ քվեարկելով․ բանաձևերը հիմնականում վերաբերել են այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, խոսքի ազատության սահմանափակումներին, քաղաքական հակառակորդների հետապնդումներին, քաղբանտարկյալներին, ընտրական գործընթացների խնդիրներին, կոռուպցիային արդարադատության և այլ ոլորտներում: Նկատենք նաև, որ բանաձևերից 5-ում առկա են եղել նաև հակառուսական ձևակերպումներ:
Ռուսական պատվիրակությունը հակաադրբեջանական ընդամենը 1 բանաձևի է կողմ քվեարկել, որը վերաբերել է Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության բացահայտման պահանջին:
Հայաստանին վերաբերող բանաձևեր
Ռուսական պատվիրակությունը 4 անգամ հիմնականում կողմ է քվեարկել ՀՀ-ի՝ ԵԽ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցներին, ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին վերաբերող զեկույցներին: Երկու անգամ չի մասնակցել հայամետ ձևակերպումներ ունեցող բանաձևերի քվեարկությանը, երկու անգամ էլ դեմ է եղել այդպիսի բանաձևերին․ դրանցում առկա են եղել նաև հակառուսական ձևակերպումներ:
Ռուսաստանյան պատվիրակությունը հիմնականում չի աջակցել ՀՀ-ին Մարտի 1-ին և դրան հաջորդած զարգացումներին վերաբերող բանաձևերի մեծ մասի ժամանակ, ընդ որում՝ դրանցից ընդամենը մեկն էր պարունակում նաև հակառուսական ձևակերպումներ:
Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում ամփոփված է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակության պատգամավորների՝ հայանպաստ/հակահայ և ադրբեջանամետ/հակաադրբեջանական ձևակերպումներով բանաձևերին քվեարկության վիճակագրությունը:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Infogram