Մեր երկրի համար «գլխավոր վտանգները» մատնանշելով՝ տնտեսագետ Կարեն Ադոնցը շեշտում է «Մեղրիի միջանցքը», որ մշտապես գտնվելու է գլոբալ խաղացողների ուշադրության կենտրոնում, պայմանավորված՝ 1. հակաիրանական ուժերի տեղակայման նոր «պլացդարմ» ձեւավորելու նպատակադրմամբ, 2. ադրբեջանական տարածքների ֆիզիկական միասնականացման նպատակով, 3. թուրք-ադրբեջանական տարածքները աշխարհագրորեն միավորելու նպատակով։ Տնտեսագետը առիթով նշել է, որ այս առումով ճնշումները մեզ վրա կարող են լինել տարբեր բնույթի. «Նախ եւ առաջ մեր կուտակվող արտաքին պարտքը, որը տարբեր գործոնների կիրառման պարագայում կարող է հանգեցնել ծանր հետեւանքների՝ միացնելով «աննկատ» գործողության դրված շղթան։ Շարունակաբար կուտակվող արտաքին պարտքի սպասարկման դժվարությունները կարող են անսպասելիորեն գործի դնել գործիքներ՝ արտաքին շուկաներում սահմանափակումներ, տրանսպորտային դժվարություններ, հավանական պատժամիջոցներ եւ այլն, որոնք մեկ ակնթարթում անելանելի իրավիճակի կարող են բերել»։
Կարեն Ադոնցն ընդգծում է, որ «առկա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ, որոնք կանցնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքներով, Հայաստանը չպետք է պայմանավորի որեւէ ռազմավարական ծրագրի իրագործում, քանի դեռ չի ձեւավորել այլընտրանք եւ համարժեք քայլերի հնարավորություն»։ Եվ միաժամանակ հավելում է, թե «Հայաստանը չի կարող եւ չպետք է վարի ընդգծված «միաբեւեռ» քաղաքականություն։ Առանց արեւմտյան շուկաներում գործելու, արեւմտյան ընկերությունների հետ տեխնոլոգիական սերտ համագործակցության, Հայաստանը զարգացման ապագա չունի։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի եւ Իրանի մասին»։
Հիմա՝ ի՞նչ անել, ինչպե՞ս զարգանալ, երբ մեր պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսին է հասնում, աղքատության մակարդակը բարձր է, արտաքին շուկաներում ներգրավվածությունը սահմանափակ է, ներդրումային գրավչությունը ռիսկային է, պետական ռեսուրսներն էլ սահմանափակ են։ Տնտեսագետի պատասխանը հստակ քայլերի մի ամբողջ շարք է ներառում, որոնցից առաջնայինը երեքն են՝ 1. ապավինել սեփական ներուժի համախմբմանն ու միասնականացմանը, 2. ամրապնդել հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերությունները ռազմավարական զարգացման եւ փոխշահավետության հենքի վրա, 3. սկսել լայնածավալ տնտեսական միասնականացման եւ բազմոլորտ զարգացման գործընթաց (խոսքը տնտեսական զարգացման ծրագրի մասին է)։
Այստեղ այլ հարց է ծագում՝ մեզ ի՞նչ կարգի տնտեսական աճ է պետք։ «Տնտեսական աճերը կարող են հատկանշվել երկու կերպ՝ «զարգացման աճ», երբ աճը բացում է նոր զարգացման հնարավորություններ, եւ «խորասուզվող» աճ, երբ աճը խթանվում է պարտավորությունների անհամաչափ կուտակումներով՝ առանց բացելու զարգացման էական հեռանկարներ։ Իսկ բացել զարգացման հեռանկար՝ ենթադրում է համակարգված կերպով վերափոխել տնտեսության կառուցվածքը, ինչն անհնար է առանց արտաքին շուկաներում ներկայացվածության կառուցվածքի նպատակային վերափոխման»,- նշում է մասնագետը՝ հավելելով, թե, օրինակ, կապիտալ շինարարության ծավալների ավելացումը Հայաստանի տարբերակում չի բերելու զարգացմանը միտված ներդրումների։ Արտաքին շուկաների ներկայիս նեղ կառուցվածքն ուռճացնելու է միայն առանձին ոլորտներ՝ դարձնելով տնտեսությունը գերզգայուն, անճկուն եւ ռիսկային։ Կարեն Ադոնցը համոզված է, որ մեր «բոլոր աճերը մշտապես եղել են «խորասուզվող» ուղեկցվելով պետական սեփականության փոշիացմամբ եւ պարտքերի անհամաչափ կուտակմամբ՝ չստեղծելով որեւէ հեռանկարային տեսլական։ Մեր «երկնիշ աճերը» տարել են մեզ ոչ թե «առաջ», այլ «խորք»»։
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: