Սովորաբար քաղաքական զարգացումների համատեքստում ժողովրդագրական հարցերին բավարար ուշադրություն չի դարձվում, սակայն դրանք կարող են առանցքային եւ հիմնարար ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Ժողովրդագրական գործիքի կարեւորությունը Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են գիտակցում եւ այն կիրառել են տասնյակ տարիների, իսկ Թուրքիայի պարագայում՝ հարյուրամյակների ընթացքում։ Այս առումով չափազանց կարեւոր է ամեն գնով ապահովել արցախցիների ներկայությունն իրենց հայրենի հողի վրա, քանի որ առանց հայի ներկայության ինքնըստինքյան կփակվի Արցախի հարցը։ Այդպես էին փորձում թուրքերը փակել նաեւ Հայկական հարցը, այն է՝ ցեղասպանության ճանապարհով։
«Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծով նախատեսված է, որ Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանության եւ անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն 4.489 մլրդ մանաթ կամ 2.642 մլրդ դոլար։ Հայաստանի հաջորդ տարվա պետբյուջեի ծախսերով պաշտպանության ոլորտին հատկացվելու է բյուջեի ծախսերի 15.8 տոկոսը կամ մոտ 347 մլրդ դրամ կամ 722 մլն դոլար: Դրանից 340 մլրդ դրամը ռազմական պաշտպանության պլանավորված ծախսերն են, մնացածն ուղղվելու է պաշտպանության ոլորտում հետազոտական եւ նախագծային աշխատանքներին:
2020 թ. էլ Ադրբեջանը կտրուկ ավելացրել էր իր ռազմական ծախսերը, մինչդեռ Հայաստանի պաշտպանական բյուջեն կրճատվել էր։ Այս մասին ապրիլին հրապարակված զեկույցում նշել էր սպառազինությունների շուկայի զարգացումը մշտադիտարկող եւ վերլուծող ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI)։
«2020 թ. Ադրբեջանը 17 տոկոսով ավելացրել է իր ռազմական ծախսերը, ինչը 2020 թ. ամենամեծ աճն էր Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ։ Այս աճի հիմնական շարժիչ ուժը Հայաստանի հետ հակամարտությունն էր Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- նշում են SIPRI-ի փորձագետները՝ հավելելով, սակայն, որ հակամարտության մյուս կողմը՝ Հայաստանը, 2020 թ. ոչ միայն չի ավելացրել պաշտպանական ծախսերը, այլեւ կրճատել է դրանք 2.6 տոկոսով։
Կարդացեք նաև
2020 թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 238 միլիոն դոլար, որի արդյունքում ռազմական ծախսերի աճով աշխարհում զբաղեցրել է 11-րդ տեղը։ SIPRI-ի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Հայաստանի 2020 թ. պաշտպանական բյուջեն գրեթե չորս անգամ ցածր է եղել Ադրբեջանի ռազմական բյուջեից եւ կազմել է 638 միլիոն դոլար։ Թուրքիայի ռազմական ծախսերը 2020 թ. կազմել են 17 միլիարդ 700 միլիոն դոլար։ Թեեւ զենքի եւ այլ ռազմական կարիքների համար Թուրքիայի ծախսերը նվազել էին 5 տոկոսով, սակայն բացարձակ թվերով՝ Թուրքիան շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում։ Բավական է նշել, որ 2011-ից ի վեր Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 77 տոկոսով։ «Աճի տեմպերն արագացել են 2015-ից ի վեր, երբ Թուրքիան սկսեց շատ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել»,- նշել են Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետները։
Հասկանալի է, որ նման մեծ տեմպերով զինվող երկիրը բնավ չի պատրաստվում խաղաղության։ Գերռազմականացված հարեւանների շրջապատում Հայաստանին այլ բան չի մնում, քան դառնալ անառիկ «ամրոց-պետություն»՝ զինված գերժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով, հայ ինժիներական մտքի թռիչքով եւ, իհարկե, ժողովրդագրական աճով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: