Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ ոչ միայն Ադրբեջանն է դիմադրում հրապարակված զեկույցներին, այլև ՀՀ այսօրվա իշխանությունները. «Փաստ»

Հոկտեմբեր 28,2021 10:41

Հայաստանը սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա)՝ Ադրբեջանի Հանրապետությանը մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Հայաստանը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնց թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցն է:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները սկսվեցին հոկտեմբերի 14-ին: Մոտ մեկ կամ մեկուկես ամսից Հաագայի դատարանը կհրապարակի գործով որոշումը: ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, հայցի բավարարման բոլոր հնարավորություններն ունենք:

Իսկ թե որոշումը ՀՀ-ի համար քաղաքական առումով ի՞նչ հնարավորություններ կստեղծի, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրն այստեղ է: Միջազգային հանրության սուբյեկտները, առանձին պետությունները կամ առանձին ներկայացուցիչները պետք է շարունակեն զարմանալ այն կրավորական, ոչ հետևողական կեցվածքից, որը դրսևորվում է այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից: Մենք չունենք այդպիսի նախադեպ, ինչպիսին ստեղծել է ՀՀ ՄԻՊ-ը իր վերին աստիճանի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ զեկույցներում: Մինչդեռ, արի ու տես, որ քաղաքական վերնախավը ոչ միայն դա չի օգտագործում ի շահ ՀՀ-ի բնակիչների, պետության անվտանգության պաշտպանության, այլ խիստ հակառակը՝ մերժում է:

ՄԻՊ-ը փաստահավաք բավականին լայնածավալ աշխատանքների հիման վրա զեկույց է ներկայացնում՝ կապված միջազգային իրավունքով նախատեսված մի փունջ հանցագործությունների հետ, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան միասին են իրականացրել: Մինչդեռ այդ ամենը հերքվում է՝ լինի ՀՀ ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, թե այդ քաղաքական խմբի առանձին ներկայացուցիչների կողմից: Աննախադեպ է սա: Այս կեցվածքն ուղղակի կարող է զրոյացնել անգամ Հաագայի դատարանի սպասվելիք որոշումը: Կարող է զրոյացնել ցանկացած որոշում, որ հօգուտ մեզ կկայացվեն: Մենք գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ ոչ միայն Ադրբեջանն է դիմադրում հրապարակված զեկույցներին, նման որոշումների հնարավորությանը, այլև ՀՀ այսօրվա իշխանությունները: Նրանք, մեծ հաշվով, վնասակար աշխատանք են իրականացնում: Եթե անգամ հետագայում մենք դիմենք այլ ատյաններ, այսօր ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարությունները արդեն իսկ իրենց վնասակար ազդեցությունը թողնում են»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031