Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողին փոխներարկվել էր վարակված արյուն

Հոկտեմբեր 28,2021 13:30

 Դատարանում հնչած հարցին՝ «Գործով ապացուցված է, որ տուժողին ներարկված արյունը վարակված է եղել «Հեպատիտ Ց»-ով: Դա ձեր լաբորատորիայում հնարավոր չէ՞ր պարզել», բժիշկը պատասխանել է. «Ոչ, իրենց լաբորատորիայում «Հեպատիտ Ց»-ի համար ոչինչ չունեն նայելու` ոչ ապարատուրաներն ունեն, ոչ հրահանգ ունեն: Եթե դա լիներ էլ, այդպիսի շտապ դեպքում իրենք չէին կարող արագ նայել, որովհետեւ ահագին պրոցես է կատարվում» (Դատական նիստի արձանագրությունից):

Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատարանն այս տարվա մայիսի 11-ին դատավոր Հ. Պետրոսյանի դատավճռով Հ. Մ.-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով:

Բժշկի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ նա ազատվել է պատժի կրումից: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը վերացրել է բժշկի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը: Հ. Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, որպես փոխներարկող, ստուգման չի ենթարկել բուժօգնության բերված տուժող Վ. Մարգարյանին եւ նրան փոխներարկվող արյան խմբային պատկանելությունն ու համատեղելիությունը, վստահել է լաբորատորիայի բժշկուհի Ժ. Գ.-ի տրամադրած տվյալներին, ինչի հետեւանքով Վ. Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է:

Դատական նիստի արձանագրությամբ բժշկին ուղղված հարցուպատասխանով կարելի է որոշակի կարծիք ունենալ կատարվածի մասին:

«Հարց– Դուք նշեցիք, որ տուժողը ծայրահեղ ծանր վիճակում բերվել է հիվանդանոց եւ որոշվել է ենթարկել անհապաղ վիրահատության: Դուք այդ վիրահատությանը որպես ի՞նչ մասնագետ եք մասնակցել:

Պատասխան-Վիրահատության ժամանակ անհրաժեշտ ցավազրկումը կատարել է ինքը, այսինքն՝ որպես անեսթեզիոլոգ բժիշկ:

Հարց-Այդ ժամանակ ո՞ւմ կողմից որոշում կայացվեց, որ Վ. Մարգարյանին պետք է արյուն փոխներարկել:

Պատասխան-Դա որոշել են երեք բժիշկներով` ինքը, վիրահատող բժիշկ Ջ.-ն, Զ.-ն:

Հարց-Ձեր հիվանդանոցի գլխավոր բժիշկի որեւէ իրավական ակտով կամ ներքին ակտով արյան փոխներարկման պարտականությունը ձեր վրա դրված եղե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան-Ոչ, ինքը ծանոթ չի եղել, իրեն ծանոթացման ոչ մի փաստաթուղթ չի տրվել եւ ոչ մի հրահանգավորման ինքը տեղյակ չի եղել:

Հարց-Սույն գործի դատաքննության ընթացքում փորձագետը հայտնեց, որ արյան փոխներարկողը պարտադիր վերապատրաստումներ է անցնում, քանի որ պարբերաբար փոփոխություններ են տեղի ունենում արյան փոխներարկման հաստատված կարգերում եւ պետք է պարտադիր վերապատրաստում անցնի, որպեսզի տեղյակ լինի կատարված փոփոխություններին: Դուք երբեւէ արյան փոխներարկման հետ կապված վերապատրաստումներ անցե՞լ եք, թե` ոչ:

Պատասխան-Չէ, ինքը չի անցել նման վերապատրաստումներ:

Հարց-Պարզաբանեք խնդրեմ, բուժական հաստատության վիրահատարանում, եթե ընդունենք կրկնակի ստուգման կարգ գոյություն ունի կամ ունեցե՞լ է, դուք ցանկության դեպքում հնարավորություն ունեցե՞լ եք արյան պատկանելություն եւ համատեղելիություն ստուգելու համար, անհրաժեշտ սարքավորումներ եղե՞լ են:

Պատասխան-Վիրահատարանում անհրաժեշտ բոլոր պարագաները բացակայում են եւ կատարել հնարավոր չէ:

Հարց-Դուք նշեցիք, որ արյան փոխներարկում առաջանալու պահին տուժողը գտնվել է անզգայացված վիճակում: Դուք այդ ժամանակ կարող էիք Վահեին այդ վիճակում թողնել եւ մեկ հարկ ներքեւ իջնել ու այդ գործողությունները լաբորատորիայում կատարել:

Պատասխան-Հիվանդին անզգայացման վիճակում պահող բժիշկը իրավունք չունի հիվանդին թողնել ու տեղափոխվել այլ տեղ, պետք է միշտ լինի հիվանդի մոտ:

Հարց-Վիրահատության ընթացքում դուք վիրահատության տարածքը լքե՞լ եք, թե` ոչ:

Պատասխան-Ինքը վիրահատական բլոկը չի լքել, միշտ եղել է տեղում»:

Իսկ մեղադրողի՝ Ա. Մարգարյանի հարցուպատասխանը հետեւյալն էր.

«Հարց-Փորձագետն ասում է. «եղել է արյունահոսություն, վիրահատական միջամտությամբ արյունահոսությունը դադարեցվել է»: Նման պայմաններում դուք պետք է նարկոզից հանեիք, նոր գնայիք կրկնակի ստուգում անեիք եւ բերեիք փոխներարկում կատարեիք:

Պատասխան-Այո, կարելի էր, եթե հիվանդին այդ վիճակից կարելի էր հանել, բայց նա շոկային վիճակում էր ու դա անհնար էր եւ նա չէր կարող այդ վիճակից դուրս գալ»:

2017թ. օգոստոսի 1-ին Գնդեվազ գյուղին հարակից ծիրանի այգում բերքահավաքման աշխատանքներ իրականացնելիս տեղի ունեցած վթարի՝ տրակտորի կցորդի եւ ծառի մեջտեղում սեղմված լինելու հետեւանքով Վ. Մարգարյանն առողջությանը ծանր վնաս պատճառված մարմնական վնասվածքներով ընդունվել է բժշկական հիմնարկ: Կատարված վիրահատությունից հետո, արյան մեծ քանակի կորստի պատճառով փոխներարկում կատարելու նպատակով նույն բժշկական կենտրոնում, որպես բժիշկ-սեռոլոգ աշխատող Ժ. Գ.-ն արյան հետազոտության կարգը սխալ է որոշել, չիրականացնելով դոնորից վերցված A (Երկրորդ) խմբի դրական ռեզուսով արյան եւ Վ. Մարգարյանի արյունների համատեղելիության, ինչպես նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, դրանք նշել է համատեղելի: Ապա այդ տվյալները տրամադրել է բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին: Մահացածի արյունը 3-րդ խումբ է եղել:
Ըստ մեղադրանքի, բժշկի ցուցումով «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյունը բուժքույր-անեսթեզիստը կաթիլային եղանակով փոխներարկել է տուժողին, ինչի հետեւանքով վերջինիս մոտ «զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, որը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը եւ արդյունքում, չնայած հետագա բուժման նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելուն եւ այնտեղ ճիշտ ու ժամանակին իրականացված բուժհետազոտությունների եւ բուժման, 2018թ. օգոստոսի 5-ին Վ. Մարգարյանը մահացել է»:

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ.Պողոսյանի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2018թ. հոկտեմբերի 18-ից դատարանում է:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել, պահանջում է կայացնել նոր դատական ակտ եւ առաջադրված մեղադրանքում բժշկին արդարացնել: Նշված պահանջը մերժելու դեպքում՝ դատավճիռը բեկանել պատժի մասով եւ գործն ուղարկել նոր քննության: Մերժելու դեպքում՝ դատավճիռը բեկանել պատժի մասով եւ բժշկի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակել: Վերաքննիչ քրեական դատարանը (Ա. Նիկողոսյան, Վ. Ռշտունի, Մ. Հարությունյան կազմով) երկու անգամ հետաձգել է բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031