Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե… «Փաստ»

Հոկտեմբեր 28,2021 09:30

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։

Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։ Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։

Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։

Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։ Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։

Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։

Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։

Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031