Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ դիմակ դրեք քովիդի դեմ, մե՞նք ինչ դնենք, որ պաշտպանվենք ցեմենտից ու ցիանիդից». Տիգրան Մաթեւոսյան. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2021 01:30

«Ասում են՝ դիմակ դրեք քովիդի դեմ, մե՞նք ինչ դնենք, որ պաշտպանվենք ցեմենտից ու ցիանիդից»,-ասում է Տիգրան Մաթեւոսյանն ու ցույց տալիս Արարատի ցեմենտի գործարանից դուրս եկող ծուխը: Տիգրանը «Արմաշ գյուղական համայնքների աջակցման եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավարն է, Արարատի մարզի բնակիչ:

Ասում է՝ ծնված օրվանից իր եւ արարատցիների մաշկի վրա է զգում ցեմենտի գործարանի վնասակար ազդեցությունը: Այդ գործարանից մի փոքր այն կողմ Արարատի ոսկու գործարանն է: Ոսկու գործարանն էլ Արարատի մի քանի բնակավայրերից ընդամենը մեկուկես կիլոմետր հեռավորությամբ է: Գործարանին մերձակա բնակավայրերից են Երասխավանը, Արարատ քաղաքը, Սուրենավանը, Զոդը:

Տիգրան Մաթեւոսյանի խոսքով, այդ տարածքներում օդն ամբողջությամբ հագեցած է ցեմենտի փոշով ու ցիանիդով: Չնայած, որ չկա որեւէ հետազոտություն, որը կվկայեր այդ մասին, բայց Տիգրանը կարծում է, որ Արարատի տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների ու չարորակ նորագոյացությունների բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ երկու ֆաբրիկաների գործունեությամբ:

«Անցյալ տարի մեր համագյուղացուն տարան Գերմանիա, բայց կյանքը փրկել չհաջողվեց, քաղցկեղ ուներ: Էն տարի էլ մի կնոջ տարան: Էնքան որ սրտահովանքի համար տանում են, բայց չեն կարողանում բուժել: Ու սենց բազմաթիվ դեպքեր գիտենք մեր գյուղում, հարեւան գյուղերում ու քաղաքում»,-ասում է Տիգրանը՝ մատնացույց անելով գործարանների շրջակայքի ամայի ու չորացած բնությունը: Նրա խոսքով, Անտառապատում պիտի անեն, որպեսզի վնասը նվազեցնեն, բայց դա էլ չեն անում:

Տիգրանը մտահոգություն հայտնեց, որ իրենց բնակավայրերի ջրային ռեսուրսներն էլ վտանգված են. «Կախանովի ջրատարից օգտվում են Սուրենավանի եւ այլ համայնքների բնակիչները, պարզ չէ՝ ի՞նչ ազդեցություն է ունենում այդ ցիանիդը ջրատարի, ձկնաբուծարանների վրա: Մարդիկ անասուններ են պահում, այգիներ են մշակում: Մեզ հա ճղենք, թե մաքուր սնունդ ենք արտադրում, էդ թույների մեջ ի՞նչ մաքուր սնունդ:  Տարիներով այդ միրգ-բանջարեղենն ուտելով հետքը թողնում է մեր առողջության վրա»:

Արարատի ոսկու գործարանը պատկանում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, Արարատի ոսկու գործարանում մշակում են հանքանյութը, որը ստանում են Զոդի ոսկու հանքավայրից: Նրա տվյալներով,  2019 թվականին այստեղ մշակվել է 1 միլիոն 500 հազար տոննա հանքանյութ. «Ցիանային տեխնոլոգիան մնացել է, բայց փոխել են ցիկլը, որը կոչվում է «ալբիոն», դա ոչ թե վտանգների նվազեցումն է, այլ՝ ոսկու կորզման ավելի արդյունավետ մեթոդ է, եւ ոսկու կորզումը նրանք մի քանի անգամ շատ են կատարում: Նրանք այստեղ ստանում են դոռեի ձուլվածք եւ արտահանում են միջազգային շուկա»:

Ինգա Զարաֆյանն ասում է՝ ցիանային տեխնոլոգիաների միջոցով  շրջակա միջավայր արտանետվում է ցիանիդ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, քլորի գոլորշիներ, ածխի եւ հանքաքարի փոշի:

Ոսկու գործարանի պոչամբարը, որը գտնվում է Արարատ գյուղի վարչական տարածքում, մոտ 5800 մետր հեռավորությամբ է գործարանից: Այսինքն՝ հենց պոչատարի երկարությունն այդքան է: «Պոչամբարը լցված է մինչեւ 814,5 մետր նիշի, իսկ նիշի վերին ծավալը կազմում  է 821 մետր, այսինքն՝ մոտ վեց մետրի տարբերություն է մնում: Դա նշանակում է, որ պոչամբարը բավականին լցված է, եւ նրանք պետք է մտածեն՝ ինչ անել այդ պոչամբարի հետ»,-ասաց Ինգա Զարաֆյանը՝ նշելով, որ վտանգված են տարածքի ջրային ռեսուրսները:

Ըստ նրա, ջրային ռեսուրսների մեջ դանդաղ, բայց անընդհատ, առանց ընդմիջման այդ միացությունները լցվելով գնում են դեպի գետ. «Այդ ամբողջը հավաքվում է մոտակա ստորգետնյա կամ վերգետնյան ջրային հոսքի մեջ, սա բնության ցիկլ է, այդ ցիկլից ոչ ոք չի կարող փախչել եւ այդ ցիկլի մեջ մենք անպայման ունենք այդ պոչամբարի պոչերը: Այստեղ մարդիկ են ապրում, որոնք այդ ջրերն են օգտագործում, բայց որեւէ փոխհատուցում չեն ստանում: Ավելին՝ միայն Արարատ քաղաքն է համարվում ազդակիր համայնք այդ գործարանի համար, բայց Արարատ գյուղը, որտեղ պոչամբարն է, չի համարվում ազդակիր համայնք: Քանի տարի պայքարում են, բայց ոչ մի պատասխան չկա, ո՛չ գործարանից, ո՛չ կառավարությունից եւ ո՛չ էլ նախարարությունից»:

Ինգա Զարաֆյանը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է հետազոտությունների հիման վրա գնահատի հետեւանքների ազդեցությունը: Սակայն մինչ այս որեւէ նման հետազոտություն չի կատարվել. «Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ սկսել են գործընթաց, որպեսզի տեսնեն, թե իրոք կա՞ այդպիսի ցուցանիշ շրջակա միջավայրի ազդեցության համար մարդու առողջության վրա»:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով, Լոռու մարզում  70 քաղաքացի դիմել են դատարան՝ ընդդեմ հանքարդյունաբերողների՝ պահանջելով փոխհատուցում: Որ հանքարդյունաբերությունը մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, անզեն աչքով էլ երեւում է, բայց դրա ապացույցներն էլ ունեն:

Ըստ նրա խորքային հետազոտությունները կատարվել են Լոռու մարզի Ախթալա համայնքում՝ մասնավորապես պոչամբարամերձ տարածքում ապրող բնակչության շրջանում. «Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել այդ տարածաշրջանում հանքարդյունաբերության եւ շրջակա միջավայրի աղտոտվածության ուղղակի ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Աղտոտման աղբյուրները, դրանց տարածման շառավիղը, եւ թե ինչպես է այն թափանցում հողի մեջ, ինչպես է հետո թափանցում մարդկանց օրգանիզմ՝ այդ թվում գյուղմթերքի միջոցով»:

Օլեգ Դուլգարյանի խոսքով, այդ տարածաշրջանում ունենք չարորակ նորագոյացություններով հիվանդությունների մեծ տարածվածություն, մեծ քանակությամբ մարդիկ ունեն սրտանոթային հիվանդություններ, երեխաների մոտ տարբեր խանգարումներ, ալերգիկ դրսեւորումներ, քրոնիկ գլխացավեր. «Մեծ Այրում համայնքում պոչամբարամերձ տարածքում ապրող երեխաների օրգանիզմում մկնդեղի քանակությունը նորմայից բարձր է: Միջազգային չափորոշիչները թույլ են տալիս, որ մկնդեղի քանակությունը մեկ գրամ կրեատինի մեջ լինի 0,05 միլիգրամ, բայց այն տարածքում որտեղ երեխաներն ապրում են 0,58 միլիգրամ է կազմում մեկ գրամ կրեատինի մեջ, այսինքն՝ տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելիի շեմը»:

Օլեգ Դուլգարյանը վստահեցնում է՝ հիվանդությունների փունջ ունեն նաեւ Արարատի բնակիչները: Արարատ գյուղի պոչամբարի հարեւանությամբ ձմերուկի դաշտեր են:

«Այս բնակավայրերում էլ մահերը, չարորակ նորագոյացություններով հիվանդությունները բավականին շատ են, որոնք անգամ անզեն աչքով երեւում են, սակայն մենք չունենք պետական պաշտոնական վերաբերմունք, թե կոնկրետ այս տարածքում ինչով են պայմանավորված այդ հիվանդությունները: Նույնիսկ չունենք հավաքագրված վիճակագրություն՝ իրականում որքան տոկոս են դրանք կազմում: Եթե մենք տեսնում ենք, որ այստեղ գործում է անասնաբուծական ֆերմա, գետ է հոսում, պոչամբարի մյուս ափին գյուղատնտեսական մթերքներ են աճեցնում, դա նշանակում է, որ այդ հետեւանքներն անխուսափելի են»:

Ինգա Զարաֆյանի տվյալներով, 2015 թվականից մինչեւ 2019 թվականը հանքարդյունաբերությունը մեր երկրում  36 500 հեկտարից դարձել է  38 600 հեկտար. «Այսինքն՝ մոտ 2000 հեկտարով մեզ մոտ ավելացրել են հանքարդյունաբերության տարածքները: Ունենք 21 պոչամբար: Ամենավտանգավոր պոչամբարը համարվում է Արարատի ցիանային պոչամբարը, որովհետեւ այստեղ պոչերը, որպես արդյունաբերական թափոն, հիմնված է ցիանային տեխնոլոգիայի արտադրության վրա: Երկրորդը՝ ցինկային, կապարային պոչամբարներ են՝ Գեղանուշինն ու Ախթալայինը: Այդ երեքը համարվում են առաջին կարգի ամենավտանգավոր  պոչամբարները»:

Ըստ տիկին Զարաֆյանի, 2002 թվականին ունեինք վտանգավոր պոչամբարների համակարգում, բայց այդ համակարգը հանվեց. «Որովհետեւ 2011 թվականին ունեցանք ընդերքի մասին նոր օրենսգիրք, երբ որ պոչամբարները համարվեցին երկրորդային տեխնածին հանքավայրեր, ինչի արդյունքում ամբողջությամբ հանվեց պատասխանատվությունն այդ ձեռնարկությունների վրայից, որոնք արտադրում էին այդ վտանգավոր պոչերը եւ պետք է պատասխանատվություն կկրեին դրանց անվտանգ լինելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031