Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան եւ Նոր Նորք նստավայր) երեկ նշանակվել էր Հովհաննես Սահակյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Այն հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 12-ին:
Պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մնացական Ղազարյանն (լուսանկարում) «Առավոտին» հայտնեց, որ մտադիր էր հանդես գալ միջնորդությամբ:
Ըստ այդ միջնորդության, նրա պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում է ընտրվել 2019թ. հուլիսի 20-ից: Ներկայումս Հովհ. Սահակյանը գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հոկտեմբերի 4-ին կալանավորի առողջական վիճակը՝ ձախ ստորին վերջույթի աորտայի մեծ սուր վերընթաց թրոմբոզի տեղաշարժի հետեւանքով կտրուկ վատացել է եւ վերջինս շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր ենթարկվել է վիրահատության: Թրոմբի այդ հատվածը հեռացվել է:
Սահակյանը հանդիսանում է «սուր վարիկոթրոմբոֆլեբիա» ախտորոշմամբ խրոնիկական հիվանդ, միաժամանակ, ըստ պաշտպանի, ունի այլ հիվանդություններ էլ, նախկինում թրոմբի տեղաշարժի հետեւանքով ստացել է թոքի ինֆարկտ, նրա կյանքը կարողացել են փրկել:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին անհրաժեշտ է ամենօրյա նեղ մասնագիտական բժշկական հսկողություն, ինչը չունի ԱՆ քրեակատարողական հիմնարկը, եւ առհասարակ, քրեակատարողական որեւէ հիմնարկ, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոցը»:
Կարդացեք նաև
«Արյան մակարդելիությունը նվազեցնելու դեղամիջոցների մեկ հաբն արժե 5000-7000 դրամ, որը մեկ ամսվա կտրվածքով կկազմի 50 000 -100 000 դրամ», – ասաց փաստաբանը, հավալելով, որ Սահակյանի մեկ օր անգամ մնալը հղի է անցանկալի հետեւանքներով:
Դատարան էին բերվել սոնոգրաֆիայի պատճենը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը, էլեկտրակարդիոգրամայի ժապավենի եւ կալանավորի հիվանդության պատմության լուսապաճենները:
Պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու, գրավի ողջամիտ չափ սահմանելու վերաբերյալ կքննարկվի նոյեմբերի նիստում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2021