Արիստոֆանեսի եւ Հոմերոսի գրվածքներում նույնիսկ հիշատակվում է վարսահարդարման մասին։ Աֆրիկյան որոշ մշակույթներում հավատում էին, թե մարդու հոգին տեղակայված է մազերի մեջ։ Կարճ ասած՝ վարսահարդարման արվեստը հազարամյակների պատմություն ունի։
«Առավոտը» քանիցս անդրադարձել է ոչ միայն հայաստանցի վարսահարդար-ոճաբանների, այլեւ արտերկրում բնակվող մեր համերկրացիների, ինչպես նաեւ այս ոլորտի այլազգի ներկայացուցիչների արվեստին։ Ու թեեւ Հայաստանում այժմ գործում են վարսահարդարների եւ կոսմետոլոգների ասոցիացիա, դիմահարդարների եւ վարսահարդարների միություն, բայց ժամանակ առ ժամանակ դժգոհություններ կան կոնկրետ վարսահարդարներից. ասում են, թե այրել են մազերը, գլխամաշկը եւ այլն, եւ այլն։ Ասվածը միանշանակ չի վերաբերում մեր այսօրվա զրուցակցին՝ ամերիկաբնակ վարսահարդար-ոճաբան Գարի Մադաթյանին, որի հետ օնլայն կապն ապահովեց պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը։
Դատեք ինքներդ. 33-ամյա հայ վարսահարդար-ոճաբանի ծառայություններից օգտվել են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Բրիթնի Սփիրսը, մոդել Աբիգաիլ Ռաթչֆորդը, Քիմ Քարդաշյանը, ամերիկյան հանրահայտ «Վամպիրի օրագիրը» սերիալի դերասան Իան Սոմերհոլդերը, Դիմա Բիլանը եւ այլն։ Դավիթ Ղարիբյանը ներկայացնելով հայ բարձրարվեստ վարսահարդար-ոճաբանին, հատուկ նշել էր, որ նա ընդամենը 23-24 տարեկանում հիմնել է «Andore» սալոնը, որը գտնվում է Կալիֆոռնիայում, Բեւերլի Հիլզում, Ռոդեո Դրայվ փողոցում, «Դոլչե Գաբանա», «Վերսաչի», «Դիոր», «Շանել», «Վալենտինո», «Գուչի» եւ այլ համաշխարհային բրենդների սրահների կողքին։
Մեր զրուցակցից պարզեցինք, որ կարիերան սկսել է Երեւանում, 16 տարեկանում. «Կարճ ժամանակահատված աշխատում էի Հ1-ում՝ որպես վարսահարդար-ոճաբան։ Նման հաստիք չկար եւ ինձ ձեւակերպել էին որպես ռեժիսորի ասիստենտ։ Իսկ հետո, երբ ընտանեկան հանգամանքների բերումով 18 տարեկանում հայտնվեցի Ամերիկայում, մասնագիտությանս մեջ խորացա ուսանելով տարբեր քոլեջներում։ Մեկ-երկու տարի անց բացեցի իմ առաջին սալոնը։ Տարիների ընթացքում համագործակցեցի ոչ միայն սփյուռքահայ երգիչների, այլեւ ինչ-ինչ պատճառներով Ամերիկա ժամանած շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Սիրուշո, Էմմի, Լիլիթ Հովհաննիսյան եւ այլն, ինչպես նաեւ գեղեցկուհիներ Անգելինա Բաբաջանյանի, Գոհար Հարությունյանի, Լուսինե Թովմասյանի հետ։ Կարող եմ ասել, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եթե ոչ 100, ապա 95 տոկոսը մշտապես դիմում է ինձ»։ Դիտարկմանը՝ վստահ ենք, որ մեր շոու-բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, իրեն չի կարող թույլ տալ, մեգաաստղերի օրինակով, վճարել միայն վարսահարդարման համար, ասենք՝ շուրջ 10 հազար դոլար, Գարի Մադաթյանը պատասխանեց. «Գուցե առաջին հայացքից անհամեստ թվա, բայց ես ինձ գնահատում եմ, ի վերջո գիտեմ, թե ինչ կարգի մասնագետ եմ։ Պարզվում է՝ դուք հիանալի տեղյակ եք գներին։ Կպատասխանեմ ուղիղ. ես հայ եմ, չեմ կարող սակարկել հայրենակիցներիս հետ եւ, ի վերջո, եթե նրանք կարող են վճարել, օրինակ՝ 300 դոլար, ես պարզապես նվիրում եմ աշխատանքս։ Օրինակ, Սիրուշոն քանիցս առաջարկել է գումար, ինքս չեմ վերցրել այն, քանի որ նա իմ ընկերն է։ Եվ հետո, շփումները համաշխարհային աստղերի եւ հայաստանյան արտիստների հետ տարբեր են, կան նաեւ մարդկային փոխհարաբերություններ…»։
Իսկ թե ինչպես է պատահել ծանոթությունը Ուիթնի Հյուսթոնի հետ, Գարին հիշեց. «Տարիներ առաջ էր։ Ռեստորանում էի, երբ հանկարծ նկատեցի Հյուսթոնին՝ եղբոր հետ։ Գուցե հայկական գենը խոսեց ներսս եւ պահի տակ որոշեցի փակել նրանց հաշիվը։ Ի զարմանս ինձ՝ նրանք մոտեցան եւ շնորհակալություն հայտնեցին։ Մինչ օրս մտերիմ եմ գերաստղի եղբոր հետ։ Ինչ վերաբերում է Հյուսթոնի սանրվածքին, ինձ բախտ է վիճակվել ընդամենը մեկ անգամ հարդարել նրա մազերը։ Ասեմ նաեւ, որ երգչուհին նախընտրում էր աշխատել տարիներ շարունակ հագուստի նույն դիզայների, ինչպես նաեւ վարսահարդար-ոճաբանի եւ արտիստին այնքան անհրաժեշտ այլ ծառայություն մատուցող մասնագետների հետ։ Եղել են դեպքեր, երբ ես էլ մի քանի տարի ապահովել եմ, օրինակ, Դեվիդ Բեքհեմի, Նիկոլաս Քեյջի ընտանիքի անդամների ոճը»։ Հարցին՝ գիտենք, որ ընդհանրապես խուսափում եք լրագրողներից, բայց գուցե բարձրաձայնե՞ք այն սրահի անունը, որի հետ ավելի քան երեք տարի համագործակցում եք Երեւանում եւ Մոսկվայում, Գարի Մադաթյանի պատասխանը հակիրճ էր. «Անկա Սուքիասյանի Ankasa նորաձեւության սրահն է»։
Կարդացեք նաև
Վարսահարդար-ոճաբանի հետ զրույցից հետո դիզայներ Դավիթ Ղարիբյանը հավաստիացրեց, որ նախատեսում է եկող տարի Գարի Մադաթյանին հրավիրել Հայաստան, կազմակերպել վարպետության դասեր եւ, ինչու ոչ, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների ժյուրիի աշխատանքներին մասնակցած մեր հայրենակցի նախագահությամբ անցկացնել մրցույթ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2021