Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ պետք է ոչ միայն էթիկայի կանոններն իմանա, այլեւ բարձր մշակույթի կրող լինի»

Հոկտեմբեր 28,2021 12:00

Հարցազրույց «Գոյ» թատրոնի դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Էդգար Անդրեասյանի հետ

– Մեր զրույցը սկսենք խոսելով թատրոն ձեր մուտքի մասին։ Ինչպե՞ս ստացվեց, չե՞ք զղջում մասնագիտական ընտրության հարցում։

– 2016թ. ընդունվեցի ԵԹԿՊԻ դերասանական բաժին՝ Արմեն Մազմանյանի արվեստանոց։ Լուսահոգի վարպետս լսարանում այնպիսի միջավայր էր ստեղծել, որ կարծես փոքրիկ թատրոնում սովորեինք։ Այնպիսի մթնոլորտ էր, որ միանգամից սեր արթնացավ ապագա մասնագիտության հանդեպ։ Այդ տարի Արմեն Աղասիչը թատրոնում բեմադրում էր «Մարատ Սադ» ներկայացումը։ Մի օր դասաժամին հայտարարեց, որ ուսանողներից մի քանիսը պետք է թատրոն գնան փորձի, այդ թվում նաեւ ես։ Գնացինք, եւ հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Այդ օրվանից մի նպատակ դրեցի իմ առջեւ՝ անպայման խաղալ թատրոնում։ Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, մինչ օրս մեծ սիրով աշխատում եմ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մի օր կզղջամ, որ ընտրել եմ հենց դերասանի մասնագիտությունը։

– Ի՞նչ հասկացաք, երբ առաջին ներկայացման մեջ խաղացիք։

– Առաջին պատասխանատու ներկայացումը Պետեր Վայսի «Մարատ Սադն» էր։ Զգացողություններս աննկարագրելի էին, դրական, հուզիչ։ Մեծ պատասխանատվություն էր խաղալ վարպետի բեմադրած ներկայացման մեջ պրոֆեսիոնալ դերասանների հետ, արժանանալ գովասանքի, վայելել հանդիսատեսի ծափերը։

– Սիրելի աշխատանքը մեկտեղել գեղեցիկ ընտանիքի հոգսերի եւ առօրյա խնդիրների հետ, ստացվո՞ւմ է։ Ինչպե՞ս եք տեղավորվում քսանչորս ժամվա մեջ։

– Իմ կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում ընտանիքս: Կարծում եմ, երբ ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է, աշխատանքի ես գնում հաճույքով, եւ օրվա ընթացքում շատ բան կարող ես հասցնել: Առօրյա հոգսերը չեն հաղթի քեզ, եթե դրանք հաղթահարես, ոչ թե բողոքելով, այլ դրական տրամադրվածությամբ: Ցանակցած խնդիր լուծելի է, միմիայն գործել է պետք։

– Հանդիսատեսը ձեզ մի շարք ներկայացումներից ծանոթ է։ Միշտ տարբեր կերպարներով ու հավանաբար նաեւ կերպարին բնորոշ ձայնով եք հանդես գալիս։ Հե՞շտ է։

– Այո, ճիշտ եք, կերպար կերտելիս փորձում եմ գտնել ոչ միայն կերպարին բնորոշ քայլվածք, ժեստեր, այլեւ՝ ձայն։ Այնքան էլ հեշտ չէ, բայց երբ աշխատանքդ արդյունք է ունենում, եւ հանդիսատեսը նկատում է ու բարձրաձայնում, մոռանում ես բարդությունների մասին։ Ամեն ինչ դեռ առջեւում է, նոր կերպարները կբերեն նոր բարդություններ: Ամենակարեւորն այն է, որ բարդությունները հաղթահարելի են: Կարծում եմ՝ հենց սա է կոչվում ստեղծագործել, որն էլ տարերք է։

– Նաեւ մանկական ներկայացումներում եք խաղում, վերջերս էլ կայացած «Ապելանգոբուս» ներկայացման մեջ հանդես եք եկել շան կերպարով։ Ինչպե՞ս եք համոզում մանուկ հանդիսատեսին, ի՞նչ բարդություններ է պարունակում։

– Բոլորը գիտեն, որ մանուկներն ամեն ինչ են նկատում եւ շատ անկեղծ ու տեղին նկատողություններ են անում։ Երեխաներին համոզել եւ գոհացնել հնարավոր է միայն անկեղծ խաղով։ Ինչպես իրենք են խաղերի ժամանակ հավատում, որ այս պահին լուցկու տուփը ինքնաթիռ է, իսկ գրիչը՝ ատրճանակ, միեւնույն ժամանակ, քեզ մտցնելով խաղի մեջ, համոզում, որ դու էլ պետք է ընկնես, երբ նրանք գրիչից կրակում են, այնպես էլ ես պիտի հավատամ, որ շուն եմ, եւ հետո նրանց մտցնեմ իմ հորինած խաղի մեջ եւ հավատացնեմ, որ հավատարիմ եմ, հաչում եմ, բայց չեմ կծում։

– Ինչքանո՞վ եք կարեւորում թատրոնի դերը մեր հասարակության համար։

– Այսօր շատերը, քայլելով ժամանակի հետ, մոռանում են, որ մարդ պետք է ոչ միայն իմանա էթիկայի կանոնները, լինի բարձր մշակույթի կրող, այլեւ կարողանա դա գործի դնել։ Օրեցօր ավելի ու ավելի ենք կապվում հեռախոսին եւ ինչ-որ բան փնտրում փոքրիկ տեսահոլովակների կամ սերիալների մեջ, եւ եթե մի ժամանակ հիմնականում սերիալների տխուր ազդեցությունն էր հասարակության լայն շրջանակների վրա, (դրանց հեղինակներն իրենց խոտան արտադրանքն արդարացնում էին, ասելով` մատուցում ենք այն, ինչ ուզում են), հիմա հեռախոսներն են «դաստիարակում եւ կրթում»։ Այս իրավիճակում մեծ ցանկություն ունեմ, որ գոնե թատրոնը հավատարիմ մնա իր ստեղծագործական բարձր սկզբունքներին: Բարձրացնի, կրթի, դաստիարակի, խոսի հանդիսատեսի հետ իր՝ թատրոնի լեզվով, եւ ոչ թե այն լեզվով, որով կթելադրեն։ Գեղարվեստական կերպարը պիտի դերասանի կողմից մատուցվի այնպես, որ հանդիսատեսը ներկայացում նայելիս զղջա, կատարսիս ապրի, այլ ոչ թե ուրախանա գռեհկություններով եւ ավելի վատը դառնա։

– Այս համատեքստում նաեւ խոսենք դերասանի երջանկության մասին։

– Իմ կարծիքով դերասանը երջանիկ է, երբ անդադար ստեղծագործում է, խաղում նոր ներկայացումների մեջ, աշխատում տարբեր ռեժիսորների հետ եւ հաճույք է ստանում իր աշխատանքից։ Երջանկություն է նաեւ, երբ դերասանը գնահատված է, սիրված ոչ միայն հանդիսատեսի կողմից, այլ նաեւ կոլեգաների։

– Ե՞րբ եք հասկանում, որ թատրոնում կարող եք իրական կյանքից ինչ-որ բան փոխել դեպի լավը…

– Ես հանդիպել եմ մարդկանց, որոնց ճանաչել եմ որպես ցածրաճաշակ անձնավորություններ, ովքեր անգամ թատրոն չեն գնացել իրենց կյանքում: Երբ նման մարդկանց հրավիրում եմ, օրինակ, Ալբեր Քամյուի թեմաներով մի բարդ բեմադրություն նայելու, հետո նրանք գնում են, ընթերցում են գործը, ապա կրկին գալիս են ներկայացումը դիտելու, փորձում են ավելի լավ հասկանալ թե՛ բեմադրությունն ու դերասանների խաղը, թե՛ գրական ստեղծագործությունը, հասկանում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե, իհարկե, արվեստագետը հավատարիմ է մնում իր սկզբունքներին։

– Նաեւ դասախոսում եք ԵԹԿՊԻ-ում եւ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։ Ինչպե՞ս է ընթանում ուսումնական գործընթացը ուսանողների հետ եւ արդյոք լինո՞ւմ են նոր ու հետաքրքիր բացահայտումներ` մասնագիտական եւ այլն…

– Ես իմ կարճատեւ դասախոսական կյանքում փորձում եմ ուսանողներին իմ փորձը հաղորդել: Ուսանողների հետ աշխատում եմ հաճույքով, եւ փորձում եմ սեր արթնացնել առարկայի եւ ապագա մասնագիտության հանդեպ։ Շատ հաճախ դասը վերածում եմ բեմական փորձի, ստեղծում այնպիսի մթնոլորտ, որ ուսանողներն իրենք իրենց հնարավորությունները բացահայտեն եւ որ դաս պատասխանելը եւ գնահատական ստանալը չդառնա գերխնդիր: Փորձում եմ այնպես անել, որ ստեղծագործելը դառնա հաճելի, ոչ թե զուտ պարտադրանք: Շատ շնորհալի ուսանողներ ունեմ, եւ կարելի է ասել, ամեն դասի մասնագիտական բացահայտումներ ենք ունենում ե՛ւ ես, ե՛ւ նրանք։ Վստահ եմ, որ այդ ամենը ծնվում է փոխադարձ հարգանքի եւ վստահության շնորհիվ։ Եվ քանի որ աշխատում եմ սիրով, արդյունքը կլինի գոհացնող։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031