Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը երբեք չի խոստացել օգնել Հայաստանին՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 28,2021 14:00

Սկիզբը՝ այստեղ

ՌԴ-ն հստակորեն հասկացրել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասը

Տարածաշրջանային ուժերն ու Հարավային Կովկասը

Ա. Ինքն իրեն համարելով պաշարման մեջ գտնվող միջնաբերդ՝ Ռուսաստանն իրեն պաշտպանում է Արեւմուտքի շարունակական առաջխաղացումից։ Արեւմուտքի կողմից շրջափակման ուրվականը կամ նույնիսկ ավելի վատը, Ռուսաստանի ռազմավարական մտածողության այն որոշիչ տարրն է եղել, որը մղել է ռուսներին նախընտրելու բռնապետական վարչակարգերը եւ առավել հաճախ հակադրվելու եվրոպական նախատիպին։ Սակայն եվրոպական նախատիպը որդեգրելու գայթակղությունը 30 տարի շարունակ դրսեւորվել է նախկին խորհրդային հանրապետություններում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Հարավային Կովկասի հանրապետություններում։

Բ. Ռուսաստանի քաղաքականությունը գնահատելիս պետք է նշել, որ Ռուսաստանը երբեք չի խոստացել օգնել Հայաստանին՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում։ Ընդհակառակը. Ռուսաստանը բավականաչափ հստակորեն հասկացրել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասը։ Մոսկվան նաեւ չմիջամտեց 2016 թ. եւ 2020 թ. հուլիսին սրված ռազմական գործողությունների ժամանակ։ Ռուսաստանը մի քանի անգամ է առաջարկել իր փոխզիջումային լուծումները, նույնիսկ վերջին երկու տարիների ընթացքում. լուծումներ, որոնք Հայաստանն ու Ղարաբաղը մերժել են։ Հիասթափված լինելը արդարացի հակազդեցություն չէ, երբ այն, ինչի հույս ունեիր, քեզ երբեք չէին խոստացել։ Ռուսաստանի վարքագիծը կարելի է հարցականի տակ դնել այլ հարցերի առնչությամբ։

Գ. Չնայած Ռուսաստանի քաղաքականության ու մտադրությունների վերաբերյալ կան անհերքելի փաստեր, որոնք հայտնի են, եւ որոշ իրողություններ, որոնք կանխատեսելի են, գոյություն ունեն շատ ավելի հանգամանքներ, որոնք հայտնի չեն։ Քաղաքականություններն ու ռազմավարությունները պետք է կառուցել բազմաթիվ հնարավոր սցենարների լավագույն պատկերացման վրա։

Դ. Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից երկարաժամկետ ծրագրի կազմումը պետք է ներառի այն հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է լքել Ղարաբաղը, ինչպես դա տեղի ունեցավ 1991 թ.-ին. Ռուսաստանը նաեւ պատրաստվում էր լքել Հայաստանը 1992 թ.-ին, եթե ռուսական բազայի ներկայությունը շարունակելու Հայաստանի խնդրանքը չլիներ։

Ե. Վերջին պատերազմի մեջ ներգրավվելու՝ ժամանակի եւ ձեւի ընտրության հարցում Ռուսաստանի նպատակներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման ապահովումն էր։ Ռուսաստանը նաեւ հետապնդում էր իր սեփական շահերը՝ պատերազմի կառավարման մեջ եւ հրադադարի պայմանների հարցում։ Այդպիսի մի նկատառում էր, թերեւս, Վրաստանով Հայաստան ու Իրան անցնող ճանապարհներին մի այլընտրանք ստեղծելը՝ որպես Վրաստանին պատժելու մի եղանակ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ վերջինիս շարունակվող բացահայտ ու ամուր գործընկերության համար։

Զ. Ռուսաստանը մեծացրել է վերահսկողությունը հայկական Ղարաբաղից մնացած հատվածի վրա եւ այսպիսով կարող է Հայաստանին ավելի հաստատուն կերպով տանել դեպի իր ուղեծիր. այնքանով, որքանով հայկական քաղաքականությունը կախված է Ղարաբաղից։
Է. Հայաստանի կապվածությունը ռուսական աշխարհին, սակայն, առհասարակ չի վիճարկվել միջազգայնորեն, չնայած Արեւմուտքը շարունակել է Հայաստանին լրացուցիչ այլընտրանք առաջարկելու իր փորձերը։ Հայկական կողմը հույս ունի, որ ռուսական ուղեծրում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, կօգտվի Ռուսաստանի Դաշնության շռայլությունից եւ Եվրասիական տնտեսական միության ու Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ նրա ունեցած ազդեցությունից։

Ը. Մյուս կողմից, Ռուսաստանին առավել մտահոգում է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի ուղեծիրը լքելու սպառնալիքը, որն ուղեկցվում է Թուրքիայի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններով, Արեւմտյան ներդրումներից եւ արտասահմանում իր սեփական ներդրումներից կախվածությամբ։

Թ. Տեսանելի ապագայում Ադրբեջանը կմնա որպես իր սահմաններից դուրս գործող մի ուժ՝ առնվազն էներգետիկայի եւ օտարերկրյա ներդրումների ոլորտներում։ Կարելի է նաեւ ակնկալել, որ դեռեւս որոշ ժամանակ կշարունակի ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ։

Հարկ է նշել, որ քանի որ Ադրբեջանի վերելքը կախված է ածխաջրածնային պաշարների արտահանումից, որոշ կանխատեսումների համաձայն՝ հում նավթի նրա պաշարները 10-15 տարուց կսպառվեն։ Այդուամենայնիվ, եզրակացություններ անելիս պետք է զգուշանալ այն հավանականությունից, թե Ադրբեջանը պակաս գերիշխող կլինի, հատկապես Հայաստանի համեմատությամբ։ Ադրբեջանը շարունակելու է զգալի եկամուտներ ստանալ բնական գազի իր պաշարներից, հնարավոր է նաեւ նոր նավթային ու գազային հանքավայրերի հայտնաբերումից, եւ, իհարկե, արտասահմանում ունեցած իր ներդրումներից ու իր տնտեսությունը բազմազանեցնելու (diversify) փորձերից։ Բացի դրանից, Ադրբեջանը օգտվում է եւ, հավանական է, որ կշարունակի օգտվել Թուրքիայի եւ մյուս սերտ դաշնակիցների բազմաբնույթ աջակցությունից։ Վերջապես, գիտակից լինելով իր խոցելի կողմերին, հավանական է, որ Ադրբեջանը կփորձի լուծել Ղարաբաղի հետ առնչվող բոլոր մնացյալ հարցերը՝ մինչ այդ պահը, եթե այն երբեւէ պիտի գա։ Հնարավոր է, որ իր այս վերջին պատերազմի ժամանակացույցի պատճառներից մեկը հենց դա էր։

Որոշումը, թե ինչ է անելու եւ ինչպիսին է դառնալու Հայաստանը 10-15 տարի հետո, պետք է հաշվի առնի այս գործոնը, որը լուրջ եւ առարկայական վերլուծության պետք է ենթարկվի։

Ժ. Իր նոր առաջնորդի իշխանության գալով՝ Թուրքիան դուրս եկավ իր Անատոլիական տարածքից եւ ռազմական գրոհներ սկսեց իր սահմաններից անդին՝ կոպտորեն խախտելով քեմալիստական սկզբունքները, որոնցով 1923 թ.-ից ի վեր առաջնորդվում էին Թուրքիայի իշխանությունները: Կարելի է ակնկալել, որ Էրդողանը դեռեւս որոշ ժամանակ իշխանության ղեկին կմնա, նույնիսկ հակառակ Թուրքիայի ժողովրդի մեծամասնության տրամադրությունների։

Ի. Չնայած իր ճգնաժամերին ու դժվարություններին, Թուրքիան, հնարավոր է, դուրս գա ներկայիս իրավիճակից՝ որպես աշխարհաքաղաքական ու տնտեսական ավելի ուժեղ խաղացող։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չպետք է ապավինեն Թուրքիայի հնարավոր թուլությանն ու տնտեսական ճգնաժամերին եւ նրա նկատմամբ պակաս խստապահանջ ու իրատեսական քաղաքականություն որդեգրեն։ Հայաստանը չպետք է ռեֆլեքսիվորեն մտածի, որ ճգնաժամում գտնվող Թուրքիան ավելի օգտակար է իր համար։ Ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության պատմության ամենաթույլ ու վատթարագույն պահին, երբ նրան որակում էին որպես «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Թուրքիան, ինչպես Օսմանյան կայսրությունն էր, կարող է թույլ լինել որոշ պետությունների համեմատ, սակայն ոչ թույլ՝ մի շարք այլ պետությունների համեմատ, ներառյալ Հայաստանի։ Նույնը ճիշտ է նաեւ Ռուսաստանի առնչությամբ։

Լ. Եթե Ադրբեջանը պատերազմ չհայտարարի Ռուսաստանին, դժվար թե Ռուսաստանը պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, եթե նույնիսկ նրանց որոշ շահեր չեն համընկնում։

Խ. Ռուսաստանը նաեւ դժվար թե պատերազմի մեջ մտնի Թուրքիայի հետ, նույնիսկ եթե Ռուսաստանը կարող է ուրախ չլինել Թուրքիայի նեոկայսերական նախագծերով։ Այդ երկու երկրներն ավելի շուտ իրենց միջեւ կբաժանեն վիճելի օբյեկտներն ու գոտիները կամ միասին կտնօրինեն դրանք՝ մի շարք պատճառներով. ներառյալ Արեւմուտքին տարածաշրջանից դուրս թողնելու իրենց ավելի լայն շահը։

Ծ. Հարավային Կովկասի ապագան ավելի շատ որոշելու են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ու, հնարավոր է, նաեւ Իրանի ղեկավարները, քան որեւէ այլ պետություն կամ դաշինք։ Չնայած այս երկրների փոխհարաբերություններն ու Հայաստանի վրա նրանց ազդեցությունը հեշտ չէ կանխատեսել, կարելի է վստահ լինել, որ այն երկրների ղեկավարները, որոնց տրամադրություններն առավել էական են լինելու, դեռեւս որոշ ժամանակ մնալու են իշխանության ղեկին։ Նույնիսկ, եթե այս կամ այն առաջնորդի կամ առաջնորդների փոփոխություն լինի, ներկայումս գոյություն ունեցող ընդհանուր քաղաքականությունների ուրվագիծը դժվար թե տեսանելի ապագայում արմատական փոփոխության ենթարկվի այս երկրներից որեւէ մեկում։ Ընդհանուր գծերով, վերջին 30 տարիներին բոլոր երեք խոշոր հարեւանները Հարավային Կովկասի նկատմամբ ունեցել են հետեւողական քաղաքականություն՝ չնայած ղեկավարների բազմաթիվ փոփոխություններին։

Կ. Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը բազմաշերտ է, եւ հայկական բաղադրիչը այդ բարդ փոխհարաբերության միայն մեկ կողմն է. այն նաեւ ընթացքի մեջ գտնվող հարց է։ Գոյություն ունեն, անշուշտ, անհամաձայնության ու մրցակցության ոլորտներ։ Հստակ է, այնուամենայնիվ, որ երկու երկրներն էլ ցանկանում են Հարավային Կովկասը պահել իրենց ազդեցության սահմաններից ներս, եւ երկուսի շահն է Արեւմուտքին դուրս թողնել այն շրջանակից, որն իրենք համարում են իրենց ազդեցության գոտին։ Այս նպատակով նրանք նաեւ կամենում են Իրանին ավելի շատ ձայնի իրավունք տրամադրել: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի եւ նույնիսկ Հայաստանի շահերն այս երկրների ավելի լայն շահերի տեսանկյունից դառնում են երկրորդական։

Հ. Նույնիսկ եթե այս համագործակցությունը չտարածվի բոլոր հարցերի վրա կամ երկար կյանք չունենա, այն բավարար է Հարավային Կովկասի վրա այնպիսի ազդեցություն ունենալու համար, որը դեռեւս երկար ժամանակ կսահմանափակի Հայաստանի այլընտրանքները։

Ձ. Հարավային Կովկասում իրական եւ երկարաժամկետ խաղաղության, կայունության ու համագործակցության հաստատումը Ադրբեջանից ու Թուրքիայից կպահանջի գիտակցել, որ չնայած իրենց համար առավել կարեւոր հարցերը կարող են ամբողջությամբ կամ մեծ մասամբ լուծված լինել, հայկական կողմն ունի նույնքան օրինակարգ հարցեր, որոնք դեռեւս պետք է լուծել։ Երկարաժամկետ նպատակներն, այսպիսով, պետք է հաշվի առնեն այս խնդիրները։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
27.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031