Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Հոկտեմբեր 27,2021 23:23

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանի դատաքննությունը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Հայկ Խաչատրյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։ Ավելին, մի քանի օր անց՝ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, քանի որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է եղել, դրանով խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին։ Ամբաստանյալն աշխատակցուհուն անվանել է դավաճան։ Անցած դատական նիստում դատախազը միջնորդեց դատարանին Հայկ Խաչատրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, եւ քանի որ պաշտպանական կողմը պատրաստ չէր ճառի՝ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստը հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 27-ին։

Հայկ Խաչատրյանի շահերը դատարանում պաշտպանում էին փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանն ու Դավիթ Կարապետյանը։ Նրանք իրենց ճառերում, մոտ մեկուկես ժամ փորձում էին դատարանին ապացուցել իրենց վստահորդի անմեղությունը։ «Տուժող Արմիդա Աղաբեկյանը դատաքննության ժամանակ ասել է, որ Հայկ Խաչատրյանը իր նկատմամբ հակակրանք ունի, քանի որ Հայկը քոչարյանական է, իսկ ինքը վարչապետի կողմնակիցն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գորիսում կայացած հանրահավաքի օրը, արձակուրդում գտնվող Հայկ Խաչատրյանը Արմիդա Աղաբեկյանին հանդիպել է հրապարակում։ Այդ ժամանակ հրապարակում բոլորը գոռում էին Նիկոլ վարչապետ։ Իսկ Հայկ Խաչատրյանը մոտենալով իրեն, հարցրել է, էդ ի՞նչ են գոռում՝ Նիկոլ դավաճա՞ն։ Պատասխանել է, որ ոչ՝ վարչապետ են գոռում, իսկ դավաճանը ինքն ու իր տերերն են, իսկ Խաչատրյանը ասել է, որ ինքն ու Նիկոլն են դավաճան։ Հայկ Խաչատրյանը տերերի անուն չի տվել։ Խաչատրյանը լավ գիտի, թե ովքեր են իր տերերը եւ նույնը պնդել է նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ»,-ճառում ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Վիճաբանության ընթացքում տնօրենը իր աշխատակցուհուն ասել է վաղվանից աշխատանքի չգա, ազատված է աշխատանքից։ Սրանից հետո չնայած տիկին Արմիդայի ինքնազգացողությունը վատացել է, այնուամենայնիվ նա մասնակցել է հանրահավաքին։ Տուժողը նախատեսել էր ելույթ ունենալ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում, սակայն ի վիճակի չի եղել։ Հաջորդ օրը գնացել է ոստիկանություն եւ դիմում ներկայացրել Հայկ Խաչատրյանի դեմ։ Ըստ տուժողի՝ տնօրենը, չնայած արձակուրդում էր, բայց եկավ հիմնարկ, ժողով արեց եւ հորդորեց ընտրել «Հայաստան» դաշինքին։ Պաշտպանական կողմը հերքում է սա՝ նշելով, որ միայն Արմիդա Աղաբեկյանն է նման ցուցմունք տվել։ Մնացած բոլոր աշխատակիցները, որոնք նաեւ այս գործով վկաներ են իրենց ցուցմունքում նշել են, որ Խաչատրյանը չի պարտադրել ում քվեարկեն։ «Խաչատրյանը կարգապահական հարցերով ժողով էր հրավիրել, վերջում թռուցիկ անդրադարձել է ընտրությանը։ Ասել է, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրա մեջ է տեսնում, երկիրը այս վիճակից հանելու կարողությունը, սահմանների պաշտպանելու կարողությունը, քանի որ մանկությունից հիշում է նրա կառավարման տարիները։ Հայկ Խաչատրյանը, սակայն հայտարարել է, որ ոչ մեկին ոչ ոք չի կարող պարտադրել քվեարկելու այս կամ այն ուժին, դա նրանց իրավունքն է»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչու մեղադրանքի կողմը չի արձանագրել այն հանգամանքը, որ համայնքային ենթակայության աշխատողը ինչ գործ ուներ ժամը 12.00-ին մասնակցելու քարոզարշավին, երբ այդ ժամը աշխատանքային էր։

Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մեկ վկայի ցուցմունքը չի կարող դիտարկվել բավարար փաստական հանգամանք՝ իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու համար։ Այնուամենայնիվ, եթե դատարանը գտնի, որ դա բավարար հանգամանք է, ապա Հայկ Խաչատրյանի մեղադրանքը պետք է փոխվի, քանի որ ամբաստանյալը չի խոչընդոտել քարոզչություն իրականացնել։ Իսկ նկարագրված մեղադրանքը համընկնում է հավաքների մասնակցելուն խոչընդոտելուն, ինչը, ի տարբերություն ծանր հանցագործություն համարվող քարոզչություն իրականացնելուն, դասվում է միջին ծանրության հանցագործության շարքում։ Հայկ Խաչատրյանի մյուս պաշտպանը՝ Դավիթ Բաբայանը միջնորդեց արդարացնել իր վստահորդին՝ հանցակազմի բացակայության պատճառով, իսկ մեղադրական եզրակացության դեպքում՝ պատիժը պայմանականորեն չկիրառել, քանի որ Խաչատրյանը երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, ունի 2 երեխա՝ 10 ամսական եւ երկու տարեկան, մշտական բնակության վայր ունի։ «Իսկ լավագույն բնութագրերը գործով ձեռք բերված ցուցմունքներն են, որ բոլորը Հայկ Խաչատրյանին դրական են ներկայացրել»,-պաշտպանական ճառում ասաց Դավիթ Բաբայանը։

Հայկ Խաչատրյանը իր վերջին խոսքում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը։ «Հարգելի դատարան, խնդրում եմ ամեն դեպքում վճիռ կայացնելուց հաշվի առնել, որ երկու երեխաներ ունեմ, ծնողներ, երեւի թե այսքանը»,-ասաց ամբաստանյալը։

Երեք ժամ մնալով խորհրդակցական սենյակում, Սյունիքի մարզի դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը հրապարակեց դատավճիռը։ Ըստ այդմ, Հայկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց «Քրեական օրենսգրքի» 149.1-֊րդ հոդվածի 2-֊րդ մասի 1-֊ին եւ 2-֊րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ որպես պատիժ նշանակվեց ազատազրկում 4 տարի ժամկետով՝ համայնքային, ոչ առեւտրային կազմակերպություններում կազմակերպչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։ Դատարանը կիրառելով «ՀՀ Քրեական օրենսգրքի» 70֊-րդ հոդվածը, Հայկ Խաչատրյանի ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Չնայած Հայկ Խաչատրյանի հարազատները շնորհակալություն հայտնեցին դատարանին, պաշտպան Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ բողոքարկելու են դատավճիռը։ Ինքը՝ Հայկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ դեռ չի կարողանում ըմբռնել տեղի ունեցածը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031