ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակի փոխայցելությունները և շփումները: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Էդգար Պենյա Պառան նաև վատիկանյան կողմի պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը բազմաբնույթ հարցերի, այդ թվում՝ կրոնական ազատության, մարդկային կյանքի արժանապատվության պաշտպանության շուրջ։
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը երախտագիտությամբ նշել է, որ Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերի կարևորությունը: Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Արարատ Միրզոյանը կարևորել է համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ համամարդկային մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունների դեպքերը կանխելու ուղղությամբ։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցել են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը։
Արարողությանը հաջորդել է Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի մամուլի համար համատեղ հայտարարությունը:
Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը:
Այցի օրն առավոտյան՝ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
ՀՀ ԱԳՆ