Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ն հրաժարվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնից․ որոշ մանրամասներ՝ կուլիսային բանակցություններից

Հոկտեմբեր 27,2021 19:55

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ  Տիգրան Ղազարյանն, այսօր 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։

Նրանցից մեկը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։

Մանդատից հրաժարվել  է նաև ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը, որը ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավարն է։

Ինքնաբացարկի դիմում ներկայացրել է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակից բռնցքամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Մեխակ Ղազարյանը։ Նա  Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետն է։

ՔՊ-ի ցուցակից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել  նաև 21-րդ համարը՝ Մառա Հարությունյանը, որը «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի հոգեբանն է։

Թե ինչո՞ւ է մանդատից հրաժարվել  Հովհաննես Հարությունյանը, նրանից  այսօր պարզաբանում ստանալ  չհաջողվեց։

Մարզպետի՝ ինքնաբացարկ ներկայացնելու դիմումը  սպասելի էր,  քանի որ  Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը կուլիսային բանակցությունների արդյունքում հրաժարվել էր կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ ու քաղաքապետի թեկնածու առաջադրել  իշխող ուժի թեկնածու Հովհաննես Հարությունյանին։

Ինչպես անդրադարձել ենք, «Բալասանյան դաշինք»-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր կոալիցիա կազմել ավագանու կազմում տեղ զբաղեցնող մյուս քաղաքական ուժերի հետ, դառնալ մեծամասնություն ու Հովհաննես Հարությունյանին այս միջոցով ընտել  քաղաքապետ։

Սամվել Բալասանյանի հիմնադրած քաղաքական ուժը պարզաբանել էր, որ կոալիցիա կազմելու ու քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին զիջելու դեպքում խայտառակ կլինեն, կարժանան գյումրեցիների պարսավանքին, անվստահությանը։

Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ , ծանոթանալով Գյումրիում տիրող տրամադրություններին, երկրորդ տեղը զբաղեցրած իր քաղաքական ուժին չէր խրախուսել՝   Գյումրու իշխանությունն ամեն գնով  ստանձնելու առումով։ Ընդհակառակը, լուրեր են շրջանառվում, որ կառավարության ղեկավարը  զայրացած է եղել  շիրակցի ՔՊ-ականների կազմած ավագանու ցուցակից։

Նշենք, սակայն, որ սա բնավ չի նշանակում, որ Գյումրու ավագանու կազմում «Բալասանյան դաշինք»-ի ու ՔՊ-ի միջև  համագործակցություն չի լինելու։

Մեզ հասած տեղեկություններով, «Բալասանյան դաշինքը» ոչ մի քաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմելու, սակայն համագործակցելու է, անհրաժեշտության դեպքում որոշակի պաշտոններ զիջելու է։

Ի դեպ, ավագանու կազմում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մասին « Բալասանյան դաշինքը» հայտարարություն էր տարածել  ընտրությունների հենց հաջորդ օրը։

Հիշեցնենք՝ լուրեր էին շրջանառվում, որ  նախքան Գյումրու ՏԻՄ ընտրությունները Սամվել Բալասանյանը ՔՊ-ականներին խոստացել էր սատարել ընտրություններում,  սակայն  կոնկրետ պայմանավորվածություն չի եղել  ավագանու առաջին դեմքերի առումով, ՔՊ-ականները չեն մտածել, որ առաջին տեղ չեն զբաղեցնելու, հետևաբար և  ընտրություններից  տրամաբանական է՝ քաղաքապետ ընտրել այն քաղաքական ուժի թեկնածուին, որը առաջին տեղն է զբաղեցրել։

Տվյալ դեպքում Գյումրու քաղաքապետի պաշտոնը կստանձնի «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու, 40-ամյա  Վարդգես Սամսոնյանը, որը գյումրեցիներին հայտնի է իր համեստությամբ՝ քիչ խոսելով ու շատ աշխատելով։

Արդյո՞ք Հովհաննես Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես  Շիրակի մարզպետ, այս հարցի պատասխանը ևս հայտնի չէ։

Մի քանի օր է՝ գյումրեցի պաշտոնյաների շրջանակում լուրեր են շրջանառվում, որ մարզպետի  պաշտոնը հնարավոր է  զբաղեցնի ԱԺ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Ինչևէ, այս ամենը պարզ  կդառնա մի քանի օրից։

Մենք ՀՀԿ-ական Արտյոմ Ղուկասյանից ևս հետաքրքրվեցինք, թե  ինչու է հրաժարվել իր մանդատից։

Նա մեկնաբանեց այսպես․ «Որպես  ՀՀԿ-ի  քաղաքային և մարզային կառույցի ղեկավար՝  շատ ծանրաբեռնված եմ, հետևաբար և գերադասեցի զբաղվել  կուսակցական աշխատանքներով»։

Արտյոմ Ղուկասյանի փոխարեն մանդատ կստանա ՀՀԿ-ի ավագանու ցուցակի երրորդ համարը՝ Հասմիկ Մարգարյանը։

Վաղը ժամը 14․00-ին հանձնաժողովում  քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում կհանձնեն մանդատները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031