«Զարմանում եմ, որ այս դահլիճում «Հայաստան» դաշինքն է խոսում Արցախի սուբյեկտայնության նվազման մասին։ Կներեք, դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել եւ դա միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Կամ որ ասում եք՝ Արցախի տարածքի 72%-ն օկուպացված է, բա կներեք, այդ 72%-ը ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, ինչո՞ւ ձայն չէիք հանում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապա` նա կրկին նախորդ իշխանության ներկայացուցիչներին մեղադրեց նրանում, որ 2010թ․ ստորագրված վարչատարածքային բաժանման մասին օրենքում «Ադրբեջանի սահման» է գրված։
«Մեզ մեղադրում եք, թե ինչի ենք նոյեմբերի իննը ստորագրել։ Բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը այդ բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր։ Առաջիկայում փաստերը կբացահայտվեն, ու կտեսնենք՝ ավելի շուտ կարողացե՞լ եք պատերազմ կանգնեցնել, թե չէ։ Երբ ամսի 19-ին եկել էր ձեր խմբակցության ներկայիս ԱԺ փոխնախագահը, ես էլ ասում էի, թե ինչ գնով ենք գնում պատերազմը կանգնեցնելու, ինչի՞ չէիք ասում՝ բա տենց ո՜նց կլինի․․․»,-բղավելով շարունակեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց․ «Ձեր կուսակցությունը 1998-2016թ․-ը բանակցելիս է եղել հայրենիքի 72%-ը հանձնելու մասին»։ Ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները տեղից բղավում էին, սակայն լսելի չէր։ «Հերիք եղավ բոլ եղավ, դավադրություն հա դավադրություն»,-նետեց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմությունից հանդիպելու եւ խոսելու առաջարկ հնչեց։ Փաշինյանն ասաց, որ հաճույքով, որովհետեւ որոշ հարցերի պատասխանները լսելը բաց ռեժիմով հնարավոր չէ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ